Բաժիններ՝

Կառավարության ծրագիրը շատ հետաքրքիր է՝ որպես գրական ստեղծագործություն

Ասում է 1994-1998թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը

– Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացվեց Ազգային ժողովում, և որոշ ընդդիմադիր գործիչներ այն անվանեցին ավելի «քաղցր կենացների», քան նախորդ ծրագիրը: Ձեր կարծիքով` կառավարության ծրագիրն ինչպիսի ծրագիր է:

– Ծրագիրը ծրագիր կարող է լինել մի պարագայում` երբ աշխատում են այն բոլոր հարաբերությունները, որոնք պետք է լինեն, տվյալ դեպքում պետք է գործի ՀՀ Սահմանադրությունը: Այսինքն, բացի այն, որ ծրագիրը ներկայացվում և ընդունվում է, գալիս է մի ժամանակահատված, երբ պետք է հաշվետու լինեն ծրագրի համար: Ցանկացած ծրագիր կարելի է քննարկել` որպես միջոցառումների ամբողջականություն, կատարելագործել և ավելի լավն ունենալ, բայց տվյալ դեպքում համաձայն եմ ընդդիմադիր պատգամավորների հետ, քանի որ այստեղ ծրագիր չկա, և չկա ոչ մի հետևանք` դրա իրականացնելու կամ չիրականացնելու դեպքում: Այսինքն, այն բարի ցանկություններ է, շատ հետաքրքիր է` որպես գրական ստեղծագործություն, ընտրված են նպատակներ, որոնք 2008-ի ծրագրից ավելի զուսպ են, որոշ դեպքերում ավելի մեծ խնդիրներ են դրված, քան այսօր ընդհանրապես ի վիճակի է որևէ կառավարություն լուծել, առավել ևս, եթե ապահովված չի համարժեք միջոցներով:

– Կառավարության նախորդ ծրագրի չկատարումն իշխանությունները հիմնավորեցին 2008-ի ճգնաժամով: Հիմա միջազգային ասպարեզում իրավիճակը կրկին անհանգիստ է, մասնավորապես` Եվրոպայում: Ձեր կարծիքով` հնարավո՞ր է` նոր ճգնաժամ լինի, և կարո՞ղ են այս ծրագրի չկատարման համար պատճառ բերել այդ նոր ճգնաժամը:

Կարդացեք նաև

– Աչքը տեսածից է վախենում: Այո, իսկապես չկա այդ պատասխանատվությունը, ես անգամ քաղաքական հարցադրում չեմ անում: Ավելին, ես ամեն առիթով ասում եմ` հերիք է այս կառավարությունը բզկտեք: Վարչապետը, նախարարները մարդիկ են, ովքեր նորմալ ձգտումներ ունեն: Քաղաքական թիմի մասին է խոսքը, որն ամբողջական պատասխանատվություն պետք է կրի այս վիճակի համար: Ճգնաժամեր եղել են և միշտ էլ լինելու են, բայց մենք այնքան փոքր տնտեսություն ունենք, և այնպիսի տնտեսական մոդել կարող ենք ունենալ, որ ճգնաժամն այդպես սարսափելի ձևով չհարվածի մեզ: Եթե համեմատում ենք Վրաստանի հետ, նույն ճգնաժամն այնտեղ էլ կար, ավելին` ռազմական գործողություններ եղան` իրենց հետևանքներով:

Բայց ի՞նչ ստացվեց Վրաստանում. տնտեսության անկումն ինչո՞ւ այդքան խորը չէր, ինչո՞ւ հետո Վրաստանում ապահովվեցին զարգացման ավելի բարձր տեմպեր: Հիմա եթե ճգնաժամ լինի, մեզ մոտ կորուստները լինելու են ավելի մեծ և ավելի դիվերսիֆիկացված:

– Տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, կորուստնե՞րն էլ դիվերսիֆիկացված կլինեն:

– Մենք ոչ մի կանոնի չենթարկվող տնտեսություն ունենք: Որևէ օրինաչափություն չկա այդ տնտեսության մեջ, իսկ եղածը մերժում է տնտեսագիտական տեսության առանցքային կետերը: Օրինակ` ամանորյա առևտուրը, երբ փոխանակ բարձր պահանջարկի դեպքում գները նվազեն, բարձրանում են: Ընդհանրապես, երբ միջազգային շուկայում գները բարձրանում են, մեզ մոտ նույնպես բարձրանում են, բայց երբ նվազում են, մեզ մոտ շարունակում են բարձրանալ: Հենց այսօր բենզինի գները թանկացել են: Անցած տարվա ապրիլին 1 բարելը 110 դոլար էր, այսօր 100-105 դոլարի շրջանում է տատանվում, բայց մեզ մոտ բենզինն ավելի թանկ է, քան անցած տարի: Բազմաթիվ են այդ օրինակները, երբ մեր տնտեսական համակարգը կառավարվում է ոչ թե տնտեսական օրենքներով, այլ ինչ-որ մեկը նստած կառավարում է, մանիպուլյացիաներ է անում:

– Ծրագրում թիրախավորել են աշխատավարձերի` տնտեսական աճից առաջանցիկ աճ, նախատեսվում է նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, սակայն սպառողական գների աճն ավելի մեծ է, քան միջին աշխատավարձի աճը, իսկ գազի թանկացման սպասումների արդյունքում սնունդն ու ծառայություններն արդեն սկսել են թանկանալ: Այս պայմաններում հնարավոր կլինի՞ կենսամակարդակի անկում թույլ չտալ:

– Աշխատավարձը կրկնապատկելու հարցում կառավարությունը պատասխանատվություն ունի, քանի որ նվազագույն աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը: Այսպես չի կարող լինել: Այսինքն` պետությունը, որի Սահմանադրության մեջ դրված է սոցիալական երաշխիքների պահանջը, պետք է և՛ պետական աշխատողներին վարձատրի, և՛ տնտեսության մեջ այդ պահանջը դրսևորի:

Դրա համար պետք է ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն իրականացնել, պետք է կարողանալ մի կողմից` միջոցներ հավաքագրել, մի կողմից` պայմաններ ապահովել տնտեսվարողների գործելու համար: Այսպես չի կարող շարունակվել և պարզ վերարտադրություն ապահովվել, էլ չասած, որ բազմաթիվ այլ հետևանքներ կան` կոռուպցիա և այլն: Ի՞նչ միջոցների հաշվին` դրանք բազմաթիվ են: Ինձ դուր չեկավ, որ ընդամենը 4-5 ամիս առաջ ԱԺ-ում սուր բանավեճ էր գնում նվազագույն աշխատավարձի խնդրի շուրջ, երբ 32.5 հազար դրամը դարձրեցին 35 հազար դրամ, իշխանությունները պնդեցին, որ ոչ մի դեպքում ավելին հնարավոր չէ: Հիմա ի՞նչ է փոխվել այս 6 ամսվա մեջ, որ միանգամից 10 հազար դրամով խոստացան բարձրացնել:

Այսինքն, կառավարությունն ուզում է ասել, որ Ազգային ժողովը բանի պետք չի՞, մենք օրենք չունե՞նք: Բերեք, դրեք բյուջեի վերանայման խնդիր, այլապես ստացվում է` վատ խորհրդարանի պարագայում մենք ունենք շատ լավ նախագահ, ով ընտրվելուց հետո խոստացավ կենսաթոշակները բարձրացնել, վարչապետը խոստացավ գազի գների բարձրացման դեպքում 30% սուբսիդավորել: Բայց որտեղի՞ց: Մեր երկրում կա բյուջե` ԱԺ-ի կողմից հաստատված ֆինանսական օրենք: Ի՞նչ են անում:

– Ամեն դեպքում գներն ավելի արագ են բարձրանում, քան աշխատավարձերը:

– Եթե կրկնապատկվի ոչ միայն նվազագույնը, այլև միջինը, չեմ պատկերացնում այդ իրավիճակը, որ այդքան մեծ գնաճ ունենանք:

– Իսկ հնարավո՞ր է կրկնապատկել միջինը:

– Այո: ՀՀ բնակչության մեծամասնությունն իր հարցերը կարողանում է լուծել, ինչ-որ ռեսուրս գտնում է: Իսկ եթե ռեսուրս կա, մնում է այն բերել օրինական դաշտ: Պետական ծառայողը եթե ունի հնարավորություն, երբեք թույլ չի տա, որ իր երեխաները սոված մնան: Իսկ այն խղճուկ աշխատավարձերը, որ վճարում են պետական կառավարման համակարգում, շատ քիչ են մարդու նվազագույն պահանջները բավարարելու համար: Մինչդեռ հնարավորություններ կան, պարզապես եղած ֆինանսական միջոցները պետք է բերել օրինական դաշտ:

– Բայց բարձր աշխատավարձը կոռուպցիայի բացառման երաշխիք չէ: Դրա վառ օրինակը դատական համակարգն է:

– Միանշանակ ընդունում եմ: Բայց դա կարևորագույն նախապայմաններից է, որ կոռուպցիա չլինի:

– Կառավարությունն իր ծրագրում աղքատության 10% նվազում է թիրախավորել: Հնարավո՞ր է դա:

– Մեծ խնդիր չի դրված: Առաջին ծրագիրը` 2008-ինը, ավելի ամբիցիոզ էր, հիմա ավելի զուսպ խնդիր են դրել: Ամենամեծ ճգնաժամը մեր ուղեղների, ձգտումների բացակայության ճգնաժամն է, ամենաազդեցիկը քաղաքական համակարգի շատ վատը լինելու ճգնաժամն է:

– Ծրագրում նաև նշվում է, որ արտաքին հատվածից ռեսուրսների ներգրավումը սահմանափակ է, և հիմնականում պետք է շեշտը դրվի ներքին աղբյուրների վրա: Գիտենք նաև, որ խոշոր կապիտալը երկրից արտահանվում է: Ի՞նչ ներքին աղբյուրներ կան:

– Առաջին աղբյուրը հենց այստեղից փախնող կապիտալն է: Անցած տարի ես հրապարակել էի վերլուծություն, շուրջ 500 մլն դոլարի կապիտալի տեսանելի փախուստ էր: Պետք է պայմաններ ստեղծեն, որ կապիտալը չփախնի: Վերջին միտումն էլ այն է, որ հայկական կապիտալը գնում է Վրաստան: Պետք է այստեղ գոնե այնպիսի պայմաններ ստեղծեն, ինչպիսիք կան Վրաստանում: Դեռ չխոսենք զարգացած երկրների մասին: Ապահովության խնդիր կա. քանի դեռ այս օլիգարխիկ համակարգը մնում է, քանի դեռ սուտ են ասում, որ խորհրդարանում նստածները գործարար չեն, ոչ մի գործարար իրեն ապահով չի զգալու: Մի օր ասելու են` կա՛մ փողդ տուր, կամ մանդա՛տդ: Համակարգային խնդիր է:

– Ծրագրում տարեկան 0.3-0.4% պետական եկամուտների հավաքագրումների ավելացում է նախատեսվում: Սակայն սա բավականին փոքր թիվ է, ու ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ մի անգամ ասաց, որ դա հիմնականում գնաճի ու տնտեսական աճի հաշվին է: Այսինքն, ստվերի կրճատում հիմա՞ էլ չի սպասվում:

– Ըստ էության` ոչ: Այդ թիրախը շատ զուսպ է: Մենք ունենք օրենսդրություն, որը մեզ հնարավորություն է տալիս հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև
30%-ի հասցնել ներկայիս տոկոսադրույքների պարագայում: Դրա մասին է պետք մտածել: Ընդ որում` օրենսդրությունն էլ պետք է անփոփոխ չմնա, այն պետք է զարգանա: Հայերը գնում են Վրաստան` հիմնականում հանգստանալու ու մեքենա ձեռք բերելու համար: Այդ անաքրոնիզմը պետք է լուծել, նույն պայմանները, նույն միջավայրը ստեղծել, և լրացուցիչ արդյունք կունենանք: Օրենսդրությունը պետք է փոխվի:

Այն իսկապես արխաիկ է: Հարկեր պետք է վճարեն ոչ թե միջնադարյան սկզբունքով` ներկրածի որոշ տոկոս, այլ` ըստ գործունեության արդյունքի: Բայց կառավարության ծրագրում ոչ մի խոսք այդ մասին չկա: Այսօր ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը սոցիալական բևեռացումն է: Պետք է հարկման միասնական մոտեցում կիրառվի, հարուստներն ավելի շատ հարկվեն, գույքահարկ պետք է մտցնել:

– Ավտոմեքենաների վրա շքեղության հարկ սահմանեցին` ներկրվող շքեղ ավտոմեքենաների թիվը կրճատվեց…

– Իրականում թիվը չպակասեց, իրականում վիճակագրությունը խեղճացավ: Հասկանում ենք, որ այդտեղ կոռուպցիա կա: Զարգացած երկրներում, օրինակ` Շվեյցարիայում, գույքահարկը որոշիչ հարկատեսակ է: Պետք է այդ ուղղությամբ քայլ անել:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս