Բաժիններ՝

«Արվեստագետին տրված է ազատություն, բայց արդյունքն անբարոյական է»

Քաղաքային քանդակի էքսկուրս քանդակագործ Աշոտ Հարությունյանի հետ
Մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում Հարություն Կալենցի տուն-թանգարանում իրականացվեց մի նախագիծ, որը, թերևս, ակտուալ է քաղաքային մեր տարածության խառնաշփոթի մեջ արժեքները վերաիմաստավորելու, վերլուծելու և մշակութային «ակտերի» շարժառիթները մեկնաբանելու իմաստով:

Ոչ ֆորմալ կրթական ինֆորմացիոն միջավայր ստեղծելու համար` տուն-թանգարանի հիմնադիր Սարո Կալենցը հրավիրել էր քանդակագործ Աշոտ Հարությունյանին՝ անցկացնելու «Քանդակի տեղը քաղաքում» խորագրով զրույց-քննարկում: Ընդհանրապես նման նախագծերն արդյունավետ են ոչ միայն թանգարանները ֆունկցիոնալ դարձնելու, այլ նաև՝ այցելուներին մշակութային տեղեկատվություն փոխանցելու, համաշխարհային տենդենցների մասին իրազեկելու իմաստով: Այլ կերպ ասած` Հ. Կալենցի տուն-թանգարանն` էքսպոնատների մատուցման կուլտուրայից զատ, այցելուներին մատուցեց տեղեկատվական այն պաշարը, որը թեև մեր օրերի ամենախնդրահարույց ոլորտներից է, բայց մատնվում է անուշադրության:
«Քանդակի տեղը քաղաքում» խորագրով զրույցն առավել դիպուկ, փաստագրական դարձնելու համար քանդակագործ Ա. Հարությունյանը նախապես լուսանկարել էր քաղաքային տարածության մեջ առկա գրեթե բոլոր դասական, մոդեռն քանդակները:

Ashot-qandakagorc (2)Դրանց դերի, նշանակության, ընտրված տեղանքի ճշգրտության և հարակից միջավայրի վերաբերյալ մասնագիտական վերլուծությունն այսօր ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլև կարող է մշակութային սրբագրումների հեռանկարային ազդակ հանդիսանալ: Հայաստանյան իրավիճակային վերլուծությունից բացի, Ա. Հարությունյանը նաև ներկայացրեց համաշխարհային զարգացումները քաղաքային քանդակի ոլորտում: Քանդակների վավերագրությունը թույլ տվեց համադրել Խորհրդային Միության և անկախ Հայաստանի ժամանակահատվածներում տեղադրված քանդակների ոչ միայն մշակութային բովանդակության, քանդակի հանդեպ վերաբերմունքի շեշտադրումները, այլև՝ նկատել քանդակի պատվիրատուի արժեքային համակարգի, կարողությունների, քանդակ ստեղծելու մոտիվի դրոշմը քանդակի միջավայրում:

Հատկանշականն այն է, որ քաղաքային քանդակի ժամանակագրությունը բավականին նրբանկատորեն արտահայտում է սերնդափոխության հետ եկող աշխարհայացքները, քաղաքային կուլտուրան ու արվեստի ընկալումները: Մինչդեռ այդ հայացքները, ամփոփված լինելով քանդակի մեջ, այդպես էլ չեն դառնում երկխոսություն, քննարկում: «Նորագույն ժամանակներում տեղադրված քանդակների մասին քննադատությունը կամ դիտողությունները ներկայացնելով, հարկ եմ համարում ընդգծել, որ անձնավորված ոչինչ չկա ասելիքիս մեջ:

Կարդացեք նաև

Ashot-qandakagorc (5)

Ես պատրաստ եմ վերջին տարիներին ստեղծված քանդակների հեղինակների հետ բանավեճ, խորը մասնագիտական վերլուծություն անցկացնել, ինչը համարում եմ չափազանց անհրաժեշտ: Քաղաքային քանդակի վատ օրինակները, ցավոք, նորագույն ժամանակների արդյունք են: Որքան էլ նախկինում՝ խորհրդային ժամանակաշրջանում կար թելադրանք, սահմանափակումներ, վարչական, չինովնիկական խորհրդային իդեոլոգիա, այդուհանդերձ, արվեստագետը ներքին ճիգեր էր գործադրում՝ լավագույն արդյունք արձանագրելու համար, սրտացավ էր, բարոյական էր և իսկական քաղաքացի էր: Այսօր տրված է ազատություն, բայց արվեստագետը դարձել է կեղծ, պատվիրատուն՝ թելադրող, իսկ արդյունքը՝ անբարոյական: Արվեստային անբարոյականություն է, ինչը վտանգավոր է հատկապես երիտասարդ սերնդի համար»,- շեշտեց Ա. Հարությունյանը:

«Ժանրային քանդակը, հեքիաթը, մուլտը, «դմբո» բաները կարող են ժողովրդին ուրախ պահել»

Պատմական ակնարկների մեջբերումներով՝ Ա. Հարությունյանը փաստեց, որ հասարակական միջավայրում ստեղծված քաղաքային քանդակի կուլտուրան դեռևս հազարամյակներ առաջ եղել է:

Ընդ որում՝ ի սկզբանե քանդակները ստեղծվել են կուռքերի տեսքով, կայսրերին, փարավոններին, միապետներին փառաբանելու նպատակով. «Քաղաքային քանդակ երևույթն ի հայտ է եկել ինչ-որ բան մեծարելու, փառավորելու համար: 20-րդ դարի սկզբից ինչ-որ բան փոխվեց, որովհետև մարդը, իրականությունը, օրենքները փոխվեցին: Հայաստանում հեղափոխությունից հետո հրավիրված արվեստագետների ջանքերով քաղաքային քանդակի ողնաշարը կառուցվեց Մերկուրովի, Քոչարի, Արա Սարգսյանի ստեղծածի վրա: Ես համարում եմ, որ ամենապրոգրեսիվը Քոչարն էր:

Արա Սարգսյանը հիմնեց կրթական հիմքերը, Մերկուրովը, թեկուզև բոլշևիկյան թեմայով, այդուհանդերձ, ստեղծեց հրաշալի բրոնզե, գրանիտե քանդակներ, որոնցից շատերն, իհարկե, հանվեցին, մինչև անգամ գնացին պարսկաստաններ, բայց ինչ-որ բաներ պահպանվեցին»:

Ներկայացնելով Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը՝ քանդակագործն ընդգծեց, որ այդ ձիարձանն իր մեջ պարունակում է ամբողջ էքսպրեսիոնիզմի տարրը, որտեղ գոյություն չունի ռեալիզմ, անատոմիա, համաչափություն, և առայսօր առեղծված է, թե ինչպես է Քոչարը մեկ շնչով ստեղծել այդ էպիկական, լեգենդը կրող արձանը:

Ընդ որում՝ ժամանակագրության իմաստով Քոչարն այդ արձանը ստեղծել է ռեժիմի պայմաններում, որտեղ, մինչև անգամ արվեստում, ստեղծագործական մոտիվների տաբուներ կային:

«Էն ժամանակ նույնպես կային թելադրանքներ, որ սա պետք է էսքան լինի, նա` էսքան, ճիշտ այնպես, ինչպես հիմա թաղապետներն են հրահանգներ տալիս: Տեսե՛ք, Մերկուրովի քանդակը, Մատենադարանը վկայությունն է այն բանի, որ արվեստագետներն աշխատանքի նկատմամբ մեծագույն վերաբերմունք են ունեցել, նրանք սիրել են քաղաքը, որովհետև փոշուց, գյուղից քաղաք են կառուցել: Քաղաքի միակ փրկությունը բարեխիղճ կառուցապատումն էր:

Ashot-qandakagorc (6)

Հիմա էլ՝ շրջելով քաղաքում, տեսնում եմ, որ բազալտե շենքերի քարերը բարեխղճորեն ձեռքով են տաշած: Ամեն սանտիմետրի վրա կա մեծագույն հոգատարություն, պատասխանատվություն»,- վստահեցնում է Ա. Հարությունյանը՝ նաև անդրադառնալով Ֆրիկի քանդակին, որն իր քչախոսության մեջ անգնահատելի արժեքավոր գործ է: Ներկայացնելով քաղաքային քանդակի իր երթուղին՝ Ա. Հարությունյանն ընդգծում է, որ Երևանին անհրաժեշտ է ժանրային քանդակը, այնինչ մենք սովոր ենք մոնումենտալ, հսկա, հրապարակներ զբաղեցնող քանդակներին: Նա հավատացնում է, որ ժանրային քանդակը, հեքիաթը, մուլտը, «դմբո» բաները կարող են ժողովրդին ուրախ պահել, տրամադրություն ստեղծել և չծանրացնել ձիարձաններով, սրերով, թրերով, դիմաքանդակներով:

Անշուշտ, այն, ինչ վերջին տարիներին քաղաքում տեղադրվեց, քանդակագործն ինքը ժանրային քանդակ չի համարում. «Նստարաններին նստած ահուսարսափներ են դրանք: Ժանրային քանդակը պետք է ներքին թրթիռ, հումոր, կոնտակտ ստեղծի, այլ ոչ թե՝ գլխին տալու ցանկություն, ակնոցները հանել, դնել Չարենցի քթին, նկարվել կամ նրան հեծնել: Սա խայտառակություն է՝ ժանրային քանդակ չէ»:

Ashot-qandakagorc (4)

«Քաղաքը հոգնել է, մի՛ դրեք այդ անճաշակ քանդակները»
Ինչևէ, շարունակելով քաղաքային քանդակի ճամփորդությունը, Ա. Հարությունյանը՝ գալով մեր օրեր, անդրադարձավ նաև ժամանակակից քանդակներին: Օրինակ՝ Առնո Բաբաջանյանի քանդակը նա համարում է ոչ թե լավագույններից, այլ՝ շրջադարձային, բեկումնային: Քանդակն իր շուրջը ստեղծեց մեծ աղմուկ, երկխոսություն, կարծիքների բախում: Այլ կերպ ասած՝ մարդկանց մտածելու տեղիք տվեց, քանի որ մարդը սովոր էր կոստյումավոր մարդու նմանակին ընկալել իբրև քանդակ: «Բոլորին ծանոթ Արա Ալեքյանի, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում տեղադրված գործերը նույնպես մեր ժողովրդին թարմություն բերեցին: Սկզբնական էմոցիաները հակասական էին, բայց հետագայում մարդիկ սկսեցին նույնիսկ պատվիրել այդ գործերից: Սա բավականին հաճելի երևույթ է, որովհետև քաղաքային քանդակը դուրս է գալիս ճահճային կարգավիճակից: Շատ կարևոր է, երբ մարդկանց մոտ հարցեր են առաջանում, որովհետև այդ հարցերը կարող են կոմպետենտ մարդկանց կողմնորոշել, թե ինչից սկսել, ինչ խնդիրներ` որպես առաջնահերթություն դիտարկել»,- ասում է քանդակագործը:

Նա անդրադարձավ նաև Երևանում տեղադրված Վահան Տերյանի թվով երրորդ քանդակին. «Շատ կցանկանայի անդրադառնալ մի խնդրի. մասնավորապես` ավելի ծայրամասային վարչական շրջաններում տեղադրվում են ինքնանպատակ քանդակներ, այսինքն՝ փողերը վճարվեց, քանդակը տեղադրվեց, բայց թե հետո ի՞նչ տեղի ունեցավ նրա հետ՝ ոչ ոքի չի հետաքրքրում:

Հարավ-արևմտյան թաղամասում ականատես եղա՝ ինչպես են երիտասարդները պպզել քանդակի համարյա վրա, չրթում, թքում… Մինչդեռ քանդակի տեղադրման պահից ի վեր՝ քանդակն իր ցանկապատն է կառուցում, թույլ չի տալիս, որ իր միջավայրում պիղծ երևույթներ տեղի ունենան: Ի վերջո, մարդիկ պետք է հարգեն քանդակի գոյությունն ու իր ստեղծած միջավայրը: Նրա գոյությունը համարեն քաղաքի համար անփոխարինելի մի բան»,- հավաստիացնում է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ քաղաքում առկա որոշ քանդակների գոյությունն այնքան իմաստազուրկ է, որ դատարկ տարածությունը գուցե ավելի ճիշտ կընկալվեր: Օրինակ՝ որոշ քանդակներ խցկված են մարդկանց քայլելու համար նախատեսված տարածքներում, բնակելի, բարձրահարկ շենքերի մուտքերի մոտ, որոնց ֆոնին առավել ընդգծված երևում են շենքի պատշգամբներից կախված լվացքի շորերը.

«Մեր քանդակներն այսօր հրապարակներից տեղափոխվել են խաչմերուկներ՝ կրպակների, խանութների արանքներում: Այսինքն՝ քանդակն այնքան խղճուկ բան է, որ պաղպաղակի անիվների պես կարող ես տանել, խցկել մի տեղ: Սա վկայությունն է քանդակ ստեղծողների, կազմակերպիչների վերաբերմունքի` քաղաքի նկատմամբ: Ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է քանդակի տեղը քաղաքում՝ բակերո՞ւմ, «վիսոտնիներո՞ւմ», մայթերո՞ւմգ ավելի լավ չէ՞, որ դրանք ընդհանրապես չլինեն»:

Այնուամենայնիվ, Ա. Հարությունյանը քանդակագործներին կոչ է անում ակտիվ լինել, քննարկել և բանավիճել քաղաքային քանդակների տեղի, դերի, նշանակության մասին: Նա պատրաստ է ամենասուր երկխոսությունը վարել մասնավորապես` Լևոն Թոքմաջյանի հետ, քանի որ վաստակավոր քանդակագործն իր քաղաքի հանդեպ այսպես չպետք է վարվեր. «Սա տանում է ինքնաոչնչացման: Կգա մի խելացի, համարձակ սերունդ, որն այս ամենը կմաքրի:

Վերջին շրջանի աշխատանքները հարմարեցվեցին փողատերերի, թաղապետերի ճաշակին ու դարձան զիզի-բիզի պորտրետներ: Պետք չէ քաղաքին այս անճաշակությունը, քաղաքը հոգնել է, մի՛ դրեք քանդակներ»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս