«Հայերը Լուսնի վրա». NASA-ի մրցույթին հայ ծրագրավորողների ներկայացրած հավելվածը (տեսանյութ, լուսանկարներ)
Երբևէ երազե՞լ եք հայտնվել Լուսնի վրա, շրջել այնտեղ կամ թռնել Լուսնի վրա: Այս ամենն արդեն հնարավոր է, այն էլ՝ առանց հավելյալ ծախսերի: Հայկական X-TECH ընկերության ստեղծագործական թիմը NASA-ի Space Apps Challenge մրցույթի շրջանակներում ստեղծել է մի հավելված, որի միջոցով ցանկացած մարդ կարող է որպես տիեզերագնաց քայլել, վազել և անգամ ցատկել Լուսնի վրա: Ինչպես 168.am-ի հետ զրույցում պատմեց X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը՝ հավելվածը ստեղծվել է ընկերության թիմի՝ ծրագրավորողների, ինչպես նաև 3D մոդելավորման մասնագետների կողմից ընդամենը 12 ժամում:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս պրեզենտացիոն կերպով այցելել Լուսնի վրա: Այսինքն՝ իրական կյանքում ձեր կատարած բոլոր շարժումները կարելի է տեսնել այնտեղ՝ Լուսնի մակերևույթի վրա»,- ասաց Ա. Աթոյանը՝ նշելով, որ այդ ամենը հետաքրքիր է, պարզապես անձամբ փորձել է պետք: Մեր զրուցակիցն ասում է, որ Հայաստանից NASA-ի այս մրցույթին մասնակցում են առաջին անգամ, թեև մրցույթը շատ տարածված է ամբողջ աշխարհում: «Մենք, եթե մի քիչ համեստություն չանենք, ապա կասենք, որ հայաստանյան մրցույթներից արդեն հոգնել ենք, որովհետև մեր ոլորտի գրեթե բոլոր մրցույթներին մասնակցել ենք և գոնե մեկ անգամ հաղթել ենք, ուստի մեզ համար իսկապես շատ ավելի հետաքրքիր էր միջազգային մրցույթի մասնակցությունը»,- ասաց Ա. Աթոյանը:
Նրա խոսքով՝ սկզբում փոքր-ինչ մտավախություն ունեին մրցույթին մասնակցելու հարցում, քանի որ այն այդքան էլ չէր համապատասխանում իրենց ընկերության կատարած աշխատանքների ֆորմատին, իսկ հետո մտածել են՝ ինչո՞ւ չմասնակցել և ինչ-որ հետաքրքիր շնորհանդես չկազմակերպել: Արդյունքում՝ ընտրել են այնպիսի ուղղություն, որը խիստ մասնագիտական գիտելիքներ, օրինակ՝ ֆիզիկայից կամ օդերևութաբանությունից, չի պահանջում, ու ստեղծում են հավելված՝ Microsoft Kinect-ի միջոցով, որով վերջին շրջանում ընկերությունը տարբեր հավելվածներ է ստեղծում: «Այդպիսով՝ մրցույթի կատեգորիաներից ընտրեցինք Tour the Moon–ը (շրջագայություն Lուսնի վրա) ու հետաքրքիր գործիք սարքեցինք, որը ռեալ հնարավորություն է տալիս, օրինակ՝ հայերին հայտնվել Լուսնի վրա. Այդ կերպ ցանկացած մարդ կարող է հայտնվել Լուսնի միջավայրում, պարզապես գրավիտացիան փոխեցինք և այն դարձրեցինք վեց անգամ ավելի քիչ, որպեսզի մարդու թռչելը, օրինակ, ավելի բարձր երևա Լուսնի վրա: Այնուհետև տիեզերագնաց սարքեցինք, որն անպայման պետք է ունենար հայկական սիմվոլ. տվյալ դեպքում այն ունեցավ հայկական դրոշը և մեր ընկերության լոգոն»,- ասաց Ա. Աթոյանը: Նրա խոսքով՝ NASA-ի մրցույթին մասնակցելն ինքնին ոգեշնչող էր: Բացի այդ, այս կերպ իրենց մասին հոդվածում անդրադարձավ նաև հեղինակավոր The Verge պարբերականը՝ «Այս անգամ մրցույթին մեր մասնակցությունը վիրտուալ և, ավելի շուտ, պրեզենտացիոն ձևով էր, սակայն սա հնարավորություն էր՝ ծանոթանալու այդ ամենի հետ: Հաջորդ տարի հնարավոր է՝ մեր ընկերությունը վերցնի իր վրա այդ նախաձեռնությունը և Հայաստանում ավելի լայն շրջանակներում կազմակերպի տվյալ մրցույթի մասնակցությունը, որին, հուսամ, ավելի շատ ցանկացողներ և թիմեր կկարողանան մասնակցել»,- ասաց Ա. Աթոյանը: Նրա խոսքով՝ մրցույթին այս անգամ ընդհանուր առմամբ մասնակցում էր մոտ 9000 մասնագետ, ովքեր մի քանի հազար հավելված են ստեղծել: «Նման մրցույթները հիմնականում ուղղված են NASA-ի տարբեր խնդիրների լուծմանը: Այսինքն, եթե պետք է շատ մեծ ծախսեր կատարել և, օրինակ, մի քանի հարյուր ծրագրավորողի վարձատրել, ապա այս կերպ հնարավոր է, թեև ոչ բոլոր, սակայն որոշ խնդիրների լուծումները գտնել, ինչը նաև ավելի էժան հնարավորություն է: Այս ամենի շնորհիվ՝ կարողանում են նաև բացահատել մարդկանց և թիմերի, ում հետ կարող են հետագայում աշխատել»,- ասաց Ա. Աթոյանը: Ինչ վերաբերում է իրենց ստեղծած հավելվածի հետագա ընթացքին, ապա մեր զրուցակիցը նշում է, որ այն կարող է կիրառություն ունենալ, օրինակ՝ կրթական նպատակներով, օրինակ՝ Լուսնի վերաբերյալ դասընթացի ժամանակ սովորողը հնարավորություն ունենա այսկերպ «գնալ» Լուսին՝ այնտեղ շրջելու, կամ էլ տուրիզմի բնագավառում: «Այս ծրագրով ունենալով 3D Փարիզի պատկերը, կարելի է շրջել, օրինակ՝ Փարիզում: Kinect-ով ստեղծված ծրագրի իմաստը հենց դա է, որ դու պարզապես չես նստում համակարգչի դիմաց ու առաջ կամ հետ սեղմում որևէ կոճակ, այլ դու քայլում ես կամ ինչ-որ շարժումներ ես անում, ինչն ավելի ռեալ է դարձնում այդ ամենը»,- ասաց Ա. Աթոյանը:
Տեղեկացնենք, որ հավելվածը բաց է, այն կարելի է անվճար ներբեռնել այստեղից՝ և Kinect սարք ունենալու պարագայում հավելվածի միջոցով հնարավոր է ինքնուրույն շրջագայել Լուսնի վրա: Իսկ թե ինչպես է այդ ամենն աշխատում, կարող եք դիտել տեսանյութում: Լուսինե Մովսիսյան