Հայ ուսանողների ծրագիրը. Chat-ը (զրույցը) կարելի է կառավարել ձայնով
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների գրած ծրագիրը հնարավորություն է տալիս ձայնով կառավարել Chat-ը ,(զրույցը): Իրենց ծրագրի մասին ուսանողները կիսվեցին 168.am-ի հետ:
Եվ այսպես. նոր ստեղծված ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր չեն կարողանում համակարգչի ստեղնաշարից օգտել, կամ, օրինակ՝ տեսողության հետ խնդիրներ ունեն, կարող են ծրագրի միջոցով երկխոսություն ծավալել մեկ այլ անհատի հետ:
Ծրագրի անվանումը Power talk է, որը թարգմանաբար երիտասարդները կոչում են «Խոսքի ուժ»: Խմբի անդամներից մեկի՝ Հարություն Շամյանի խոսքով՝ իրենց ծրագիրը շատերը նմանեցնում են Skype-ին, պարզապես այս ծրագրի պարագայում ոչ թե գրում ես, այլ ասում ես՝ «ասա» (Say) և ծրագիրն արտասանում է, թե ինչ հաղորդագրություն է գրել դիմացինը/զրուցակիցը:
Խմբի մեկ այլ անդամի՝ Սասուն Գրիգորյանի խոսքով էլ, նամակ ստանալու ժամանակ ծրագիրն ազդանշան է տալիս, որպեսզի տվյալ մարդը հասկանա, որ ինքը հաղորդագրություն է ստացել:
«Այդ ամենն իրականացվում է ամբողջությամբ ձայնի շնորհիվ: Օրինակ՝ երբ ծրագիրը միանում է, օգտագործողը, տվյալ դեպքում, օրինակ՝ կույր մարդը, գիտի իր ծրագիրը գործածողի անունը (User name), որն արդեն ֆոկուսի մեջ է, ասում է այն, ինչ պետք է գրի: Նույնը նաև գաղտնաբառի (Password) պարագայում է, ասում է դա, և նրա էջը բացվում է»,- ասաց Ս. Գրիգորյանը՝ նշելով, որ պարզապես պետք է իմանալ՝ որ քայլից հետո ինչ պետք է անել:
Խմբի անդամ Թագուհի Աբգարյանի խոսքով՝ ծրագրում գրանցվելը բավական հեշտ է. «Ասում ես՝ New account (նոր հաշիվ), բացում է գրանցման (ռեգիստրացիայի) պատուհանը, մի քանի տվյալներ՝ անուն-ազզանուն, ծննդյան օր, ամսաթիվ և գաղտնաբառ: Այդ ամենը արտասանելով՝ կարելի է գրանցվել ծրագրում»,- ասաց Թ. Աբգարյանը:
Երիտասարդները նշում են, որ այժմ փորձելու են ավելի կատարելագործել իրենց ծրագիրը, որի առաջին օգտագործողները հենց իրենք են: Հետագայում հնարավոր է՝ այն հասկանա նաև հայերեն հրամանները: Եվ եթե, օրինակ, այժմ ծրագրի տեքստային հնարավորությունը (chat) կարելի է ձայնով կառավարել, հետագայում գուցե հնարավոր լինի ձայնով զանգեր կատարելու և այլ գործառույթների կառավարման հնարավորություն ստեղծել:
Նշենք, որ խմբի աշխատանքները ղեկավարում է Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս Անդրե Մովսիսյանը:
Տեղեկացնենք նաև, ծրագիրը ստեղծվել է Microsoft speech recognazier պլատֆորմի վրա: Նշենք, որ «Երևակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013») մրցույթի եզրափակիչ փուլում ծրագիրն առաջին տեղը գրավեց. թիմի անդամները մրցույթին ծրագիրը ներկայացրել էին Megamind team անվան տակ: