Swarovski-ի գաղտնիքը. ի՞նչ է լինում, երբ ջութակ նվագելուց ձանձրանում ես
Բրենդի պատմություն
Ավստրո-հունգարական տիրության հյուսիսում գտնվող Բոհեմիայի լեռները (այժմյան Չեխիա) ճանաչված են իրենց բոհեմական ապակիով, որը մարդկանց կողմից մշակվել է դարեր շարունակ՝ դեռ մինչև արդյունաբերական հեղաշրջումը: Ժամանակին իրեն հարգող յուրաքանչյուր բոհեմացի իր տանն ապակու մշակման արհեստանոց ուներ: Բացառություն չէր նաև 1862թ. ծնված Դանիել Սվարովսկիի հայրը: Նրա արհեստանոցը, սակայն, մեծ հաջողություն չուներ: Նա ապակուց պատրաստում էր մանր զարդեր և կենցաղում անհրաժեշտ այլ պարագաներ: Որոշ իրեր էլ վաճառում էր: Դանիելը մի քանի տարի աշխատեց ընտանեկան բիզնեսում, ջութակ նվագեց, այնուհետև ձանձրացավ: Բոհեմիայի այդ փոքրիկ գյուղը նրան չբավարարեց: Ինչպես ասում են՝ մեծ գործերն իրականացվում են մեծ քաղաքներում: Դանիելը մեկնեց Փարիզ՝ քիմիա, ֆիզիկա և մեխանիկա ուսումնասիրելու: Մի օր էլ այնտեղ մասնակցեց Համաշխարհային էլեկտրատեխնիկական ցուցահանդեսին: Խորհրդավոր մեխանիզմների և դրանց ոչ պակաս խորհրդավոր հայտնագործողների շրջապատում նա մտածեց՝ իսկ հնարավոր չէ՞ արդյոք ապակի հղկեցնող սարք ստեղծել: Պարզվեց՝ հնարավոր է: 1891թ. Դանիել Սվարովսկին պատրաստեց առաջին էլեկտրական հղկեցնող հաստոցը, որը թույլ տվեց մեծ քանակությամբ որակյալ քարեր և բյուրեղ մշակել: Դրանից հետո անհրաժեշտ էր զանգվածային արտադրություն սկսել և իրացման շուկա գտնել: Այստեղ էլ Դանիելը խորամանկեց:
Նա չցանկացավ մրցակցել իր հայրենակիցների հետ, բացի այդ էլ, Բոհեմիայում էլեկտրաէներգիան թանկ էր: Սվարովսկին տեղափոխվեց Ավստրիա և Ինսբրուկ քաղաքի մերձակայքում գտնվող փոքրիկ գյուղում՝ Վատենսում, գտավ հին, լքված մի ֆաբրիկա: Նրան գրավեց նաև Տիրոլյան լեռներում հիդրոէլեկտրակայանի ներուժն օգտագործելու հնարավորությունը (այսօր նույնպես Swarovski ընկերությունն ինքն իրեն ապահովում է սեփական էլեկտրաէներգիայով): Հենց Վատենսում էլ տեղի ունեցավ ոչ թանկարժեք բյուրեղների առաջին թողարկումը, որոնք արտաքնապես նման էին իրական թանկարժեք քարերի. դրանք փայլում էին ադամանդի պես:
Սակայն Սվարովսկին երբեք չէր փորձում թաքցնել իմիտացիայի փաստը, քանզի վստահ էր բյուրեղի իրական և բնական գեղեցկության մեջ: Մի քանի տարվա ընթացքում Դանիելն իր որդիների հետ բյուրեղի մշակման տեխնոլոգիան այնպես կատարելագործեց, որ Վենետիկի հայտնի ապակու գործարանները սնանկացան: Սվարովսկու գործերն արդեն ճանաչված էին ողջ Եվրոպայում: Ֆաբրիկան սկսեց հսկայական պատվերներ ընդունել, 200-ից ավելի աշխատող ընդունեց: Եվ 1900թ. ծնվեց աշխարհահռչակ Swarovski բրենդը:
Այն արագորեն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Մերիլին Մոնրո, Մառլեն Դիտրիխ, Կոկո Շանել, Էլզա Սկյապարելի, Կրիստիան Դիոր, Իվ Սեն-Լորան, Մայքլ Ջեքսոն, Թինա Թյորներ և այլք իրենց կրած և ստեղծած զգեստներում օգտագործել են Swarovski-ի գործերը:
1956թ. Դանիել Սվարովսկին մահացավ՝ ընտանիքին թողնելով ծաղկող բիզնեսը: Հենց այդ տարիներին նրա թոռը՝ Մանֆրեդ Սվարովսկին, ստեղծեց բազմագույն բյուրեղների արտադրության տեխնոլոգիան: 1976թ. Swarovski ընկերությունը սկսեց արտադրել բյուրեղյա տարբեր պատկերներ և արձանիկներ:
Դանիել Սվարովսկիի փիլիսոփայության համաձայն՝ ընկերությունն այսօր էլ շարունակում է հսկայածավալ ներդրումներ կատարել տարբեր գիտական նորամուծությունների մեջ: Արտադրության համար անհրաժեշտ ամբողջ հումքն ու գործիքներն արտադրվում են հենց Swarovski ընկերության կողմից: Յուրաքանչյուր հավաքածուի ստեղծումից հետո դրանք անխղճորեն ոչնչացվում են, քանզի ընտանեկան այս ձեռնարկությունը զգուշորեն պահպանում է իր բոլոր արտադրական գաղտնիքները. դեռ ոչ մեկի չի հաջողվել բացահայտել Սվարովսկիի «բաղադրատոմսը»: Ընկերության գլխավոր գրասենյակն էլ իր հիմնադրման օրվանից մինչև այսօր գտնվում է Վատենսում:
Բյուրեղի աշխարհը
1995թ. Swarovski ընկերության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ՝ նկարիչ Անդրե Հելերը ստեղծեց բյուրեղի թանգարանը, որը կոչվում է «Swarovski-ի բյուրեղյա աշխարհներ»: Այն գտնվում է Վատենսում, Ինսբրուկից 15 կիլոմետր հեռավորության վրա, Դանիել Սվարովսկիի առաջին գործարանի վայրում, ընկերության գլխավոր գրասենյակից ոչ հեռու: Հելերի հետ թանգարանի ստեղծման վրա աշխատել են Բրայան Ինոն, Նիկի դը Սեն-Ֆալը և այլ արվեստագետներ:
Սա սովորական թանգարան չէ. այստեղ ոչ թե բյուրեղի պատմությունն է ներկայացված, այլ՝ հենց բյուրեղը՝ տարբեր ձևերով: Հելերը ստեղծել է ստորգետնյա մի հեքիաթային աշխարհ՝ յուրօրինակ գանձերով փայլող: Այն իրենից ներկայացնում է 13 սրահից, ռեստորանից, Swarovski ամենամեծ խանութից, հատուկ ցուցահանդեսներից, VIP սրահներից բաղկացած լաբիրինթոս:
Թանգարանի միայն մուտքն է վերգետնյա, որը կառուցվել է հսկայի գլխի կերպարով: Վերջինիս աչքերի փոխարեն՝ կանաչ բյուրեղներ են, իսկ բերանից անդադար ջրվեժ է գահավիժում: Աջ հատվածում այգի է՝ ձեռքի տեսքով:
Թանգարանում են գտնվում Swarovski ամենամեծ և ամենափոքր բյուրեղները, որոնք տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում: Ամենախոշոր գործը 310 հազար կարատ է՝ 40 սմ տրամագծով, իսկ ամենափոքր բյուրեղի տրամագիծը 0,8 մմ է: