Բաժիններ՝

Պոլիտեխնիկից հեռահար կերպով գործածեցին ԱՄՆ-ում գտնվող միջուկային ռեակտորը

Այսօր՝ մայիսի 23-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) հեռահար կապի միջոցով հնարավոր դարձավ կապ հաստատել ԱՄՆ-ում գտնվող միջուկային ռեակտորի հետ: Սա առաջին նման ձեռնարկն էր Կովկասում: Փորձագետներն այդպիսով կարողացան հեռահար ձևով գործածել Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն) TRIGA հետազոտական ռեակտորը լաբորատոր վարժությունների նպատակով: Այս աննախադեպ ձեռնարկը հնարավոր դարձավ երկարատև պլանավորման և կազմակերպական աշխատանքների շնորհիվ:

Այս ռեակտորային լաբորատորիաների հետ իրական ռեժիմում հեռահար միացումը նախատեսված էր ԱՄՆ էներգետիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող 10-օրյա աշխատաժողովի ծրագրով, որը կազմակերպվել էր ՀՀ էներգետիկայի նախարարության, Երևանի պետական համալսարանի ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ: Աշխատաժողովի նպատակն է՝ ուսանողներին ներկայացնել միջուկային էներգիայի, միջուկային անվտանգության և ռեակտորների նախագծման տարաբնույթ հարցեր՝ միջուկային անվտանգության ընթացակարգերի մշակման ու Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման ապահովման հարցերում հայաստանյան հաստատություններին օժանդակելու նախաձեռնությունների շրջանակում:

politexnik (2)

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանի խոսքով՝ Հայաստանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջուկային էներգետիկայի ոլորտում սովորող ուսանողների հեռահար կապի միջոցով շփումը ն Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ, շատ հետաքրքրական է և ընդհանրապես նման բան առաջին անգամ է կատարվում:

Կարդացեք նաև

«Մենք փաստորեն կապ ենք հաստատելու իրական միջուկային ռեակտորի հետ, որն օգտագործվում է հետազոտական նպատակներով»,- ասաց դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացմանը նպաստող բոլոր կողմերին,  նա նշեց, որ այս սեմինարը ուսուցման մի մասն է կազմում այն ծրագրերի, որոնք նախատեսված են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նախորդ տարի  էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագրով, որոնց համար ԱՄՆ-ը մի քանի մլն դոլար է նախատեսել, որպեսզի բարելավվի Մեծամորի շահագործման աշխատանքները:

«Այդ ամենն անելու համար անհրաժեշտ է, որպեսզի նախ՝ կազմակերպվի տաղանդաշատ և շնորհալի ուսանողների ուսուցումը: Իսկ ահա այս նախաձեռնության շրջանակով հենց դա էլ արվում է»,- ասաց Ջ. Հեֆերնը:

ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի պրոֆեսոր, ՀՊՃՀ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով՝ այսօր յուրօրինակ հնարավորություն է ստեղծված՝ առաջին անգամ հեռաուսուցման տարբերակի այնպիսի դրսևորում իրականացնել, որը հնարավորություն կտա անմիջականորեն գործող ռեակտորի վրա կատարել որոշակի լաբորատոր աշխատանք:

«Սա բավականաչափ հեռու գնացող ծրագիր է, և եթե հնարավոր լինի այդ դասընթացների շրջանակներում իրականացվող վկայագրային ուսուցումը տեղափոխել նաև մագիստրոսական կրթական ծրագիր՝ որպես ատոմային էլեկտրակայաններ մասնագիտության բաղկացուցիչը, կարծում եմ, որ դա կլինի ի շահ մեր ուսուցման որակի բարելավման»,- ասաց Ո. Մարուխյանը:

ՀՊՃՀ-ում գործող Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնի տնօրեն Մերի Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնում իրականացվող դասընթացներին ոչ միայն ուսանողներ են մասնակցում, այլ նաև տարբեր կառույցների, օրինակ՝ Ատոմակայանի, Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս