Հովհաննավանքի տեր հայրը բռնության է ենթարկվել
Երկու օր առաջ միջադեպ է գրանցվել Օհանավանի եկեղեցու՝ Հովհաննավանքի բակում: «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը ցանկացել է նկարահանել եկեղեցին և հարակից տարածքը, սակայն Օհանավանի բնակիչներից մեկը՝ տիկին Սուսաննան, ով աշխատում է հուշարձանների պահպանման կոմիտեում, իր տղաների և ամուսնու հետ փորձել է խոչընդոտել նկարահանող խմբի աշխատանքը:
Երբ Հովհաննավանքի հոգևոր հովիվը փորձել է բացատրել, որ կինն իրավունք չունի խանգարելու լրագրողների աշխատանքը, նա իր տղաների և ամուսնու հետ հարձակվել է տեր հոր վրա և բռնություն գործադրել նրա նկատմամբ:
Կինը պնդում է, որ տարածքը գյուղապատկան է, և ինքն իրավունք ունի այնտեղ ծառեր տնկել ու ցանկապատել: Տարածքն իսկապես փաստաթղթերով պատկանում է գյուղին, բայց այնտեղ պատմական արժեքներ կան՝ 4-13-րդ դարերի խաչքարեր և գերեզմանաքարեր:
Տեր Եփրեմն ասում է, որ թեև այդ տարածքը ժամանակին պատկանել է եկեղեցուն, և այժմ էլ այն պատկանում է գյուղին, հիմա ինքն այն եկեղեցուն վերագրելու խնդիր չունի, պարզապես ցանկանում են, որ պատմական արժեքներով տարածքը չյուրացվի անհատների կողմից և չդառնա բիզնեսի առարկա:
«Դուք ինքներդ տեսաք՝ ինչ հրաշալի տեսարան է բացվում Հովհանավանքի բակից: Բացառված չէ, որ նրանք ցանկանում են այդ գեղատեսիլ տարածքն իրենցով անել՝ հետագայում մեծահարուստների վրա վաճառելու նպատակով, այլապես՝ ինչի՞ համար պետք է նման հիստերիա բարձրացնեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այդ խնդրին պետք է արագ լուծում է տալ:
«Երբ արտերկրում մի խաչքար է տեղահանվում՝ մեծ աղմուկ է բարձրանում, բոլորս գոռում-գոչում ենք, որ այդ քայլը քրիստոնեությանը դեմ է: Այժմ մեր երկրում բացահայտ փորձում են զավթել 4-13-րդ դարերի խաչքարերով տարածքը, և ոչ մի աղմուկ-աղաղակ: Կրկնում եմ՝ իմ խնդիրն այդ տարածքը պահպանելն է, այնպես, ինչպես հիմա դա կա»:
Տեր Եփրեմն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են թե՛ համայնքի ղեկավարներին, թե՛ ՀՀ կառավարությանն ու Մշակույթի նախարարությանը. «Բոլորը համաձայն են մեզ հետ, բայց խնդիրը չի լուծվում»,- նկատեց հոգևորականը և հավելեց, որ կոնկրետ այս դեպքի առթիվ Ոստիկանություն չի դիմել:
Տիկին Սուսաննան այսօր չցանկացավ զրուցել մեզ հետ, բայց խոստացավ, որ վաղը աղմկահարույց լուսանկարներ կտրամադրի մեզ և կպատմի «իրական պատմությունը»: