
Վանո Մերաբիշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում իր դեմ ներկայացված մեղադրանքներով՝ կապված պետական ռեսուրսները ոչ նպատակային ծախսելու հետ:
Այս մասին երեկ՝ Մերաբիշվիլիի ձերբակալվելուց հետո, հայտարարել է նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին. «Նա ձերբակալվել է: Դեռ պաշտոնապես չի ներկայացվել մեղադրանք: Խոսք է գնում մի շարք հոդվածների մասին: Բնականաբար, նա չի ընդունում դրանցից և ոչ մեկով իր մեղավորությունը:
Ավելին, նա այդ մեղադրանքը համարում է ծիծաղելի, կատարելապես անհեթեթություն: Նրան մեղադրում են աշխատանք հայցողների տվյալների բազա ստեղծելու մեջ: Որքան էլ, որ զարմանալի է, հետաքննության մոտ հարց է առաջացել, թե ինչու 70 տարեկան անձինք ներգրավվել են այդ բազայի ստեղծման մեջ»: