Բաժիններ՝

Առաջին ինտերակտիվ արձանը Երևանում է (լուսանկարներ)

««Ընթերցողի արձան» անվանմամբ արձաններ աշխարհում շատ-շատ կան: Ես բազում անգամ դա նշել եմ, որովհետև մինչև Երևանը, գրքի մայրաքաղաքներ են եղել շատ քաղաքներ, և, հետևաբար, ամեն գրքի մայրաքաղաք լինելուց հետո՝ եղել են «Ընթերցողի», «Գրքի» արձաններ: Մեր արձանի եզակիությունը ոչ թե նրանում է, որ այն կոչվում է՝ «Ընթերցողի արձան», ոչ թե նրանում է, որ կարելի է բարձրանալ վրան նստել, նկարվել և ընթերցող լինել, այլ արձանի եզակիությունը միայն նրանում է, որ այն առաջին արձանն է, որն ունի էլեկտրոնային կոնտենտ, այսինքն՝ այն ինտերակտիվ է»,- անդրադառնալով վերջերս կայքերից մեկում տեղադրված քննադատական հոդվածին, ըստ որի՝ «Ընթերցողի քանդակն» իր տեսակի մեջ միակը չէ, և աշխարհի շատ քաղաքներում տեղադրվել են նմանատիպ արձաններ, 168.am-ի հետ զրույցում ասաց ոսկերիչ-դիզայներ, «Ընթերցողի արձանի» հեղինակ Նուռը (Արման Դավթյան):

Դիզայները հորդորեց և խնդրեց բոլոր լրագրողներին՝ մտնել Վիքիպեդիա և փնտրել, թե ի՞նչ է նշանակում «ինտերակտիվ» բառը:

«Այս արձանն առաջին նախադեպն է, որն ունի իր սեփական ինտերնետը, սեփական կայքը՝ www.Karda.am: Այս արձանի մոտից կարելի է այցելել միայն տվյալ կայք: Այս արձանը կոչ է անում բոլորին՝ կարդալ»,- մանրամասնեց Նուռը:

Մեր այն հարցին, թե արձանի տեղադրվելուց հետո ինչպիսի՞ կարծիքներ է լսել հեղինակը, Նուռը պատասխանեց. «Միմիայն լավ կարծիքներ եմ լսել: Իրականում ես շատ անվստահ էի, որովհետև սեփական աշխատանքի նկատմամբ հնարավոր չէ լինել օբյեկտիվ, և, երբ որ այն հանձնում ես ժողովրդի դատին, ապա պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Կարծիքների 90%-ը եղել է ոչ թե՝ լավն է, ոչ թե՝ շնորհավորում եմ, այլ՝ շնորհակալություն: Ինձ համար բարձրագույն գնահատական է, որ մարդն արձանն ընկալում է՝ որպես անձնական նվեր»:

Դիզայներից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս կգնահատի Երևանի ներկայիս տեսքը. «Շատ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս, բայց շատ բաներ էլ կան, որ դուր գալիս են: Ինչ էլ որ կա, այն մեր ներկայիս քաղաքն է: Մենք էլ կատարյալ չենք, ունենք լավ ու վատ կողմեր, բայց եթե մեզ սիրում են, ապա սիրում են ամբողջությամբ: Եթե մենք սիրում ենք մեր քաղաքը, ապա սիրում ենք ամբողջությամբ՝ իր թերություններով ու առավելություններով հանդերձ:
Երևանն արտաքին հայացքից յուրօրինակ քաղաք է, մնացած քաղաքներից տարբերվում է թեկուզ հենց միայն իր գույնով: Երևանն ունի իր աուրան, էներգետիկան, ջերմությունը, որը յուրովի իրենն է, և ոչ մի քաղաքի նման չէ»:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Նուռն ասաց, որ ինքն արդեն սկսել է մտածել նոր արձանի մասին, որը կրկին կտեղադրվի Երևանում. «Մի քանի տարի առաջ անզգույշ արտահայտություն արեցի՝ «Ես զարդարել եմ շատ-շատ մարդկանց, շատ-շատ երևանցիների և կուզեի զարդարել Երևանը»: Երևի մտքերն իրականանալու ունակություն ունեն: Հավատացած եղեք, որ այս արձանն «Ընթերցողի արձանին» իր յուրահատկությամբ չի զիջելու»:

1366972195_4637656_ts1366972659

Nur Ardzan (1) Nur Ardzan (2) The Reader52 The Reader01 Nur Nur Ardzan (4)


Nur Ardzan (9)
Nur Ardzan (6)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս