Բաժիններ՝

Սահման, պատ և զրո խնդիրներ

Լրատվամիջոցների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն՝ Անկարան Սիրիայի հետ իր սահմանի վրա երկուսուկես կիլոմետր երկարությամբ պատ է կառուցելու, թվում է հավանական է։ Ծրագրի գոյությունը պարզ կդառնա ոչ ուշ ժամանակին։

Կարևորը, ներկա պահին, նման քայլի շարժառիթների վրա կենտրոնանալն է։

Առաջադրված սահմանային անցակետի վրա փետրվարի 11-ին պայթել էր ռումբով բեռնված մեքենա։ Թուրքիայի առևտրի ու մաքսային գործերի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ իր գերատեսչությունը արձանագրություն է ստորագրել՝ զինված ուժերի հետ տվյալ ծրագրի իրագործման համար: Նա հավելել է, որ անցակետի աջ և ձախ կողմերին պիտի կառուցվեն արգելափակոցներ՝ պատի և վանդակացանցի տեսքով, ինչպես նաև պիտի տեղադրվեն դիտարկման սարքեր:

Նախարարի կարծիքով՝ այդ ամենը կբարձրացնի տվյալ շրջանի անվտանգության մակարդակը և կնվազեցնի սահմանի ապօրինի հատման դեպքերը: Յազըջըն հայտարարել է, որ ամբողջովին պիտի նորոգվեն սիրիական սահմանի մյուս անցակետերը՝ համալրվելով դիտարկման ժամանակակից սարքերով:

Մի քանի դիտարժան երևույթների վրա հարկ է կենտրոնացնել լուսարձակները։

Պատի կառուցումը միաժամանակ թե՛ ապահովական և թե՛ մաքսային նկատառումներով է։ Այստեղ չկան առևտրի և մաքսային խնդիրների վերաբերող վիճակագրական տվյալներ, հատկապես գաղափար կազմելու համար թե ոչ օրինական մուտքերի կամ ստվերային առևտրի ի՞նչ շրջանառության մասին է խոսքը։ Իսկ ապահովական բաժնի համար խոսվում է ականված մեքենայի մեկ դեպքի մասին։

Եթե մի պահ մտածենք, որ պատի կառուցման ծրագիրը հիմնականում ապահովական նկատառումով է, ապա այդ դեպքում հարց է ծագում, որ նման մեծ ծրագրի որոշում մեկ դեպքի պատճառով դժվար թե կայացած լիներ։

Պատի կառուցումը անպայման առնչվում է դարձյալ Թուրքիա-Սիրիա սահմանին միջազգային երաշխաւորությամբ մարդասիրական գոտու ստեղծման Անկարայի առաջադրանքին։ Փախստականներ ընդունելու և միջազգային հիմնադրամների հոսք ակնկալելով խորքում առաջադրվածը մարդասիրականից աւելի անվտանգության գոտու առաջացումն է, որը հետապնդում է Անկարան։

Այս առաջադրանքին զուգահեռ այժմ պատնեշի կառուցումը միևնույն նպատակին ծառայեցվող գործողություն է։ Այս անգամ էլ առևտրային և մաքսային շղարշների տակ։

Ուրեմն՝ մարդասիրական և մաքսային ու առևտրային շղարշների տակ խորքում անվտանգության գոտիների ստեղծումն է, որը կառաջադրվի Անկարայի կողմից։ Մտավախությունը եթե առերևույթ սիրիական թափանցումն է, ըստ էության, սակայն Սիրիայի քրդերի վտանգն է և առհասարակ համաքրդական գործոնի մղձավանջը։

Իրադրությունները հարափոփոխ բնույթ ունեն մնայուն։ Իրաքի քրդերի հետ բնականոն հարաբերություններըը կարող են կտրուկ շրջադարձ ապրել, երբ տարբեր մակարդակների վրա համաքրդական միաւորումների պահը հասունանա։ Այդ դեպքում էլ Թուրքիան իր և Իրաքի սահմանային անցակետերի երկայնքին պատեր կառուցելու ծրագրեր է մշակում, այս անգամ էլ այլ պատրվակներով։

Աշխարհաքաղաքական ծրագրերի առումով Իրանի հետ Թուրքիայի սահմանի անպատնեշ ներկա դրությունը կայունության իմաստով շատ հեռանկարային չի թվում։

Իսկ Հայաստանի շրջափակմանը մնայուն բնույթ տալու համար Թուրքիան գուցե մտածի նաև այդ փակ սահմանը պատելու մասին։

Պատ, պատնեշ, վանդակացանց կառույց, արգելափակոց, շրջափակում։ Այս բոլորը Թուրքիայի հետ սահման ունեցող երկրների նկատմամբ առաջադրված և գոյություն ունեցող ծրագրեր են։ Անկարան կար ժամանակ հոխորտում էր հարևան երկրների հետ զրո խնդիրներ կարգախոսով։ Այս կարգախոսը երբեմն հիշելը վնասակար չէ։

Շահան Գանտահարյան
«Ազդակի» խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս