Սուֆիստական առակներ և պատմություններ

Սկիզբը` թիվ 43-ում

Բացատրելու թույլտվությունը
Սուֆիստական գրականության յուրահատկության պատճառով ճանապարհի ուսուցիչները հաճախ թույլատրում էին արժանավոր մարդկանց մեկնաբանել իրենց գրքերը: Իհարկե, ոչ բոլորն էին բավարարում պահանջները, և գտնվում էին շատ «Սուֆիներ», որ, մեկնելով սուֆիստ վարպետների գրքերը, իրենց համար կարիերա էին անում:
Պատմում են, թե ինչպես ոմն դերվիշ դատողություններ էր անում Ջամիի պոեմներից մեկի մասին, և հանկարծ ինչ-որ մարդ խցկվելով առաջին շարք` սկսեց գլուխը տարուբերել, ավելի ու ավելի հաճախ, ցուցադրելով գիտնականի խոսքերին ուղղված ակնհայտ անհամաձայնությունը:
Բոլորը սկսեցին նայել օտարականին, և, վերջապես, դերվիշը կասկածելի հայացքով զննեց նրան ու հարցրեց.
– Ոնց որ թե դուք ինձ հետ համաձայն չե՞ք:
– Այո,- պատասխանեց օտարականը:
– Եվ,- շարունակեց դերվիշը,- դուք ունե՞ք Մեծ Վարպետ Ջամիի թույտվությունն իր ստեղծագործությունները մեկնելու համար»:
– Ոչ,- ասաց օտարականը:
– Դե, ուրեմն, ո՞վ ես դու, և ի՞նչ իրավունքով ես քեզ այնպես պահում, կասկածի տակ առնելով այնպիսի նշանակալից մարդու խոսքերը, ինչպիսին ես եմ»,- գոչեց դերվիշը:
– Ես Ջամին եմ,- ասաց անծանոթն ու կորավ ամբոխի մեջ:

jesus_nicodemus_2Հարուստն ու աղքատը
Մեծ մարգարե Մովսեսը ճամփին էր առ Աստված, որպեսզի հարցնի, թե ինչպես շարունակի իր գործը, և ահա նա հանդիպեց մի չքավորի, ով հարցրեց.
– Դու ո՞ւր ես ուղևորվում, Մովսես:
– Ես գնում եմ Աստծուն տեսնելու, – պատասխանեց նա:
– Երբ տեսնես նրան, փոխանցիր, խնդրում եմ, որ ես աղքատ եմ և չգիտեմ՝ ինչպես բարելավեմ իմ կյանքը:
Մովսեսը խոստացավ փոխանցել: Շուտով նա տեսավ շատ հարուստ մի մարդու, ով հարցրեց.
– Դու ո՞ւր ես ուղևորվում, Մովսես:
– Ես գնում եմ Աստծու մոտ,- պատասխանեց Մովսեսը:
– Երբ տեսնես նրան,- ասաց հարուստը,- հարցրու, թե ես ի՞նչ անեմ: Ես ապահովված մարդ եմ և, այդուհանդերձ, Աստված շարունակում է ինձ ոսկով պատել:
Մովսեսը հանձն առավ և այդ խնդրանքը հաղորդել: Շուտով նա տեսավ Աստծուն և ասաց.
– Տեր իմ, ես եկել եմ քեզ մոտ, որպեսզի հարցնեմ, թե ինչպես շարունակեմ իմ գործը, և մեկ էլ, ինձ խորհուրդ է պետք երկու մարդկանց համար, որոնց ես հանդիպեցի ճանապարհին:
Աստված պատասխանեց.
– Օ, Մովսես: Դու ինձ հարցնում ես, թե ինչպես շարունակես քո գործը, բայց այս մարդկանց հետ պատահածը ցույց է տալիս, որ դու չես արել այն, որ կարող էիր անել` տալ աղքատին հարուստի ավելցուկը: Ինչպե՞ս ես կարող եմ քեզ ավելին հանձնարարել, եթե դու չես անում այն, ինչ որ հարկ էր անել:

Դերվիշը և նրա ցանկությունը
1360568062_suf_danceԵրբ մարդկանց հոգիները ստանում էին իրենց հատկությունները, հրեշտակներից մեկը թռավ այն հոգու մոտ, որը պիտի դերվիշ դառնար, և հարցրեց` նա ի՞նչ է ուզում: Դերվիշը պատասխանեց` ոչինչ, և շարունակում էր նստել` հայելով ճշմարտությունը:
Այդժամ հրեշտակն այցելեց մարդկային հոգիներին՝ հարցնելով նրանց, թե ինչ են նրանք ուզում:
Թագավորն ասաց` կարևորություն և ճոխություն:
Ծառան ասաց` աշխատանք:
Ռազմիկն ասաց` փառք:
Այդժամ հնչեց մի ձայն, որը դերվիշին ասաց.
– Դու քեզ համար ոչինչ չխնդրեցիր, և դեռևս ուշ չէ որոշումը փոխելու համար: Սակայն, քանի որ դու ճշմարտություն ես տենչում, քեզ կցուցանվի, թե ինչպես մարդիկ կօգտագործեն այն, ինչի մասին խնդրում ենգ
Եվ այդժամ դերվիշի առաջ հայտնվեց մի հայելի, և նա տեսավ կարևորությամբ և հանդիսավորությամբ լի թագավորներին, անդադար բանող ծառաներին, անընդհատ մարտնչող ռազմիկներին:
Այդժամ դերվիշը բացականչեց` իսկ ինչպիսի՞ն կլինի Գիտելիքների Մարդկանց ապագան:
Եվ այդ ժամանակ նա տեսավ քահանաներին և գիտուններին և բոլոր տեսակի մասնագետներին: Նրանցից հարցնում էին իրենց կարծիքները, դիմում էին բացատրություններ ստանալու և սովորելու համար: Եվ, իհարկե, նրանք հեռանում էին ճշմարտությունից և հեռացնում էին այլոց:
Դերվիշը բացականչեց` մի՞թե ճիշտ է, որ անկարելի է փնտրել ճշմարտություն` առանց կարծիքների, ճշմարտություն՝ առանց մոլագարության, փաստեր` առանց դրանց հետ անձնական կապվածության:
– Վախենամ, որ տալ այդ բաները, որոնց մասին դու խոսում ես, մարդկանց գոյություն ունեցող տեսակներին արդեն ուշ է,- ասում էր հրեշտակը,- այդ պատճառով էլ մարդիկ փաստերը գիտելիքի տեղ կընդունեն, կարծիքը` պայծառատեսության տեղ, իսկ պարտավորությունները` աստվածապաշտության և առաքինության տեղ:
– Բայց,- շարունակում էր դերվիշը,- մարդիկ ինչպե՞ս կիմանան, որ ճշմարտությունը դա կարծիքը չէ, իսկ համոզմունքները` արժանապատվություն չէ:
– Երբ կարծիքն ընդունվում է` որպես փաստ, այն չի համապատասխանում: Երբ փաստերն ընդունվում են` որպես գիտելիք, մարդու մեջ, ով ջանում է դրանք ներմղել իր մեջ, անհանգստություն է առաջանում: Ճիշտ նույնպես, երբ մոլագարությունը շփոթում են պարտքի հետ, հոգին դատարկ է մնում:
– Եվ ի՞նչ այդժամ,- հարցրեց դերվիշը:
– Այդժամ մարդիկ, որոնք ջանում են մեկը մյուսի տեղ անցկացնել, դառնում են փառասեր, բարկացկոտ, մանրախնդիր, այնպես որ, նրանց կողքից զննող մարդիկ սկսում են ճշմարիտ գիտելիք փնտրել:
– Բայց չէ՞ որ մարդիկ կարող են և չնկատել մասնագետների թերությունները:
– Իհարկե,- ասաց հրեշտակը,- բայց միայն մի դեպքում, եթե իրենց մեջ էլ չափազանց շատ է փառասիրությունը, էմոցիան և մանրախնդրությունը:

Հրեշը
Սա շատ հին պատմություն է, որ պատմել են մի ժամանակ մարդիկ, ովքեր ունկ էին դնում իմաստությանը: Քանի որ այս համայնքի մարդիկ քիչ են հետաքրքրվում այս խոսքերի իմաստով, արդեն կարևոր էլ չէ` պատմե՞լ են նրանք սա, թե՞ ոչ, կամ պահպանե՞լ են, թե՞ ոչ: Սակայն, անցնենք պատմությանը:
Այն պատմում է դրկից չորս ընկերների մասին, որ ուսանել էին այնպիսի վարպետների մոտ և սովորելու մեջ հասել էին տեսության և պրակտիկայի այնպիսի բարձունքների, որ յուրաքանչյուրը համարում էր, որ գտնվում է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այդ չորսը որոշեցին ճամփորդության ելնել և գործի դնել իրենց իմացությունները, քանզի արդյո՞ք չի ասվել. «Նա, ով գիտելիքներ ունի և չի օգտվում դրանցից, մի՞թե հիմար չէ»:
Նրանք բոլորը միասին ճամփա ելան, սակայն, ինչպես հայտնի էր նախկինում, ինչպես և հայտնի է հիմա, ի տարբերություն երեք ընկերների, որ հմուտ էին տեսության և պրակտիկայի մեջ, չորրորդը նվազ էր տիրապետում գիտելիքների, սակայն օժտված էր հասողությամբ, և որոշ ժամանակ անց, երբ նրանք միմյանց մասին ավելի շատ բան իմացան, մյուս երեքը զգացին, որ իրենց ընկերը չունի անհրաժեշտ հատկություններ, և ուզում էին նրան տուն ճամփել: Երբ նա հրաժարվեց, նրանք ասացին նրան. «Դա տիպական է այնպիսիների համար, ինչպիսին դու ես, որ անզգամ են առավել զարգացած մարդկանց արժանիքների նկատմամբ, և այդու համառում ես այն բանում, թե դու մեզ հավասար ես»: Բայց, այդուհանդերձ, նրանք թույլատրեցին նրան հետևել իրենց, թեպետ և նրան վտարել էին իրենց խմբից:
Եվ այնպես պատահեց, որ մի անգամ նրանք ճամփեզրին մի ինչ-որ կենդանու աճյուն ու ոսկորներ գտան:
– Ըհը,- ասաց առաջինը,- իմ ընկալման շնորհիվ ես այս ոսկրակույտի մեջ տեսնում եմ առյուծի կմախքը:
– Իսկ ես,- ասաց երկրորդը,- գիտելիքներ ունեմ, այնպես որ կարող եմ ըստ կմախքի` վերականգնել այս առյուծի մարմինը:
– Իսկ ես,- ասաց երրորդը,- տիրապետում եմ կյանքի կոչելու արվեստին, այնպես որ, ես կարող եմ կենդանացնել այս մարմինը:
Եվ նրանք որոշեցին այդպես էլ վարվել` կիրառելով իրենց գիտելիքները ոսկրակույտի վրա: Չորրորդը, սակայն, բռնեց նրանց ձեռքերն ու ասաց.
– Ես պիտի ձեզ ասեմ, որ թեպետ դուք չեք գնահատում իմ տաղանդն ու ընդունակությունները, ես, այդուհանդերձ, ինչ-որ բան հասկանում եմ: Սա իրոք առյուծի աճյուն է: Այն կյանքի կկոչեք, և նա տեղում մեզ կսպանի:
Սակայն այն երեքը չափազանց շատ էին տարված իրենց գիտելիքները կիրառելու հնարավորությամբ: Մի քանի րոպե անց նրանց առջև կանգնած էր մի վիթխարի, կենդանի և քաղցած առյուծ: Մինչ այդ երեքը զբաղված էին իրենց արարողություններով, չորրորդը մագլցեց մի բարձր ծառի վրա: Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սուրաց դեպի անապատ:
Միակ ողջ մնացածը ծառից իջավ և կարողացավ բարեհաջող տուն վերադառնալ:

Թալիսմանը
talismanՊատմում են, որ մի ֆաքիր, որ ուզում էր սովորել առանց որևէ ջանքի, որոշ ժամանակ անց վռնդվեց Շեյխ Շահ Գվաթաշարի խմբից: Երբ Գվաթաշարը ճանապարհում էր նրան, ֆաքիրն ասաց.
– Դու համբավ ունես, թե ունակ ես սովորեցնելու ողջ իմաստությունը մի ակնթարթում, և այդուհանդերձ դու սպասում ես, որ ես քեզ հետ այդքան շատ ժամանակ անցկացնեմ:
– Դու դեռ չես ուսանել սովորել այն, թե ինչպես սովորել: Սակայն դու կհայտնաբերես, թե ես ինչ նկատի ունեմ,- ասաց սուֆին:
Ֆաքիրը ձևացրեց, թե ինքը գնացել է, բայց ամեն գիշեր թաքուն մոտենում էր պատուհանին այն բանի համար, որ տեսնի, թե շեյխը ինչ է անում: Կարճ ժամանակ անց նա տեսավ, թե ինչպես շահ Գվաթաշարն ինչ-որ դրվագազարդ մետաղյա տուփից թանկարժեք քար էր հանում: Այդ քարը նա բռնում էր աշակերտների գլխավերևում` ասելով.
– Սա իմ իմացության հաղորդիչն է, և այլ բան չէ, քան Պայծառատեսության թալիսմանը:
– Դե ուրեմն հենց սա է Շեյխի ուժի գաղտնիքը,- մտածեց ֆաքիրը: Հենց նույն գիշեր նա սողոսկեց մեդիտացիայի դահլիճ և գողացավ թալիսմանը: Սակայն, որքան էլ նա չարչարվում էր, թանկարժեք քարը ոչ մի ուժ և գաղտնիք չէր ցուցաբերում: Նա դառնորեն հիասթափվել էր: Նա դարձավ ուսուցիչ, աշակերտներ հավաքեց և ջանում էր թալիսմանի օգնությամբ նորիցնոր լուսավորել նրանց կամ ինքն իրեն, բայց ամեն ինչ զուր էր:
Մի անգամ նա նստած էր իր սրբության առաջ այն բանից հետո, երբ աշակերտները գնացել էին քնելու, խորհրդածելով իր խնդիրների շուրջ, և հանկարծ նկատեց Գվաթաշարին, ով հայտնվեց նրա առաջ:
– Օ, ֆաքիր,- ասաց շահ Գվաթաշարը: -Դու միշտ կարող ես ինչ-որ բան գողանալ, բայց դու միշտ չէ, որ կարող ես ստիպել, որ դա աշխատի: Դու կարող ես նույնիսկ գիտելիքը գողանալ, բայց այն քեզ համար անօգուտ կլինի, ինչպես գողի համար, որ սափրիչից գողացել է ածելին (որ սարքվել է դարբնի իմացության շնորհիվ), բայց գաղափար չունի այն մասին, թե ինչպես պետք է սափրել: Ուստի ածելին պիտանի չէ նրա համար: Նա իրեն սափրիչ է հռչակում և կործանվում է այն պատճառով, որ չի կարողանում, դե, թեկուզ մի մորուք սափրել, և դրա փոխարեն` շատ կոկորդներ է կտրում:
– Բայց ես թալիսման ունեմ, իսկ դու` ոչ,- ասաց ֆաքիրը:
– Այո, դու թալիսման ունես, բայց ես էլ Գվաթաշարն եմ,- ասաց սուֆին,- իմ իմացությամբ ես կարող եմ այլ թալիսման սարքել, իսկ դու քո թալիսմանով չես կարող Գվաթաշար դառնալ:
– Ինչո՞ւ ես ուրեմն դու եկել, պարզապես ինձ տանջելո՞ւ,- գոչեց ֆաքիրը:
– Ես եկել եմ ասելու քեզ, որ եթե դու այդքան տառացիորեն չմտածեիր`երևակայելով, թե իբր ունենալով ինչ-որ իր, դա նույնն է թե` դրա օգնությամբ փոխվես, ապա դու պատրաստ կլինեիր սովորելու այն, թե ինչպես սովորես:
Սակայն ֆաքիրը համարում էր, թե սուֆին պարզապես փորձում է ետ ստանալ իր թալիսմանը, և, քանի որ նա պատրաստ չէր ուսանելու այն, թե ինչպես սովորի, ապա նա որոշեց անշեղորեն շարունակել թանկարժեք քարի հետ իր էքսպերիմենտները: Նրա աշակերտները շարունակում էին նույնն անել, ինչպես և նրանց հետնորդները: Փաստորեն ծեսերը, որ նրա անդադար էքսպերիմենտի արդյունքն են, մեր օրերում կազմում են նրանց կրոնի էությունը: Ոչ մեկը չի կարող պատկերացնել, թե որքան այդ իրադարձությունները ժամանակի հետ լուսաբանվեցին, և որ սովորույթներն ունեն իրենց սեփական ծագումը այն իրավիճակներում, որոնք հենց նոր պատմվեցին:
Հավատի հարգարժան պրակտիկները ջանում են լինել այնքան բարեպաշտ, որ այդ հավատը երբեք չի մեռնի:

Կուշտը
zpic49Մի մարդ եկավ Բահաուդին Նաքշբանդի մոտ և ասաց.
– Ես ճամփորդել եմ մի ուսուցչի մոտից դեպի այլ մեկը և ես շատ ճանապարհներ եմ ուսումնասիրել, որոնցից յուրաքանչյուրն ինձ շատ օգուտ է տվել: Հիմա ես ուզում եմ դառնալ քո աշակերտներից մեկը, որպեսզի ակունքից խմելու հնարավորություն ունենամ և ավելի ու ավելի առաջանամ Միստիկական ճանապարհով:

Բահաուդինը փոխանակ հարցին ուղիղ պատասխանելու, կարգադրեց ճաշ բերել: Երբ բերվեց բրնձով և տապակած մսով կերակուրը, նա հյուրի առաջ մեկը մյուսի ետևից լիքը ափսեներ էր դնում: Այնուհետև նա նրան միրգ ու թխվածք տվեց: Հետո կարգադրեց ևս մի աման փլավ և զանազան այլ կերակրատեսակներ բերել` բանջարեղեն, սալաթներ, կոնֆիտյուրներ: Սկզբում այդ մարդը շոյված էր, և, քանի որ Բահաուդինը հյուրի ամեն մի բան կուլ տալիս բացահայտ բավականություն էր դրսևորում, ապա նա ուտում էր այնքան, որքան կարող էր: Երբ նրա ուտելու տեմպը դանդաղեց, սուֆիստ Շեյխը շատ մեծ դժգոհության նշաններ ցուցաբերեց, և, որպեսզի խույս տա նրա դժգոհությունից, դժբախտ մարդը ևս մի աման բան կերավ:

Երբ նա արդեն չէր կարողանում անգամ մի հատիկ բրինձ կուլ տալ և ահավոր անհարմարության մեջ թիկն տվեց բարձին, Բահաուդինը նրան դիմեց հետևյալ խոսքերով.
– Երբ դու եկար ինձ այցելելու, դու նույնքան լեցուն էիր չմարսված ուսմունքներով, որքան որ հիմա լեցուն ես բրնձով ու մսով: Դու անհարմարություն էիր զգում, իսկ քանի որ դու ընտել չես իրական տեսակի հոգեկան անհարմարությանը, դու դա մեկնաբանում էիր` որպես հետագա գիտելիքների սով: Ստամոքսի խանգարումը` ահա քո վիճակը: Ես կարող եմ ուսուցանել քեզ, եթե դու հետևես իմ հրահանգներին և մնաս այստեղ, ինձ հետ, մարսելով կերածդ գործունեության միջոցով, որը ոչ մի կերպ քեզ չթվա կապված շնորհառության հետ, բայց համազոր կլինի ինչ-որ այնպիսի բան ուտելուն, որը քո սննդին յուրացվելու և սննդի, այլ ոչ թե քաշի վերածվելու հնարավորություն կտա:
Այդ մարդը համաձայնվեց: Նա այդ պատմությունը պատմեց տասնամյակներ անց` այդ ամենից հետո, երբ դարձել էր հանրահայտ և մեծ սուֆիստ ուսուցիչ Խալիլ Աշրավզադան:

Մուրացիկի թասը
sTXb89L45jQՀաղորդում են, որ մի անգամ մի չքավոր փողոցում արքային կանգնեցրեց: Արքան ասաց.
– Ինչպե՞ս դու համարձակվեցիր, չնչին մարդուկ, ընդհատել քո տիրոջ շարժումը:
Դերվիշը պատասխանեց.
– Մի՞թե դու կարող ես տեր լինել, եթե դու նույնիսկ չես կարող լցնել իմ թասը:
Նա երկարեց իր թասը, և թագավորը հրամայեց, որպեսզի այն ոսկով լցնեն: Բայց հենց որ թասը լցվում էր ոսկեդրամներով, այդ դրամները կորչում էին, և թասը դարձյալ դատարկվում էր: Ծառաները պարկը պարկի ետևից ոսկի էին բերում, և դեռ ապշեցուցիչ թասը խժռում էր բոլոր ոսկեդրամները:
– Կանգնեք,- գոչեց թագավորը,- որովհետև այդ աճպարարը դատարկում է իմ գանձարանը:
– Քեզ համար ես դատարկում եմ գանձարանը,- ասաց դերվիշը,- իսկ մյուսներին ես պարզապես ցուցանում եմ ճշմարտությունը:
– Ո՞ր ճշմարտությունը,- հարցրեց արքան:
– Ճշմարտությունը հետևյալն է` թասը` դա մարդու ցանկություններն են, իսկ ոսկին այն է, ինչ տրված է մարդուն: Մարդու խժռելու ընդունակությունը սահման չունի, ընդ որում, չենթարկվելով դույզն-ինչ փոփոխության: Տես, թասը կերավ համարյա թե քո ողջ հարստությունը, բայց սա նույն մաշված կոկոսի ընկույզն է, որը ոսկուց ամենևին չի փոխվել: Եթե դու կամենաս մտնել այս թասի մեջ,- շարունակում էր դերվիշը,- ապա այն քեզ ևս կխժռի: Դե ուրեմն այս դեպքում ինչպե՞ս կարող է թագավորն իրեն այնպես պահել, թե իբր նա ինչ-որ նշանակություն ունի:

Պատասխանատվությունը
Մի անգամ գիշերով ոմն գող փորձեց պատուհանից ներս խցկվել տուն: Բայց պատուհանի շրջանակը չդիմացավ նրա քաշին, նա փլվեց գետնին և ոտքը ջարդեց:
Գողը տանտիրոջը դատի տվեց:
Բայց տանտերն ասաց.
– Դատեք վարպետին, ով դրել է այդ շրջանակը:
Հյուսնն ասաց.
– Մեղավորը շինարարն է: Նա ճիշտ չի հաշվարկել պատուհանի համար նախատեսված արանքը:
Երբ բերեցին շինարարին, նա ասաց.
– Ես սխալվեցի հիասքանչ գեղեցկուհու պատճառով, ով անցնում էր կողքովս, երբ ես աշխատում էի:
Կնոջը գտան, և նա ասաց.
– Այն օրը ես գեղեցիկ զգեստ էի հագել: Սովորաբար ոչ մեկն ինձ վրա չի էլ նայում: Մեղավորը զգեստն է, որ շլացուցիչ գույներով էր ներկված:
– Վերջապես մենք գտանք մեղավորին,- ասաց դատավորը,- գտեք մարդուն, որ ներկել է զգեստը, և նա պատասխան կտա գողին հասցրած մարմնական վնասվածքի համար:
Գտան ներկարարին, և պարզվեց, որ նա այդ կնոջ ամուսինն է: Իսկ այդ կնոջ ամուսինը հենց ինքը` գողն էր:

Աղվեսի ապացույցը
Վաղուց, շատ վաղուց ապրում էր մի աղվես, որ անտառում հանդիպեց մի ճագարի ձագի: Ճագարն ասաց.
– Դու ի՞նչ բան ես:
Աղվեսը պատասխանեց.
– Ես աղվես եմ և ես կարող եմ քեզ ուտել, եթե կամենամ:
– Ինչպե՞ս դու կարող ես ապացուցել, որ դու աղվես ես,- հարցրեց ճագարը:
Աղվեսը չգիտեր, թե ինչ ասի, որովհետև նախկինում ճագարները, առանց համանման պարզաբանումների, փախչում էին նրանից:
Այդժամ ճագարն ասաց.
– Եթե դու կարող ես ինձ գրավոր վկայություն ցույց տալ, որ դու աղվես ես, ապա ես քեզ կհավատամ:
Այսպիսով, աղվեսը վազեց առյուծի մոտ, ով նրան հավաստագիր տվեց, որ նա աղվես է: Երբ նա վերադարձավ այնտեղ, ուր նրան էր սպասում ճագարը, նա սկսեց փաստաթուղթը կարդալ: Աղվեսին դա այնպիսի բավականություն էր պատճառում, որ նա ամեն մի պարբերության վրա կանգ էր առնում, որպեսզի երկարաձգի այն:
Այդ ընթացքում, ուղերձի իմաստն ընկալելով արդեն առաջին իսկ տողերից, ճագարը փախավ իր որջը և այլևս չէր երևում: Աղվեսը վազեց առյուծի մոտ, ուր նա տեսավ առյուծի հետ զրույցի բռնված մի եղնիկի:
Եղնիկն ասում էր.
– Ես ուզում եմ տեսնել գրավոր վկայությունն այն բանի, որ դու առյուծ ես:
Առյուծն ասաց.
– Երբ ես քաղցած չեմ, ես ինքս ինձ անհանգստացնելու կարիք չունեմ, իսկ երբ ես քաղցած եմ, ապա դու ոչ մի խզբզոցի կարիք չունես:
Աղվեսն առյուծին ասաց.
– Իսկ ինչո՞ւ դու ինձ չասացիր, որպեսզի ես այդպես վարվեմ, երբ ես ճագարի համար հավաստագիր էի ուզում:
– Իմ թանկագին ընկեր,- ասաց առյուծը,- հարկ էր, որ դու ինձ ասեիր, որ հավաստագիրը ճագարն էր պահանջում, ես կարծում էի` դա պետք է այն հիմար մարդկային էակների համար, որոնցից այս տխմար կենդանիներից ոմանք սովորել են համանման զբաղմունքը:

Ելման կետը
Բայազիդ Բիսթամին` սուֆիական Վարպետը, իր ինքնակենսագրությունում գրել էր.
«Երբ ես երիտասարդ էի, իմ բոլոր աղոթքների հիմքն աշխարհը փոխելու ցանկությունն էր: Ես խնդրում էի.
– Տեր, ուժ տուր ինձ, որպեսզի ես փոխեմ աշխարհը:
Ինձ ամեն ինչ սխալ էր թվում: Ես հեղափոխական էի, ես կամենում էի փոխել երկրի դեմքը:
Երբ ես հասունացա, ես սկսեցի այսպես աղոթել.
– Դա ոնց որ թե շատ է, կյանքը ձեռքիցս փախչում է: Կեսն անցել է, իսկ ես դեռ մի մարդու էլ չեմ փոխել: Այդ պատճառով, օ՜ Տեր, թույլ տուր փոխեմ ընտանիքս:
Իսկ երբ ես ծերացա, ես գիտակցեցի, որ նույնիսկ ընտանիքը` դա չափազանց շատ է: Վերջապես իմաստնացա, և հասկացա, որ եթե ինձ հաջողվի փոխել ինքս ինձ, դա բավական կլինի, առավել, քան բավական կլինի: Եվ ես սկսեցի այսպես աղոթել.
– Տեր, ես ամեն ինչ հասկացա, ես ուզում եմ ինքս ինձ փոխել: Թույլ տուր ինձ դա անել:
Եվ այդժամ Աստված ինձ այսպես պատասխանեց.
Այժմ արդեն քեզ ժամանակ չի մնացել: Հարկ էր դրանից սկսել: Դու պետք է այդ մասին մտածեիր ամենասկզբում:

Ոչ ամեն ինչ միանգամից
x_8c52cc8aՄի անգամ Ուսուցիչը եկավ դահլիճ, որպեսզի դիմի հավատացյալներին: Դահլիճը դատարկ էր, եթե չհաշվենք երիտասարդ ձիապանին, որ նստած էր առաջին շարքում:

Ուսուցիչն ինքն իր մեջ մտածեց` «Արդյո՞ք ես պիտի խոսեմ, թե՞ ոչ»: Եվ նա որոշեց ձիապանին հարցնել.
– Քեզնից բացի, այստեղ ոչ մեկը չկա, ի՞նչ ես դու կարծում, ես պիտի խոսե՞մ, թե՞ ոչ:
Ձիապանը պատասխանեց.
– Տեր իմ, ես հասարակ մարդ եմ և դրանից բան չեմ հասկանում: Բայց երբ ես ախոռ եմ գալիս և տեսնում եմ, որ բոլոր ձիերը դեսուդեն են գնացել, և մնացել է միայն մեկը, ես, միևնույն է, նրան կկերակրեմ:
Եվ Ուսուցիչը` սրտին մոտ ընդունելով այդ խոսքերը, սկսեց իր քարոզը: Նա երկու ժամից ավելի խոսում էր, և ավարտելով` իրեն թեթևացած զգաց: Նա կամեցավ հաստատում լսել, թե որքան լավն էր իր խոսքը:
Նա հարցրեց.
– Քեզ դուր եկա՞վ իմ քարոզը:
– Ես արդեն ասացի, որ ես հասարակ մարդ եմ և այնքան էլ լավ չեմ հասկանում այդ բաներից: Բայց երբ ես գալիս եմ ախոռ և տեսնում եմ, որ բոլոր ձիերը դեսուդեն են փախել, և մնացել է միայն մեկը, ես, միևնույն է, նրան կկերակրեմ: Բայց ես ողջ կերը նրան չեմ տա, քանի որ այն նախատեսված է բոլոր ձիերի համար:
Յուրաքանչյուր առակ` դա թեմա է մեդիտացիայի համար: Դրա օգնությամբ կարելի է սովորել ողջամտորեն ծախսել քո ուժերը:

Աստծո որոնումները
Ծերացած Բայազիդն ասում էր.
– Սկզբում ես փնտրում էի Աստծուն: Ես մարդկանց հարցնում էի` «Ո՞ւր է Աստված»: Եվ մի անգամ դա պատահեց, և ես սկսեցի մարդկանց հարցնել` «Որտե՞ղ Աստված չկա»:
Մի անգամ Աստված չկար, և ես հարցրի` «Կա՞ արդյոք մի տեղ, ուր Նա չկա»:

Մատանին
Մի երիտասարդ եկավ Դհուն-Նունի մոտ և ասաց.
– Սուֆիստները ճիշտ չեն:
Եգիպտացին մատից հանեց մատանին և տվեց նրան.

– Տար այս մատանին շուկայի առևտրականներին, և տեսնենք` արդյո՞ք դու կկարողանաս դրա համար մի ոսկի ստանալ:

Շուկայում ոչ մեկն այդ մատանու համար մի մետաղադրամից ավելին չառաջարկեց:
Երիտասարդը մատանին հետ բերեց:

– Հիմա,- ասաց Դհուն-Նունը,- այս մատանին տար իսկական ոսկերչի մոտ, և տեսնենք, թե նա այս մատանու համար որքան կվճարի:
Ոսկերիչը մատանու համար առաջարկեց հարյուր ոսկի: Երիտասարդն ապշել էր:

– Հիմա,- ասաց Դհուն-Նունը,- քո իմացությունը սուֆիստների մասին նույնքան շատ է, որքան շուկայի առևտրականներինը` ոսկերչական իրերի մասին: Եթե դու ուզում ես գնահատել թանկարժեք բաները, ոսկերիչ դարձիր:

Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս