Սուֆիստական առակներ և պատմություններ
Բուժում խղճով
Մեծ բյուզանդական կայսրության կայսրը հիվանդացավ ինչ-որ տարօրինակ հիվանդությամբ, և կայսրության մեջ չգտնվեց մի բժիշկ, որ ունակ էր նրան բուժելու: Տարբեր երկրներ սուրհանդակներ ուղարկվեցին, որպեսզի մեծ իմաստուններին և հմուտ բժիշկներին տեղեկացնեն կայսրի հիվանդության ախտանիշերի մասին:
Մի սուրհանդակ եկավ ալ-Գազալիի դպրոց, քանզի այդ իմաստունի փառքը հասել էր մինչև Բյուզանդիա:
Ունկ դնելով սուրհանդակին, իմաստունն իր աշակերտ շեյխ ալ-Արիֆին ուղարկեց Կոնստանդնուպոլիս: Երբ նա ժամանեց, նրան փառք ու պատվով ընդունեցին և տեղնուտեղը տարան կայսերական պալատ:
Շեյխ ալ-Արիֆը առաջին հերթին հարցրեց պալատական բժշկին այն մասին, թե ինչ դեղեր են արդեն տրվել, և հիվանդին զննելով` ասաց, որ հարկ է հավաքել բոլոր պալատականներին, և այդժամ նա կասի այն միջոցը, որը կբուժի կայսրին: Բոլոր պալատականները հավաքվեցին գահասենյակում, և սուֆին դիմեց նրանց.
– Ձերդ Մեծությանն անհրաժեշտ է ամրապնդել հավատը:
– Ձերդ Մեծությանը չի կարելի կշտամբել հավատի պակասության մեջ, բայց հավատը նրան ամենևին չի օգնում բուժվել,- հակաճառեց կայսերական հոգևորականը:
– Այդ դեպքում,- շարունակեց սուֆին,- ես ստիպված եմ հայտարարելու, որ կայսրի փրկության համար աշխարհի երեսին միայն մի միջոց կա, բայց դա այնքան սարսափելի է, որ ես չեմ համարձակվում ասել:
Այդժամ բոլոր պալատականները սկսեցին նրան խնդրել, քծնել, սպառնալ, և, վերջապես, նա ասաց.
– Կայսրը կբուժվի, եթե լողանա մինչև յոթ տարեկան մի քանի տասնյակ մանկանց արյան մեջ:
Երբ այդ խոսքերի հարուցած վախն ու շվարածությունը փոքր-ինչ հանդարտվեցին, պետական խորհրդատուները որոշեցին, որ այդ միջոցը հարկ է փորձել: Ոմանք, իհարկե, կասկածեցին, բայց մեծամասնությունը որոշեց, որ բոլոր միջոցներն էլ լավ են, երբ խոսքը մեծ կայսրի փրկության մասին է:
Երբ այդ մասին պատմեցին կայսրին, նա կտրականապես հրաժարվեց: Բայց նրան սկսեցին համոզել.
– Ձերդ Գերազանցություն, դուք հրաժարվելու իրավունք չունեք, չէ՞ որ ձեր մահը մեծ կորուստ է ողջ ժողովրդի, ողջ կայսրության համար:
Ի վերջո, նրանց հաջողվեց համոզել նրան:
Երկրով մեկ տարածվեցին հրահանգներ, որպեսզի բոլոր մինչև յոթ տարեկան բյուզանդացի երեխաները հասցվեն Կոնստանդնուպոլիս` հանուն կայսրի առողջության զոհաբերվելու համար:
Դատապարտված երեխաների մայրերն անիծում էին տիրակալին, հրեշավոր չարագործին, ով հանուն իր փրկության որոշել էր կործանել երեխաներին: Որոշ կանայք, սակայն, աղոթում էին Տիրոջն առ այն, որպեսզի Նա առողջություն պարգևի կայսրին մինչև մահապատժի կայացման օրը:
Այնինչ կայսրն օր օրի ավելի ուժգին էր զգում, որ ինքը ոչ մի դեպքում չպիտի թույլ տա, որպեսզի այդպիսի չարագործություն կատարվի:
Խղճի խայթը նրան անասելի տառապանքներ էր պատճառում: Նա այլ բանի մասին մտածել անգամ չէր կարողանում: Եվ, ի վերջո, չտանելով դա, կարգադրեց բոլորին հայտարարել, որ ավելի լավ է ինքը մեռնի, քան թույլ տա անմեղ արարածների մահը:
Հենց նա արտաբերեց այդ բառերը, նրա հիվանդությունը սկսեց թուլանալ, և շուտով նա բացարձակապես առողջացավ:
Մարդկանցից ոմանք որոշեցին, որ կայսրը պարգևատրվել է իր բարի արարքի համար: Մյուսները նրա առողջանալը բացատրում էին այն բանով, որ շատ մայրեր կայսրի գովքն էի արել և Աղոթում էին Աստծուն նրա ապաքինման համար:
Երբ սուֆի ալ-Արիֆիին հարցրին տիրակալի ապաքինման պատճառի մասին, նա ասաց.
– Քանի որ նա հավատ չուներ, ապա նա համազոր բանի կարիք ուներ: Այսպիսով, ստեղծված իրավիճակը ստիպեց կայսրին կենտրոնանալ իր հիվանդության վրա: Դրան միացան շատ մայրերի աղոթքները:
Որպեսզի ինչ-որ բանում արդյունքի հասնես, անհրաժեշտ է կիրառել այն մեթոդը, որը նախատեսված է այդ նպատակի համար:
Իսկ կասկածամիտներն ասում էին. «Կայսրը բուժվեց հոգևորականության աղոթքների շնորհիվ, նախքան «արյունռուշտ» օտարականը կկործաներ մեր երեխաներին»:
Ժամանակը, տեղը, մարդիկ և մեթոդը
Մի թագավոր պալատ հրավիրեց սուֆիստ դերվիշի ու նրան ասաց.
– Ի սկզբանե և մինչև այսօր դերվիշական ճանապարհը. որ սերնդից սերունդ է փոխանցվել անդադար միմյանց փոխարինող Վարպետներով, լույսի հավերժական ակունք է, որն այնպիսի մեծ արժեքների հիմքում է, որ նույնիսկ իմ թագավորությունն ավելին չէ, քան դրանց թույլ արտացոլքը:
– Այո, դա այդպես է,- պատասխանեց դերվիշը:
– Եվ եթե այդպես է,- շարունակում էր արքան,- քանի որ ես դա գիտեմ և ջանադրաբար կամենում եմ սովորել բոլոր այն ճշմարտությունները, որոնց դու հասու ես, ուսուցանես ինձ:
Գլուխը հակելով կրծքի վրա` դերվիշը խորասուզվեց խորունկ մտորումների մեջ: Եվ որոշ ժամանակ անց ասաց.
– Քանի որ իմաստությունը խոսքերով չի հաղորդվում, սպասենք, թե երբ բարեպատեհ պահ կլինի այն փոխանցելու համար:
Դերվիշն ամեն առավոտ գալիս էր պալատ` պատրաստ տիրակալին ծառայելու:
Ժամանակը գնում էր, իսկ տիրակալը ոչ մի դաս չէր ստանում: Ամեն անգամ, տեսնելով կարկատած խալաթով դերվիշի կերպարանքը, արքան մտածում էր` «Ամեն օր նա գալիս է պալատ, բայց համառորեն չի ցանկանում անդրադառնալ ուսուցման մասին մեր խոսակցությանը: Ճիշտ է, նա արքունիքի շատ գործերին է մասնակցում` զրուցում է, ծիծաղում, ուտում, և, հավանաբար, քնում է: Գուցե նա ինչ-որ նշանի է սպասում»:
Եվ ահա մի անգամ անտեսանելիի համապատասխան ալիքը վրա եկավ հնարավորության ափին: Գահադահլիճում ներկա եղողների միջև զրույց տեղի ունեցավ, և ինչ-որ մեկն ասաց.
– Դաուդը Սախիլից` երկրի երեսի մեծագույն երգիչը, կանգ է առել մեր քաղաքում:
Արքայի մեջ նրան լսելու բուռն ցանկություն ծագեց:
Արքունական արարողակարգերի կազմակերպիչն ուղևորվեց երգչի մոտ և նրան հայտնեց թագավորի ցանկությունը: Դաուդը` երգիչների թագավորը, պատասխանեց.
– Եթե նա ուզում է պարզապես ինձ տեսնել, ես կգամ: Բայց եթե նա ուզում է լսել իմ երգեցողությունը, նա պիտի, ինչպես բոլոր մարդիկ, սպասի, մինչև որ գա ներշնչանքի պահը: Ես գերազանցել եմ մյուս երգիչներին միայն այն պատճառով, որ գիտեմ` երբ է պետք երգել, և երբ կարիք չկա: Իմանալով այդ գաղտնիքը, յուրաքանչյուրը կարող է մեծ դառնալ:
Այդ խոսքերը փոխանցվեցին արքային: Եվ նա բացականչեց.
– Մի՞թե այդ երգչին ստիպելու միջոց չկա, որ ինձ համար երգի:
Այդժամ դերվիշն առաջ եկավ ու ասաց.
– Ձերդ Գերազանցություն, մենք կգնանք այդ երգչի մոտ:
Արքան հրամայեց, որ իրեն քաղաքացու սովորական հագուստ բերեն, և վերազգեստավորվեց: Դերվիշի հետ նրանք ուղևորվեցին երգչի մոտ: Երգչի տան մոտ հայտնվելով` նրանք թակեցին դուռը: Դռան ետևից լսվեց Դաուդի ձայնը.
– Ես այսօր չեմ երգում: Ձեր ճամփով գնացեք:
Այդժամ դերվիշը նստեց աստիճանի վրա և սկսեց երգել Դաուդի սիրած երգը: Արքան դյութվել էր դերվիշի մեղեդային ձայնից և հիացմունքի մեջ էր: Բայց դերվիշը երգի վերջում դիտմամբ սխալ երգեց, այնպես, որ արքան նույնիսկ չնկատեց: Դաուդն ուզեց այդ սխալն ուղղել և երգեց: Արքան ու դերվիշը զարմանքից քարացել էին` ունկնդրելով քաղցրահունչ «Սախիլի սոխակի» ձայնը: Երբ Դաուդը երգն ավարտեց, արքան նրան շռայլ նվեր մատուցեց: Այնուհետև, դիմելով դերվիշին, ասաց.
– Օ մարդ իմաստության: Ես հիացած եմ այն բանով, թե դու ինչ հմտորեն ստիպեցիր «սոխակին» երգելու մեզ համար: Ես կուզենայի քեզ պալատում խորհրդատու նշանակել:
Դերվիշը պատասխանեց.
– Ձերդ Գերազանցություն, Դուք կարող եք լսել երգը միայն այն դեպքում, եթե կա երգիչը, եթե ներկա եք դուք, և ներկա է այն մարդը, ով կարող է պայմաններ ստեղծել, որ դրդում են երգչին երգել: Ժամանակը, տեղը, մարդիկ և մեթոդը:
Իմ ուսուցիչը կյանքն է
Մահանում էր սուֆիստ միստիկ Հասանը: Աշակերտները նրան խնդրեցին.
– Դու երբեք մեզ չես ասել, թե ով է եղել քո Ուսուցիչը: Պատմիր, խնդրում ենք:
Հասանը պատասխանեց.
– Ես երբեք չեմ խոսել այդ մասին այն պատճառով, որ իմ կյանքում Ուսուցիչ չի եղել: Իմ առաջին ուսուցիչը եղել է մի փոքրիկ երեխա: Լսեք այդ պատմությունը: Այն ժամանակ ես չգիտեի ճշմարտությունը, բայց ես շատ զարգացած մարդ էի, հայտնի գիտնական, և կարծում էի, թե գիտեմ: Իմ անունը հայտնի էր նույնիսկ երկրի սահմաններից դուրս: Ինձ մոտ մարդիկ էին գալիս` մտածելով, թե ես գիտեմ: Ես ձևացնում էի, թե գիտեմ, չիմանալով, որ ձևացնում եմ: Ես դարձա ուսուցիչ: Չապրելով ճշմարտությունը, նույնիսկ չխորասուզվելով իմ ներաշխարհի մեջ, ես խոսում էի մեծ բաների մասին: Ես գիտեի բոլոր սուրբ գրքերը, դրանք իմ լեզվի ծայրին էին: Ես շատ հանրահայտ մարդ էի և սովոր էի մշտապես ուշադրության կենտրոնում լինել: Բայց մի անգամ ստիպված եղա գնալու մի երկիր, ուր ինձ ոչ մեկը չէր ճանաչում: Ես բուռն կերպով կամենում էի գտնել մեկին, ով ինձ կհարցներ ինչ-որ բանի մասին, և ես կկարողանայի ցուցադրել իմ գիտելիքները:
Միայն իմաստուն մարդը կարող է մունջ լինել: Իմաստուն մարդու համար խոսելը համարյա բեռ է: Այդ պատճառով համարվում է, որ «նա, ով գիտի, լռում է»: Նա, ով խոսում է` չգիտի:
Եվ ահա, երեք օրվա ընթացքում ես ստիպված էի մունջ մնալ: Դա շատ նման էր պահք պահելուն, և ես, դե, թեկուզ որևէ մեկի կարիքն ունեի: Երեկո էր, ես մի փոքրիկ տղայի տեսա, ով կավե լամպար էր տանում, և ես հարցրի նրան.
– Ասա, խնդրեմ, դու ո՞ւր ես տանում այդ լամպը: Եվ երեխան պատասխանեց.
– Ես ուղևորվում եմ տաճար: Մայրս ինձ ամեն երեկո ուղարկում է տաճար` այս լամպն այնտեղ դնելու, որովհետև այնտեղ մութ է, և տաճարի Աստված չպիտի ապրի մթության մեջ:
– Դու շատ ողջամիտ ես պատասխանում, – ասացի ես,- դե ինձ մի բան ասա` դու ի՞նքդ ես լամպը վառում:
Երեխան պատասխանեց` «Այո»: Այդժամ ես հարցրի.
– Եթե դու ինքդ ես լամպը վառում, կարո՞ղ ես ինձ ասել, որտեղի՞ց է հայտնվում հուրը: Դու, երևի թե, տեսել ես, թե այն որտեղից է հայտնվում:
Երեխան ծիծաղեց ու ասաց.
– Տեսեք:
Նա հանգցրեց կրակն ու ասաց.
– Հուրը վերացավ հենց ձեր աչքի առաջ: Դուք կարո՞ղ եք ինձ ասել, թե այն ո՞ւր կորավ: Դուք պետք է որ տեսած լինեք:
Ես լիովին քարացա, ես չգիտեի, թե ինչ պատասխանեմ: Խոնարհվելով երեխայի առաջ` ես հեռացա: Հենց այդ պահին ես գիտակցեցի, որ իմ բոլոր գիտելիքները փոխառված էին գրքերից: Ես աշխարհի արարման մասին դասախոսություններ էի կարդում, բայց չգիտեի, թե որտեղից է առաջանում նույնիսկ փոքրիկ հուրը: Ես դեն նետեցի բոլոր իմ ուսմունքները, բոլոր իմ գիտելիքները, և, խորասուզվելով մեդիտացիայի մեջ, ես բացահայտեցի իմ իսկ բնությունը: Այդ ժամանակից ի վեր ես շատ մարդկանցից եմ սովորել, կյանքն ինձ միշտ անհրաժեշտ հանդիպումներ է պարգևել:
Ռաբիա Ալ-Ադավիա, ի՞նչ եք դուք փնտրում
Կար մի սուֆիստ վարպետ, ում անունն էր Ռաբիա: Նա տարեց և շատ կենսուրախ մի կին էր: Բայց որքան մեծանում, այնքան ավելի երիտասարդ էր երևում` չէ՞ որ տարիները ոչինչ չեն նշանակում: Նա այնքան բերկրուն էր և ստեղծագործությամբ լի, որ բոլորը զարմանում էին նրա վրա:
– Բայց ձեր կյանքում պիտի որ ամպեր լինեն, կյանքը չի կարող անամպ լինել,- ասում էին նրան:
– Ինչո՞ւ չէ, իհարկե, եթե ամպեր չլինեին, որտեղի՞ց կգային այս բարեբեր անձրևները,- ժպտալով ասում էր նա:
Մի երեկո մարդիկ նրան գտան ճամփամիջին նստած և ինչ-որ բան փնտրելիս: Նրանք հարցրին.
– Ի՞նչ եք դուք փնտրում, հարգելի Ռաբիա:
– Հարցն անտեղի է: Ես պարզապես փնտրում եմ: Եթե դուք կարող եք ինձ օգնել, օգնեք:
Նրանք ծիծաղեցին ու ասացին.
– Ռաբիա, դուք տարօրինակ բաներ եք ասում: Դուք ասում եք, որ մեր հարցն այնտեղ է, բայց եթե մենք չգիտենք, թե դուք ինչ եք փնտրում, ինչպե՞ս մենք կարող ենք օգնել ձեզ:
– Լավ: Որպեսզի դուք գոհ մնաք, ես կասեմ` ես փնտրում եմ ասեղը, որ կորցրել եմ:
Բոլորը սկսեցին նրան օգնել, բայց միանգամից հասկացան, որ ճանապարհը շատ մեծ է, իսկ ասեղը` համարյա անտեսանելի: Եվ նրանք ասացին.
– Խնդրում ենք, ճշգրիտ ցույց տվեք, թե որտե՞ղ եք այն կորցրել: Այլապես համարյա անհնար կլինի այն գտնել: Ճանապարհը մեծ է, և մենք կարող ենք հավերժորեն շարունակել որոնումները:
– Դուք դարձյալ անտեղի հարց եք տալիս: Ի՞նչ կապ ունի դա իմ որոնումների հետ:
– Ռաբիա, ձեր գլխի հետ ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրին նրանք:
– Կարգին է: Ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար, ես կասեմ` ես այն կորցրել եմ տանը:
– Դե ուրեմն ինչո՞ւ ենք մենք այն այստեղ փնտրում:
– Որովհետև այստեղ լույս կա, իսկ այնտեղ` ներսում, այն չկա:
Մայր մտնող արևը դեռևս լուսավորում էր ճանապարհըգ Աշակերտները կանգ առան` ուսերը թոթվելով, չիմանալով, թե ինչ անեն: Ռաբիան տեսնելով դա` ասաց.
– Օգտվելով սուֆիստական մեթոդից, ես ստեղծեցի այս իրավիճակը, որպեսզի ձեզ ցույց տամ, թե ինչ են անում մարդիկ ողջ կյանքում: Մարդիկ կորցրել են, բայց չեն գիտակցում, թե ինչը: Դուք կորցրել եք հավերժականը, անսահմանը, և դա ենթագիտակցորեն ձեր բոլոր գործողությունների հիմքում է:
Հարստությունը և իմաստությունը
Կար Բահալ Շեմ անունով մի միստիկ: Մի մարդ նրան հարցրեց.
– Ի՞նչն է առավել կարևոր և արժեքավոր` հարստությո՞ւնը, թե՞ իմաստությունը:
Հարցնողն այդ առթիվ ուներ իր սեփական ենթադրությունները: Դրա համար էլ Բահալ Շեմը ծիծաղեց ու ասաց.
– Դե, իհարկե, առավել նշանակալից և առավել արժեքավոր է իմաստությունը:
Այդժամ, Բահալ Շեմ, ասացեք, ինչո՞ւ դուք, իմաստուն մի մարդ, գնում եք հարուստների տները, բայց ես երբեք չեմ տեսել, որ հարուստ մարդիկ գան ձեր տուն:
Բահալ Շեմը ժպտաց ու ասաց.
– Այո, իմաստուն մարդիկ գնում են հարուստների մոտ, որովհետև նրանք իմաստուն են և հարստության գինը գիտեն, իսկ հարուստները` պարզապես հարուստ են, և ոչինչ ավելին: Նրանք չեն կարող իմանալ իմաստության գինը:
Մի անգամ մի շատ հարուստ մարդ Բահալ Շեմին հրավիրեց այցելելու իր ապարանքը: Ապարանքն արտասովոր շքեղ էր: Պարզապես գլուխգործոց: Այն պարզապես տրաքում էր տարատեսակ թանկարժեք բաներից` գորգեր, նկարներ, անտիկ շրջանի արվեստի ստեղծագործություններ, տարբեր դարաշրջանների կահույքներ:
Հարուստը Վարպետին սենյակից սենյակ էր տանում: Նրանք արդեն մի քանի ժամ քայլում էին, որովհետև ապարանքը վիթխարի էր: Հարուստը գլուխ գովել չէր դադարում: Նա իրեն խորապես բավարարված էր զգում: Ողջ պալատը ցուցադրելուց հետո, տանտերը նայելով Վարպետի աչքերին` հարցրեց.
– Դե, տպավորությունն ինչպիսի՞ն է:
Բահալ Շեմը պատասխանեց.
– Այն, որ աշխարհն այնքան հաստատուն է, որպեսզի տանի այսպիսի վիթխարի ապարանքի ծանրությունը, դե, ի հավելումն նաև քեզ, ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց:
Ավազների հեքիաթը
Հեռու լեռներում ծնված հոսանուտ ջուը, հաղթահարելով խոչընդոտներն իր ճանապարհին, հասավ, վերջապես, անապատի ավազներին: Ճիշտ նույնպես, ինչպես նա հատեց սահանքներն ու ջրվեժները, հոսանուտ ջուրը փորձեց հաղթահարել նաև այս խոչընդոտը, բայց հայտնաբերեց, որ ջուրն անհետում է, ավազը կլլում է այն: Սակայն նա համոզված էր, որ իր նպատակը` անապատը հատելն է, որի ետևում երևում էին հեռավոր ձյունածածկ լեռները: «Դե ի՞նչ անել»: Այդ պահին ձայնը, որ գալիս էր հենց անապատից, շշնջաց. «Շարժվելով քո սովորական եղանակով, դու չես կարող հատել անապատը: Դու կամ կանհետանաս, կամ կվերածվես ճահճի:
«Դե ի՞նչ անեմ»,- բացականչեց հոսանուտ ջուրը: «Տրվիր քամու կամքին, նա քեզ կանցկացնի»:
«Բայց այդ դեպքում ես կկորցնեմ իմ ազատությունը»,- գոչեց հոսանուտ ջուրը:
«Ամեն դեպքում դու չես կարող մնալ այն, ինչ եղել ես: Դու խոսում ես քո անհատականության մասին, որովհետև չգիտես քո իսկական բնույթը»:
Երբ հոսանուտ ջուրը լսեց դա, հեռավոր, աղոտ հիշողությունները սկսեցին ի դերև գալ նրա հիշողության խորքերից: Նա գիտակցեց, որ արդեն ապրել է թռիչքի վիճակը: Այդպես դատելով` հոսանուտ ջուրը լսում էր, թե ինչպես էր ավազը նրան շշնջում. «Ավելի համարձակ, միայն այդպես դու կճանաչես քո բնույթը»:
Հոսանուտ ջուրը բարձրացրեց իր բաշը: Եվ հյուրընկալ քամու հոսքը ճանկեց նրան ու տարավ ցանկալի սարերի մոտ: Նա թռչում էր ավազների վրայով` մի նոր, զարմանալի զգացողություն ապրելով:
«Այո, ես հիմա գիտեմ իմ ճշմարիտ բնույթը»,- մտածում էր հոսանուտ ջուրը, թեթև իջնելով լերանց բարձունքների վրա:
Կրիան ու կարիճը
Մի անգամ կրիան, զիջելով կարիճի խնդրանքին, նրան տարավ գետի մյուս ափը: Կարիճը ամբողջ ճանապարհին հանգիստ էր, բայց հենց ափ հասնելու ժամանակ մեկ էլ կրիային խայթեց: Կարիճի այս վարմունքից լրիվ բորբոքված` նա վրդովված ասաց.
– Իմ բնույթն այնպիսին է, որ ես ձգտում եմ յուրաքանչյուրին օգնել: Այդ պատճառով ես քեզ օգնեցի: Դե ուրեմն, ինչպե՞ս դու կարողացար ինձ խայթել:
– Բարեկամս,- պատասխանեց կարիճը,- քո բնույթն օգնելն է, իսկ իմը` խայթելը: Դե ուրեմն` ի՞նչ, քո բնույթը դու հիմա վերածում ես առաքինության, իսկ իմը պիտի սրիկայությո՞ւն անվանես:
Խելագար արքայի կուռքը
Ապրում էր մի ժամանակ դաժան ու անտաշ մի թագավոր` կռապաշտ: Մի անգամ նա երդվեց, որ եթե իր անձնական կուռքն իրեն որոշակի առավելություններ պարգևի կյանքում, ապա նա կբռնի իր դղյակի կողքով անցնող երեք մարդու և նրանց կռապաշտ կդարձնի: Դե, իհարկե, արքայի ցանկությունը կատարվեց, և նա անհապաղ ճանապարհի մոտ երեք զինվոր ուղարկեց, որպեսզի նրանք իր մոտ բերեն առաջին իսկ պատահած երեք մարդկանց, և այդ երեքն էին` մի գիտնական, Սեիդը (Մուհամեդ մարգարեի ժառանգորդը) և մի պոռնիկ: Նետելով նրանց կուռքի առաջ` աննորմալ արքան նրանց պատմեց իր երդման մասին և հրամայեց, որպեսզի նրանք խոնարհվեն կուռքի առաջ:
Գիտնականն ասաց. «Այս իրավիճակն անկասկած «ֆորս մաժոր» է հիշեցնում: Կան բազմաթիվ դեպքեր, որ յուրաքանչյուրին թույլատրում են ձևացնել, թե իբր նա կողմնակիցն է այն բանի, ինչին որ իրեն դրդում են` այդ արարքով իր վրա ոչ մի բարոյական պարտք չվերցնելով»: Այդ պատճառով նա կուռքի առաջ խորը գլուխ տվեց:
Սեիդը, երբ հասավ իր հերթը, ասաց. «Ինչպես առանձնապես պաշտպանված մարդ, քանի որ իմ երակներում հոսում է սուրբ մարգարեի արյունը, ես կարող եմ ինձ թույլ տալ այնպիսի արարքներ, որոնք ինքնին մաքրագործում են ցանկացած արարք, այդ պատճառով ոչ մի խոչընդոտ չկա այն բանի համար, որպեսզի ես վարվեմ այնպես, ինչպես պահանջում է այս մարդը»: Եվ նա էլ խոնարհվեց կուռքի առաջ:
Պոռնիկն ասաց. «Ավաղ, ես ո՛չ ինտելեկտուալ կրթություն ունեմ, ո՛չ էլ առանձնակի առավելություններ, այդ պատճառով` վախենամ, որ դու ինձ հետ ինչ էլ անես, ապա ես չեմ կարողանա պաշտել այս կուռքին նույնիսկ արտաքնապես»:
Այս խոսքերը հանկարծ ցրեցին խելագար արքայի մթագնումը: Ասես կախարդանքով, նա տեսավ պատկերքի երկու երկրպագուների դավաճանությունը: Նա տեղնուտեղը կտրել տվեց գիտնականի և Սեիդի գլուխները, իսկ պոռնիկին ազատ արձակեց:
Ընկիր և ելիր, քանի դեռ ողջ ես
Մի աշակերտ հարցրեց իր դաստիարակ սուֆիին.
– Ուսուցիչ, դու ի՞նչ կասեիր, եթե իմանայիր իմ անկման մասին:
– Ելիր:
– Իսկ հաջո՞րդ անգամ:
– Դարձյալ` ելիր:
– Եվ որքա՞ն կարող է դա շարունակվել` անընդհատ ընկնելն ու ելնելը:
– Ընկիր և ելիր, քանի դեռ ողջ ես: Չէ՞ որ նրանք, ովքեր ընկնում ու չեն ելնում, մեռած են:
Սատանայի խոսքերը
Կար-չկար մի դերվիշ: Մեդիտացիայի ժամանակ նա նկատեց, որ իր կողքին ինչ-որ սատանա է պտտվում:
Դերվիշը հարցրեց. «Ինչո՞ւ ես պարապ: Ինչո՞ւ չարիք չես գործում»:
Սատանան տխուր նայեց դերվիշին. «Այն ժամանակից ի վեր, որ հայտնվեցին Ճանապարհի այսքան շատ տեսաբաններն ու ինքնակոչ ուսուցիչները, ինձ համար գործ չի մնացել»:
Քարը
Մի անգամ սուլթան Մահմուդն անցնում էր Գազնայի` իր մայրաքաղաքի փողոցներից մեկով: Նա տեսավ մի աղքատ բեռնակրի, որ կոտորվում էր մի վիթխարի քարի ծանրության տակ, որ կրում էր իր մեջքի վրա, և, կարեկցելով դժբախտին, սուլթանը վսեմ զգացմունքներից դրդված` բացականչեց.
– Դեն նետիր քարը, բեռնակիր:
Բեռնակիրը միանգամից լսեց: Եվ այդ քարը մի քանի տարի ընկած էր այնտեղ` խանգարելով անցորդներին: Վերջապես քաղաքացիները դիմեցին տիրակալին, աղաչելով նրան` քարը ճանապարհից հեռացնելու հրահանգ տալ: Սակայն Մահմուդը, ղեկավարվելով պետական իմաստությամբ, նրանց այսպես պատասխանեց. «Այն, ինչը մի անգամ արվել է հրամանով, չի կարելի փոխարինել համազոր հրամանով, քանզի մարդիկ չպիտի մտածեն, թե թագավորական հրահանգները թելադրված են պատահական քմահաճույքով: Քարը կմնա առաջվա տեղում»:
Քարը շարունակում է ընկած մնալ այնտեղ, ուր մի անգամ նետվել էր, և Մահմուդի մահից հետո արքայական հրահանգների հարգանքից ելնելով` այն թողեցին տեղում:
Այս պատմությունը բոլորին քաջ հայտնի էր, և յուրաքանչյուր մարդ, իր ունակություններին և ըմբռնմանը համապատասխան, տեսնում էր երեք նշանակություններից մեկը: Միապետության թշնամիները համարում էին, որ այս դեպքն ավելորդ անգամ ապացուցում է, թե ինչ հիմարության կարող է հասնել ինքն իրեն հաստատել ջանացող հեղինակությունը: Ուժի առջև խնարհվող մարդիկ մեծ հարգանքով էին վերաբերվում բոլոր հրահանգներին, նույնիսկ` ամենաանհեթեթներին, և, հասկանալի է, այս դեպքում նույնպես իրենց խորհրդածություններով չէին ծանրաբեռնում: Բայց նրանք, ովքեր հասկանում էին, թե ինչ դատողություններով է ղեկավարվել արքան, ուշադրություն չէին դարձնում այն բանի վրա, թե ինչ էին նրա մասին մտածում անուշադիրները: Քանզի հրամայելով բեռնակրին քարը նետել այդպիսի տեղում, ուր նա բոլորին խանգարելու է, և այնուհետև, ի լուր ամենքի բացատրելով, թե ինչու քարը պիտի մնա իր նախկին տեղում, Մահմուդը մարդկանց, որ ունակ էին իրեն հասկանալու, ցույց էր տալիս, որ իրենք պիտի ենթարկվեն անցողիկ իշխանությանը, բայց միաժամանակ գիտակցեն, որ նրանք, ովքեր ղեկավարում են` հենվելով անփոփոխ դոգմաների վրա, մարդկանց չեն կարող մեծ օգուտ բերել:
Այդ պատճառով, նրանք, ովքեր յուրացրել են այդ դասը, հավելել են ճշմարտություն որոնողների շարքերը, և շատերն այդ ճանապարհով եկել են առ ճշմարտություն:
Սուֆիստը և բռնակալը
Երկրի ղեկավարը դաժան բռնակալ էր: Ժողովուրդը հոգնել էր նրա իշխանության ներքո ապրելուց, և մարդիկ եկան խնդրելու իմաստուն սուֆիստից, որպեսզի նա ազատի իրենց գահակալ հրեշից:
– Լավ, ես կփորձեմ,- ասաց իմաստունը:
Հաջորդ օրը նա եկավ պալատ, գահի առաջ ծնկաչոք ընկավ ու ասաց.
– Օ մեծն տիրակալ, ես պնդում եմ, որպեսզի ինձ հենց այստեղ սպանեն, հենց այս տեղում, ուղիղ տասնհինգ րոպեից:
– Այս սուֆին իսկական հերոս է,- շշնջում էին շրջապատողները:
– Նա ուզում է նահատակ դառնալ, որպեսզի ժողովուրդը, իր վախճանից ցնցված, ընդվզի և դեն նետի բռնակալության բեռը;
Տիրակալը, ինչպես և բոլոր բռնակալները, չափազանց կասկածամիտ էր.
– Բռնել նրան և տանջել, մինչև որ ասի, թե ինչու իրեն պետք եղավ սպանված լինել հենց այստեղ և որոշակի ժամին:
– Ոչ, տանջանքներ պետք չեն,- խնդրեց սուֆիստը: -Ես կասեմ: Մարդը, որ հիմա կմեռնի հենց այս տեղում, կվերածնվի` որպես աստվածություն: Այս գաղտնիքը ես գտա մի հին գրքում:
– Ծառաներ,- գոչեց բռնակալը, տեղնուտեղն ինձ սպանեք:
Իհարկե, ոչ մեկը չառարկեց և չհակառակվեց:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ