Բաժիններ՝

Հայ ճարտարագետն աշխատում է մեզ ծանոթ առօրյա կիրառության էկրանների կառուցվածքը փոխելու ուղղությամբ

«Մինչև հիմա մեզ ծանոթ առօրյա կիրառության բոլոր էկրանները՝ հեռուստացույցների, սմարթֆոնների կամ համակարգիչների, բոլորը նույն կառուցվածքն ունեն: Քեմբրիջում իմ ուսումնասիրության թեման այն էր, թե ինչպես կարելի է սկզբունքորեն փոխել էկրանների կառուցվածքը: Այսինքն, նոր նյութեր օգտագործելով՝ ավելի արդյունավետ, ավելի հասանելի սարքեր ստանալ, նախագծել, օրինակ՝ թափանցիկ էկրաններ, որոնք կարողանան նաև ճկվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մասնագիտությամբ նանոճարտարագետ Ամալյա Կոստանյանը: Նրա խոսքով՝ ներկայիս հեղուկ բյուրեղ էկրանների կառուցվածքը փոփոխվելուց հետո նոր տեսակի էկրանները կարող են կիրառվել նաև նոր տիպի սարքավորումների մեջ, օրինակ՝ «խելացի» ձեռքի շղթաների կամ ժամացույցների դեպքում:

Ամալյա Կոստանյանը զբաղվում է նանոկառուցվածքների ստեղծմամբ, նախագծմամբ ու ուսումնասիրությամբ: Ա. Կոստանյանը պատմում է, որ իր մասնագիտական ոլորտում առաջին առարկան, որ Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա) ուսումնասիրել է՝ եղել է սեփական գլխի մազը, դրա նանոկառուցվածքն ու շերտերը: «Արդյունքում՝ պարզվեց, որ իմ մազը 70 միկրոմետր է, ինչը շատ հաստ է համարվում, քանի որ մեր լաբորատորիայում գտնվող այլ մարդկանց մազերը չափվում էին, օրինակ՝ 30-40 միկրոմետր»,- ասում է Ա. Կոստանյանը՝ նշելով, որ ինքն իր  ուսումնասիրությունները սկսել է նախ՝ հեղուկ բյուրեղիկների, այնուհետև՝ նաև խորացել է հեղուկ բյուրեղիկների նոր տեխնոլոգիաների մշակմամբ ու նոր նյութերի ուսումնասիրությամբ:

Այդ ամենի արդյունքում՝ առաջարկել է մի սարքի նախատիպ, որն արդեն ասպիրանտուրայի ժամանակ ցանկանում է զարգացնել:

«Ներկայում շուկայում առկա բոլոր էկրանները հիմնականում ապակու և, որոշ դեպքերում էլ՝ պլաստիկի հիման վրա են կառուցված, սակայն այս սարքերի էկրանների կառուցվածքի հիմքի հետ կապված մի քանի խնդիրներ կան: Բացի այդ՝ այժմ բոլորս էլ ականատես ենք լինում, թե ինչպես է հաճախ սմարթֆոնների էկրանը ջարդվում, օրինակ, ինչ-որ հարվածի դեպքում, որովհետև էկրաններն ապակու հիմքի վրա են նախագծվել: Հետևաբար՝ պետք է մտածել և ստեղծել այնպիսի էկրան, որը կպարունակի օրգանական նյութ,  չի ջարդվի  և ինչ-որ արտաքին ազդեցությունների նկատմամբ ավելի կայուն կլինի»,- ասում է Ա. Կոստանյանը: Ըստ նրա՝ գիտության մեջ կարևոր է ոչ միայն պարզապես ուսումնասիրությունների իրականացումն ու հոդվածների հրապարակումը, այլ նաև այն, որ քո ուսումնասիրության արդյունքում որևէ նոր գործիք կամ նոր միջոց ստեղծես մարդկության համար, որը կիրառություն կունենա:

Կարդացեք նաև

Մինչ Քեմբրիջ գնալը՝ Ա. Կոստանյանը սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային տեխնոլոգիաներ մասնագիտությունը:  Մասնագիտացումը  նա ընտրել է նույնականացված ավտոմատացման համակարգերում, որից հետո ամառային դպրոց-դասընթացներ է անցել Ուտրեխտի համալսարանում (Նիդեռլանդներ):

«Ուտրեխտում ուսումնասիրելով նանոկետերը՝ ես  մի այլ աշխարհ բացահայտեցի ինձ համար, որտեղ նանոկետերը՝ թե՛ իրենց հետաքրքիր հատկություններով, և թե՛ հնարավորություններով, շատ խոստումնալից են:  Վերջիվերջո, ամեն ինչ նանոկառուցվածքներից է կազմված…»,- ասում է Ա. Կոստանյանը:

Նա պատմում է, որ մեկ տարի շարունակ գտնվելով Քեմբրիջում՝ ինքն արմատապես փոխվել է: Ա. Կոստանյանը, արդեն մի քանի ամիս է, վերադարձել է Մեծ Բրիտանիայից ու պատրաստվում է առաջիկայում՝ արդեն աշնանը, միջոցներ հայթայթելու դեպքում՝ կրկին գնալ այնտեղ և իր ուսումնասիրությունները շարունակել: Քեմբրիջում մասնագիտանալով նանոճարտարագիտության ոլորտում՝ Ա. Կոստանյանը սկսել է աշխատել Քեմբիջում գործող Կիրառական ֆոտոնիկայի և էլեկտրոնիկայի կենտրոնում:

Ա. Կոստանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս