Horror vacui` որպես հայ հասարակության հիմնական սկզբունքներից մեկը
Մի հին անեկդոտ կա այն մասին, թե ինչո՞ւ չի կարելի Հանրապետության հրապարակում մարդ բռնաբարել։ Պատասխանը` քանի որ կողքից խորհուրդ տվողներն այնքան շատ են, որ կխանգարեն։
Հիմար անեկդոտ է, բայց բավական պարզ կերպով նկարագրում է մետաֆիզիկական մի քանի հասարակական իրողություններ։ Վերջերս, սակայն, տիեզերական բևեռները Հայաստանի հանդեպ, թերևս, փոխվել են։ Վերջին տարիներին Հանրապետության հրապարակում անընդհատ բռնաբարելու դեպքեր են արձանագրվում։
Լենինին տարիներ առաջ Հանրապետության հրապարակից ուղարկեցին «անժամկետ» արձակուրդի, և այդ օրից սկսած` նրա տեղում ժամանակ առ ժամանակ փորձեր են արվում որևէ բան «տնգել»։ Իհարկե, ազգային մշակութային վերելքի յուրօրինակ մարմնավորում էր հանդիսանում նույն հրապարակի ուղիղ կենտրոնում տարիներ առաջ բառացիորեն «ցցված» հեռուստաէկրանը։ Հետո դա էլ անհետացավ։
Եվ պարզվեց, որ հայ մտավորական մտքին տարիներ շարունակ հանգիստ չի տալիս հրապարակում առաջացած դատարկությունը։ Էլ ինչ ասես` այդ տեղում չեն ուզում տեղադրել. է՛լ ապացույց, որ բոլոր ազգերը հայերից են առաջացել (երևի, արժե բոլոր հպատակ ժողովուրդներին ետ բերել հրապարակ, ստիպել, որ նայեն և ոգեշնչվեն), է՛լ սերվեր, ուր բոլոր հայերի տոհմածառերը կարող են լինել, և բոլորը կկարողանան գալ և իրենց ցեղի մասին տեղեկատվություն ստանալ (հետն էլ մտնել հուշարձանից «Օդնոկլասսնիկի» կայք և շփվել տոհմածառի չաթում օն-լայն բեկորների հետ), և այլն, և այլն։ Ես էլ էի մտածում իմ առաջարկը ներկայացնել` բաց նամակով, ուղղված նախագահին, վարչապետին և կադաստրի պետին. տեղադրել Հանրապետության հրապարակում շատ մեծ դուռ, որը կտանի դեպի այլընտրանքային իրականություն։ Էլի վատ գաղափար չէ։ Հետն էլ` Գինեսի ռեկորդների գրքի մեջ կհայտնվենք։ Էլ չեմ ասում, որ կշփվենք այլընտրանքային հայերի հետ։
Լավ, համոզեցիք, իմ առաջարկը դեռ ժամանակավրեպ է. յոթերորդ-ութերորդ հանրապետություններին կսպասեմ… Բայց, մյուս կողմից, հարց է ծագում. որտեղի՞ց է հայտնվում Հանրապետության հրապարակում որևէ բան տեղադրելու համառ ցանկությունը:
Ինձ թվում է` այս ամենի պատճառը հայաստանյան հասարակության մեջ արմատացած այն յուրահատուկ զգացմունքն է, սկզբունքը, որը եվրոպացի գիտնականները, հետևելով Արիստոտելին, անվանում էին Horror vacui, այսինքն` վախ դատարկության առջև։
Մեր Երևանում, մեր տներում կլաուստրոֆոբիայով տառապող ցանկացած մարդ շատ շուտ սկսում է շնչահեղձ լինել։ Պատճառն այն է, որ չգիտակցելով` մենք ամեն մի դատարկ անկյուն փորձում ենք մի բանով լցնել, թույլ չտալ, որ այնտեղ դատարկություն առաջանա։ Եթե քաղքենի ընտանիք է, ապա դատարկությունը լցվում է «Մադոնյա սեռվիսներով»: Ինչո՞ւ ոչ, նաև «Ռոմեո և Ջուլիետա սեռվիսներով» (ովքեր չգիտեն տարբերությունը` ամոթ իրենց: Բացատրեմ` «Մադոնյան» ենթադրում է միայն կանացի պերսոնաժներով պաստորալ պատկերներ, իսկ «Ռոմեո և Ջուլիետաներում» նաև ներկա է լինում աղջիկներով շրջապատված արական սեռի մի երջանիկ ներկայացուցիչ)։
Իսկ եթե մտավորականների ընտանիք է, ապա բնակարանի դատարկ հատվածները լցվում են գրքերով: Եվ, ոչինչ, նույնիսկ կարևոր չէ, որ այդ գրքերից շատերը մի քանի սերունդ չեն ընթերցվի, իսկ հետո թոռների կողմից օրերից մի օր դրանք բուկինիստական խանութ կհանձնվեն, և բացված տեղը կլրացվի «Մադոնյաներով», կամ ընտիր «կոբալտի սեռվիսով»` 26 կտորից։ Շատերս, արևմտյան ֆիլմեր նայելով, հաճախ զարմանում ենք, թե ինչպե՞ս են այդքան դատարկ տեղ թողնում իրենց բնակարաններում, որքան անիմաստ և աննպատակ են օգտագործում տարածությունը։
Նույն երևույթը տեղի է ունենում մեր քաղաքում։ Մի կողմից` ցմփորները դատարկ տեղ են ման գալիս, որ մեխակի պես հերթական մոփելը տնկեն։ Կամ` ավտոտնակներ շարեն, որ հանկարծ իրենց երեխաները խաղալու տեղ չունենան, չընկնեն, ծունկը քերծեն, աման-աման, հեռը տնից-տեղից…
Մտավորականությունն էլ, հետևներից ընկած, դատարկ տեղ է փնտրում։ Ձեզ թվում է` ինչո՞ւ է քաղաքապետարանը մեր մեծերի արձանները նստացրել քաղաքի անկյուններում և մեզ վախեցնում անլուսնյակ գիշերներով։ Որովհետև իզուր դատարկ տարածություն է կորչում, մի բանով պետք է լցնել, չէ՞։
Մեկ է, բոլոր նստարանները միշտ զբաղված չեն։ Թող Չարենցն ու Հրանտը նստեն, տեղ պահեն։ Կամ, մի հարուստ մարդու մոտ լիքը արձան կա։ Բա ո՞նց չհանես, բոլորն իրար կողքի չտեղադրես, որ քառակուսի մետրի վրա առնվազն մեկ հանճարեղ արվեստի գործ լինի (խնդրում եմ ֆիքսել, որ տվյալ դեպքում չեմ դժգոհում, իմ դուրը ավելի շատ գալիս է, սակայն քանակային չափազանցություն, համաձայնեք, կա այստեղ)։
Որպես հետևանք` ի՞նչ է ստացվում. քաղաքում ազատ շնչելու տեղ չունենք։ Մի կողմից` ցմփոր, քաղքենի հաստավիզներն են նեղում, մյուս կողմից` մտավորականները և արվեստագետները։ Բա ի՞նչ անենք մենք` հասարակ, չէի ասի` անմեղ, բայց ոչ էլ խիստ մեղավոր քաղաքացիներս, որ գոնե մի տեղ ուզում ենք քաղաքում կանգնել, բաց այնպես, որ մեր հայացքն անմիջապես չկանգնի կամ դիմացի պատին, կամ գիպսից հենց նոր կոտրված արձանին։ Ասեմ, որ հարցը հռետորական չէ։
«168 ԺԱՄ»