Իսրայելը գոհ է մնացել Անկարայում անցկացրած բանակցություններից
Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվել է թուրք-իսրայելական բանակցությունների առաջին փուլը՝ կապված Իսրայելի կողմից «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ 9 թուրքի սպանության կապակցությամբ փոխհատուցում վճարելու հետ:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իսրայելը գոհ է մնացել այդ անկեղծ հանդիպումից, և որ երկու երկրներին հաջողվել է պայմանավորվածության գալ բոլոր հարցերում, այդ թվում նաև ևս մեկ անգամ հանդիպելու շուրջ:
Իսրայելական պատվիրակությունն Անկարան լքել է նույն օրը: Միևնույն ժամանակ իսրայելական ԶԼՄ-ները տարբեր թվեր են նշում փոխհատուցման ծավալի շուրջ: Մասնավորապես, The Times of İsrail կայքը հայտնել է, որ Իսրայելը զոհված ակտիվիստների ընտանիքներին ցանկանում է հատկացնել մեկական միլիոն դոլար:
Մինչդեռ Իսրայելի զինված ուժերի ռադիոյի պնդմամբ՝ Իսրայելը պատրաստ է յուրաքանչյուր ընտանիքին վճարել առավելագույնը 150.000 դոլար: