«Երբ ուզեք, եկե՛ք գրասենյակ, գործը ձեզ ցույց տամ, թե մեջը Սեդրակյան Վարդան կգտնեք, ամոթ ինձ». Վարդան Սեդրակյանի պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով առաջին դատական նիստը:

Նիստի ավարտից հետո մեղադրյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ դատական նիստերի ընթացքում պատրաստվում է գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել.

««Դատախազության մասին» օրենքի 25 հոդվածն ասում է, որ քրեական վարույթ իրականացնող դատախազն անփոփոխելի է, իսկ քրեական գործի նախաքննությունը ղեկավարել և հսկել է դատախազ Հովսեփ Սարգսյանը: Ընդ որում, «Դատախազության մասին» օրենքը  դատախազ փոխելու մեխանիզմ ոչ միայն չի նախատեսում, այլև արգելում է»:

Լրագրողների հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը, Սիրունյանը պատասխանեց. «Իրենք թող բացատրեն, այս ո՞վ է եկել դատարան: Իմ գործընկերն է, շատ հարգում եմ Ամիրզադյանին, բայց ինքն այս գործով դատախազ չէ»:

Կարդացեք նաև

Սիրունյանն ասաց, որ ինքը պահանջելու է, որ նախաքննության ընթացքում հսկողություն իրականացրած դատախազը ներկայանա դատարան: Նրա խոսքով՝ ինքը դատարանին նաև մեկ այլ միջնորդություն է ներևկայացնելու, որով պահանջելու է հանել Վարդան Սեդրակյանի տեսակցությունների արգելքը:

Լրագրողնների հարցին՝ արդյոք կա՞ն փաստեր, որոնք կապացուցեն Վարդան Սեդրակյանի անմեղությունը, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Այդ դատախազին հարցրե՛ք: Այդ 5 կգ մակուլատուրան որ բերել է դատարան, ի՞նչն է ուզում ապացուցի Վարդան Սեդրակյանի մասով»:

Սիրունյանը նաև հավելեց. «Եթե ուզենանք կինո հանենք, սցենար գրել պետք չի: Էդ տալիս ենք հանելու, դառնում է բրազիլական սերիալ»: Վարդան Սեդրակյանի պաշտապանն ասաց, որ գործում առկա են մի շարք աբսուրդ ցուցմունքներ. երբ վկային հարցրել են արդյոք նա լսե՞լ է կրակոց, թե՞ ոչ, իսկ երբ վկան բացասական պատասխան է տվել, հարցրել են՝ ինչո՞ւ չի լսել:

Լրագրողների դիտարկմանը, որ դեռևս ազատության մեջ գտնվելու ընթացքում Վարդան Սեդրակյանն ասել էր, որ կհայտնվի տեսաձայնագրություն, որտեղ մեկը իր ձայնով կխոսի, Սիրունյանն ասաց, որ նման բան չկա գործում. «Երբ ուզեք, եկե՛ք գրասենյակ, գործը ձեզ ցույց տամ: Թե մեջը Սեդրակյան Վարդան կգտնեք, ամոթ ինձ: Մենք չենք ասում վիճելի է, այսպիսի ապացույց կա, բերե՛ք գնահատենք, այս մեկը խախտումով ապացույց է, այս մեկը սարքած ապացույց է, ապացույց չկա»:

Սիրունյանն ասաց, որ Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունք տվել է գործով մեղադրյալ Սամվել Հարությունյանը, ով ասել է, թե Վարդան Սեդրակյանն իրեն ասել, որ պետք է վախեցնել Պարույր Հայրիկյանին, ինքն էլ կրակել է ու պատահաբար դիպել նրան:

Տեսանյութեր

Լրահոս