«Արարատ ճանշինը» և «Իջևանի ՃՇՇ»-ն գրպանել են պետական փողերը
Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակներում իրականացված աշխատանքների հետևանքով ՀՀ պետբյուջեին հասցվել է 109 մլն 427 հազ. դրամի վնաս: Սա պարզվել է ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում: ՎՊ-ի ուշադրության կենտրոնում անցած տարի եղել է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված ծրագրերի միջոցների օգտագործումը:
ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման Միջազգային բանկի միջև 2009 թ. և 2010 թ. կնքված 2 համաձայնագրերով նախատեսվել է մինչև 2013թ. դեկտեմբերն իրականացնել 330կմ ճանապարհների վերակառուցում և վերանորոգում, որից վերահսկվող ժամանակաշրջանում (2010-2012 թթ.)՝ 276կմ: Պարզվել է, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս բեռների տեղափոխման աշխատանքների համար կիրառվել է նախկին ԽՍՀՄ-ում օգտագործված, սակայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից չգրանցված և ՀՀ-ում չգործող շինարարական նորմերով և կանոններով սահմանված արժեքը՝ 1տ բնահողի 1կմ հեռավորությամբ տեղափոխելու արժեքն ընդունելով շուրջ 900 դրամ: Ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքների 1քմ-ի մեքենա-մեխանիզմի շահագործման ծախսերի նախահաշվային արժեքը, առանց որևէ հիմնավորող հաշվարկի, տարբեր օբյեկտների նախահաշիվներում ընդունվել է տարբեր՝ միմյանցից գրեթե կրկնակի տարբերվող արժեքներ՝ 1130 դրամ, 1700 դրամ և 2200 դրամ: Ընդ որում, 2200 դրամի համար հիմք է ընդունվել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրված տեղեկանքում նշված արժեքը, որը նույնպես որևէ հաշվարկով չի հիմնավորվել:
Կրկնակի անգամ տարբեր գներ են կիրառվել նաև այլ աշխատանքների իրականացման ժամանակ, կամ ավելի ցածրարժեք աշխատանքը գրանցվել է՝ որպես բարդ և թանկարժեք: Օրինակ՝ մեխանիզմով ժայռային բնահողերի փխրեցման աշխատանքի արժեքը հաշվարկվել է՝ որպես պայթեցման միջոցով փխրեցման կամ հետահար մուրճով փխրեցման արժեք:
Ուղղակի ծախսերի նախահաշիվներում առանց որևէ հիմնավորման ընդունված արժեքները շուրջ հինգ անգամ գերազանցում են իրականացված աշխատանքների իրական արժեքները:
Նախագծերում չի նշվել օգտագործվող նյութերի ծագման աղբյուրը, ինչը հնարավորություն է տվել կապալառուին փաստացի օգտագործել նախահաշվում հաշվարկվածից ավելի էժան նյութ: Մասնավորապես՝ նախահաշվում հաշվարկվել է Փարաքարի բազալտից եզրաքարի գին, իսկ տեղում տեղադրվել է Սիսիանի կամ Մարտունու բազալտե եզրաքար: Մինչդեռ, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն իրականացրած կազմակերպությունները որևէ անդրադարձ չեն կատարել նշված թերություններին և բացթողումներին:
08.02.2010թ.-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության հետ կնքված 2010-2011թթ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների տեխ. հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրային գինը կազմել է 1 մլն 160 հազ. 760 ԱՄՆ դոլար: Մրցութային փաթեթի առաջարկների ներկայացման հրավերի 5-րդ բաժնի պահանջի համաձայն՝ հսկողություն իրականացնող թիմի ղեկավարը պետք է լինի բարձրագույն կրթությամբ մայրուղիների/ճանապարհների գծով ավագ ինժեներ, ունենա առնվազն 15 տարվա մասնագիտական միջազգային փորձ և առնվազն 10 տարվա նմանատիպ բնույթի և ծավալի ծրագրերում ղեկավար պաշտոնում աշխատելու համապատասխան փորձ (ցանկալի է, որպեսզի ծրագրերը որոշ չափով ֆինանսավորված լինեն միջազգային կազմակերպությունների կողմից): Եվ ահա ընկերությունն աշխատանքի է ընդունել գերմանացի փորձագետ Մյուլլեր Կնուտին, և ողջ պայմանագրային գնի շուրջ 37%-ը՝ 430 հազ. ԱՄՆ դոլարը, վճարվել է վերջինիս՝ որպես աշխատավարձ, գիշերավարձի և ինքնաթիռի տոմսի արժեք:
Շինարարական աշխատանքների մեջ տեղ են գտել նաև այլ բազմապիսի խախտումներ և բացահայտ ստեր, որոնց նպատակը մեկն է եղել՝ ուռճացնել շինաշխատանքների արժեքը և հնարավորություն ստեղծել կլորիկ գումարներ գրպանելու համար: Իսկ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի և «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքներում արձանագրվել են նաև կատարողական ակտերում ցույց տրվածից փաստացի տեղում պակաս կատարված աշխատանքներ, մերժման ենթակա, սակայն ընդունված և վճարված աշխատանքներ, նվազեցման ենթակա, սակայն չնվազեցված գումարներ և անորակ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ՝ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի և «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված աշխատանքների կատարողական ակտերում փաստացի կատարվածից ավելի են հաշվարկվել մոտ 70 մլն դրամի աշխատանքներ: Մերժման ենթակա աշխատանքների դիմաց «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարվել է 12 մլն 931 հազ. դրամ: Երկու ընկերությունների կողմից իրականացված աշխատանքներում չի նվազեցվել նվազեցման ենթակա 26 մլն 519 հազ. դրամ գումար, իրականացվել են 15 մլն 188 հազ. դրամի անորակ աշխատանքներ:
Վերահսկիչ պալատը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն առաջարկել է՝ միջոցներ ձեռնարկել ավելի վճարված գումարը բյուջե վերականգնելու ուղղությամբ, նաև շինաշխատանքներն իրականացնել պահանջվող նորմերի համապատասխան: