Բաժիններ՝

Իվան Կնունյանց: Քիմիկոսը, գեներալը, նկարիչ-վերականգնողը

Հայ կյանքի հանրագիտարան

Կնունյանցներն Արցախ աշխարհի հատընտիր գերդաստաններից են: Նրանցից առավել հայտնի են Բոգդան և Լյուդվիգ Կնունյանց եղբայրները: Վերջինիս ընտանիքում 1906 թ. Շուշիում ծնվել է ապագայի ականավոր քիմիկոս Իվան Կնունյանցը:
1928 թ. ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: 1938-1954 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում: 1939 թ. 33 տարեկանում արժանացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի:

1954 թվականից մինչև կյանքի վերջը` 1990 թ., ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տարր-օրգանական միացությունների լաբորատորիայի վարիչն էր: 1953թ. ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Նշենք, որ մինչ այդ հայազգի գիտնականներից հիշյալ ակադեմիայի իսկական անդամներ են եղել Հակոբ Մանանդյանը (1939թ.), Վիկտոր Համբարձումյանը (1953թ.), Հովսեփ և Լևոն Օրբելի եղբայրները (1935թ.):

1949 թ. Իվան Կնունյանցին շնորհվել է ճարտարագիտության գեներալ-մայորի` զինվորական, 1966-ին` սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներ: Հայազգի քիմիկոսի հետաքրքրությունների տեսադաշտը շատ ընդարձակ է եղել. օրգանական քիմիա, քիմիական արդյունաբերության տարաբնույթ խնդիրներ, քիմիական ռեակցիաների մեխանիզմներ, դեղանյութեր, սինթետիկ մանրաթելեր, ներկանյութեր, սպիտակուցի քիմիա, ժառանգականության քիմիական հիմունքներ:

Կարդացեք նաև

Կնունյանցի ջանքերով իրականացվել է B1 վիտամինի ստացման ելանյութերից մեկի արտադրության եղանակը: Իվան Կնունյանցը ֆտորօրգանական միացությունների քիմիայի հիմնադիրն է ԽՍՀՄ-ում, հայկական և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ, ԽՍՀՄ Պետական (1943, 1948, 1950) մրցանակների դափնեկիր: Հեղինակ է շուրջ 300 գիտական ծանրակշիռ ուսումնասիրությունների:

Անգլերենով լույս տեսած «Ֆտորի քիմիա» ամսագրի գիտական խմբագիրն էր 1972 թ.: Հիմնադրել է Դ.Ի. Մենդելեևի անվան համամիութենական քիմիական ընկերությունը:
Քիմիկոս Իվան Կնունյանցի անունը շատ-շատերին է հայտնի: Սակայն քչերին է հայտնի, որ օրվա մեծ մասը քիմիական լաբորատորիայում անցկացրած, աշխարհի տարբեր անկյուններում գիտաժողովներին մասնակցած, մեծ թվով ասպիրանտների գիտական աստիճանի հասցրած այդ մշտազբաղ անհատականությունը դեռ ժամանակ է գտել զբաղվելու նկարչությամբ, ինչպես նաև` 16-19-րդ դարերում ստեղծագործած դասական նկարիչների գործերի վերականգնման աշխատանքներով:

Ամեն ինչ սկսվեց 1963 թվականից, երբ նա Լենինգրադին մերձ անտառներից մեկում շրջագայելիս հյուրընկալվել է անտառապահի տնակում: Զրույցն ուղեկցվել է թեյախմությամբ:

Անտառապահը թեյամանը դրել է խունացած, փոքր-ինչ անսովոր տեսքով տախտակ-դրոցի վրա, ինչը չի վրիպել քիմիկոսի աչքից: Անսալով Կնունյանցի խնդրանքին, անտառապահն այդ «անպետք» տախտակը նվիրել է նրան: Մի քանի ամիս անց Կնունյանցն իր իսկ պատրաստած լուծիչների խառնուրդով մաքրել է տախտակի մակերեսըգ Երբեմնի խունացած, առաջին հայացքից սովորական փայտի մի կտոր հիշեցնող այդ տախտակը 17-րդ դարում ստեղծագործած հոլանդացի նկարիչ Իորիս Վան Սոնի գլուխգործոց նատյուրմորտն է: Վերականգնված այդ տախտակի մակերեսին հիմա թափանցիկ ու նուրբ երանգներով ուրվագծվում են խաղողի խոշոր հատիկներ, դեղձեր, գավաթում փայլփլող գինին, ծովային բազմաոտ խեցգետինը:
Հոլանդացի նկարչի ստեղծագործություններից ԽՍՀՄ շատ քիչ են եղել: Էրմիտաժում նրա կտավներից միայն մեկը կա:

Իվան Կնունյանցի տքնաջան աշխատանքի շնորհիվ այդ տախտակն ազատվեց դարերի խավար շերտից և հնարավոր դարձրեց դրանով հիանալու միլիոնավոր մարդկանց: Վերականգնման առաջին աշխատանքը բախտորոշ եղավ գիտնականի համար: Քիմիական լաբորատորիայից վերադառնալիս նկարների վերականգնումը կարծես նրա երկրորդ մասնագիտությունը դարձավ: Ի՞նչ է իրականում կտավի վերականգնումը, իր նախկին անաղարտ տեսքին բերելը:

Առաջին հայացքից դյուրին թվացող այդ գործն իրականում պայմանավորված է մասնագիտական մեծ հմտություններով: Իվան Կնունյանցն ապացուցեց, որ դրա համար քիմիկոս լինելը ոչ միայն ցանկալի է, այլև` պարտադիր:

Անհրաժեշտ լուծիչ ընտրելու համար վերականգնողը շատ հաճախ ստիպված է լինում բարդ ու տքնաջան հետազոտական աշխատանք իրականացնել: Նախ անհրաժեշտ է պարզել, թե տվյալ նկարն ինչ ներկերով է նկարված, ինչպիսին է կտավի բնույթը: Նշենք, որ արվեստում կտավն այն գործվածքն է, որի վրա ստեղծվում է յուղաներկ (սակավ` սոսնձաներկով, տեմպերայով) գեղանկարչական աշխատանք: Կարևոր մի հանգամանք ևս պետք է նկատի ունենա վերականգնողը: Ինչպիսի՞ն է կտավի այն շերտի բաղադրությունը, որը պետք է հեռացվի դրա վրայից: Հին նկարների վերականգնման արվեստը կատարողից, ինչպես և սպասվում է, պահանջում է մեծ գիտելիքներ, համբերություն և կամք:

Իվան Կնունյանցի երկարատև և հետևողական աշխատանքի շնորհիվ` վերականգնվեցին 16-րդ դարի իտալացի նկարիչներ Սանտի Դիտիտոյի «Տիրամայրը մանկան հետ», Ջովաննի Ֆրանչեսկո Գվերչինոյի (1591-1666) «Ծերուկը և պատանին», ֆրանսիացի նկարիչ Պիեռ Պոլ Պրյուդոնի (1758-1823) «Աղջկա փոքրիկ դիմանկար» նկարները:

Միայն սրանցով չի սահմանափակվում մեծ քիմիկոս-վերականգնողի գիտական սխրանքը: Նրա տքնաջան և հետևողական աշխատանքների շնորհիվ մոռացությունից հանվեցին 19-րդ դարի համաշխարհային հանրահայտ գեղանկարիչների կտավներ, որոնցից հատկապես հարկ է նշել անգլիացի վաղամեռիկ գեղանկարիչ Ռիչարդ Պարկս Բոնինգտոնի (1801-1828) բնանկարներից մեկը: Իվան Կնունյանցի վերականգնած կտավներից է նաև «Տիրամայրը», որի տարիքն ու ծագումը մինչև այժմ դեռ ճշգրտորեն պարզված չէ: Հետազոտողների մի մասի կարծիքով` այն նկարել է Ռաֆայելի դպրոցին պատկանող վերածնության դարաշրջանի նկարիչներից մեկը:

Կտավների վերականգնումից բացի, հայազգի քիմիկոսը մեկ այլ հետաքրքրության բնագավառ է ունեցել: Նա զբաղվել է նաև 18-19-րդ դարերի հին կահույքի վերականգնման աշխատանքներով: Շատուշատ կահույքագործներ, անգամ` կարմրափայտագործներ, կզարմանային` նայելով հին, կիսաքայքայված բազկաթոռին նորի տեսք տված նրա աշխատանքներին:

1984 թվականին Կիևում ռուսերենով լույս է տեսել «Քիմիկոսներ» կենսագրական բառարանը: Դրանում ընդգրկված շուրջ 1200 քիմիկոսներից 8-ը հայեր են, որոնցից մեկն Իվան Լյուդվիգի Կնունյանցն է:

ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս