Արմեն Ռուստամյան. Եթե մի տեղից ես կախված, միշտ էլ անակնկալների, պարտադրված իրավիճակների առջև ես կանգնում

168.am-ի հետ զրուցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով հնչող կարծիքներին, թե գազի սակագինը Հայաստանում բարձրանում է, որովհետև Ռուսաստանը ցանկանում է այդպիսով ճնշում գործադրել Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցում, նշեց. «Բացառել չի կարելի: Բայց, ի վերջո, մենք ռազմավարական գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, բայց դրան համապատասխան և այն որակով, որ իշխանությունները խոստանում էին՝ պետք է ունենանք նաև նվաճումներ, ձեռքբերումներ: Պարզ է դառնում, որ կոնկրետ դեպքում այդ խնդիրները նույն հարթության վրա չեն լուծվի: Բայց հաստատ ինչ-որ բան արտաքին քաղաքականության մեջ մեզ մոտ այն չէ»:

Ա. Ռուստամյանը նշեց, թե արտաքին քաղաքականության հարցում գուցե ամեն ինչ հարթ չէ, որպեսզի Հայաստանը հասկանալի դառնա իր բոլոր գործընկերների համար: «Չնայած ոլորտի պատասխանատուներն ասում են, թե Հայաստանը հասկանալի է բոլորին, բայց… Հասկանալի լինել՝ նշանակում է նաև հասկանալ, թե ի՞նչ աղետալի հետևանքներ կարող են ունանալ այս կամ այն հարցերը Հայաստանում, որոնք չեն առաջացնի վիրահատական միջամտության անհրաժեշտություն և այլն»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:

Հարցին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լարվա՞ծ են, ինչպես շատերն են ասում, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Սա մեկ օրվա հարց չէ: Մեզ ասում են՝ երեք տարի բանակցում ենք, բայց դրանց տխուր արդյունքների մասին մենք հիմա ենք իմանում: Եթե երեք տարի բանակցել են, այդ ի՞նչ էին բանակցում, որ մենք հիմա այս վիճակում ենք ու մեզ էլ փորձում են համոզել, թե կարողացել են այս հարցում արտոնություններ ձեռք բերել՝ այն դեպքում, երբ համեմատում ենք մյուս պետությունների հետ ու պարզ է դառնում, որ առանձնապես որևէ արտոնություն այս հարցում Հայաստանի նկատմամբ չի կատարվել»: Ա. Ռուստամյանը նշեց, թե իրենց համար շարունակում է մեծ հարց մնալ՝ ի՞նչ է արել Կառավարությունը երեք տարի շարունակ՝ բանակցելով գազի սակագնի շուրջ:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ինքը նաև մտավախություն ունի, որ գազի սակագնի 18 տոկոս թանկացումը կայուն չի մնա առաջիկա տարիների ընթացքում ու գուցե որոշ ժամանակ անց այն կրկին փոփոխվի: Բայց սա ՀՅԴ պատգամավորի միակ մտավախությունը չէ. «Մենք փնտրում էինք այլընտրանքային դաշտեր, ունենք հարցը լուծելու հնարավորություն Իրանի հետ: Իրանի հետ մենք ունենք գազամուղ, որը տալիս է հնարավորություն՝ մեծացնելու մատակարարումների ծավալները: Եվ այս ուղղությամբ մենք չգիտենք՝ ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ տեխնիակական հնարավորությունը սա թույլ է տալիս»: Ա. Ռուստամյանը հավելեց նաև, թե վերջին տարիներին, այլընտրանք փնտրելու գործընթացի առումով, լուրջ քայլեր իշխանությունների կողմից չի տեսնում:

Կարդացեք նաև

«Եթե մի տեղից ես կախված, միշտ էլ անակնկալների, պարտադրված, ֆորսմաժորային իրավիճակների առջև ես կանգնում, ինչը երկրի համար վտանգավոր է: Միշտ էլ կշարունակենք մնալ այս վիճակում, եթե Ռուսաստանից կախված ենք ռազմական ու էներգետիկ կոմպոնենտով»,- ընդգծեց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս