ՓՄՁ ԶԱԿ-ը մինչ օրս վարկավորել է 22 սիրիահայերի
Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից մինչ օրս 22 սիրիահայերի տրամադրվել են արտոնյալ վարկեր: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՓՄՁ ԶԱԿ-ից: Եթե մյուս ծրագրերի մասնակիցները վարկ կարող են ստանալ մինչև 3 մլն դրամի չափով և մինչև 10% տարեկան տոկոսադրույքով, ապա սիրիահայերի համար հատուկ գործում է մինչև 5 մլն դրամի սահմանաչափը` մոտ 4% տարեկան տոկոսադրույքով: ՓՄՁ ԶԱԿ-ը նաև 100 % երաշխավորում է նրանց վարկը:
Նախքան վարկավորումը սիրիահայերը կենտրոնում ծանոթանում են Հայաստանում բիզնես վարելու առանձնահատկություններին, մշակում են բիզնես պլան, հետո միայն այն կյանքի կոչելու համար ստանում են վարկավորում: Մինչ օրս ծրագրի մասնակիցների 80-90%-ը վարկավորվել է: Ֆինանսավորում ստացած սիրիահայերը հիմնել են կարի արտադրամաս, հալվայի և արևելյան հրուշակեղենի արտադրություններ, ավտոտեխսպասարկման ծառայություններ, կահույքի, հաստոցների, մամլիչների և այլ մեխանիզմների արտադրություն և այլն:
Կենտրոնից նշեցին, որ սիրիահայերը գերադասում են բիզնես հիմնել Երևանում, ինչը, հավանաբար, պայմանավորված է քաղաքային կյանքին սովոր լինելու հանագամանքով: