
Ադրբեջանի իշխանությունները դժգոհություն են հայտնել «Քարե երազներ» վիպակի հայերեն թարգմանվելու կապակցությամբ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովն իր դժգոհությունն է հայտնել ադրբեջանցի գրող, Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազներ» վիպակի հայերեն թարգմանվելու կապակցությամբ.
««Քարե երազներ» վիպակը ևս մեկ հարված կհասցնի Ադրբեջանի ժողովրդին, մեր քաղաքացիներին, պետական, ազգային շահերին: Այսօր և հետագայում Հայաստանը, նրա գաղափարական կառույցները, ինչպես նաև Հայկական սփյուռքը Աքրամ Նաիբովի հակաադրբեջանական դիրքորոշումը կօգտագործեն մեր դեմ:
Մենք պետք է պատրաստ լինենք դրան և պատասխանենք իրական, ճշմարտացի փաստերով»:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» վեպում պատմվում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այս վիպակի հրատարակումից հետո Այլիսլին 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։
Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունը»:
Բաքվում ու Ադրբեջանի մի շարք քաղաքներում այրեցին նրա գրքերը, իսկ նրա տան մոտ կազմակերպվեց բողոքի ակցիա: Իշխանամետ «Ենի Մուսավաթ» կուսակցությունը 12.000 դոլարի պարգև խոստացավ նրան, ով կկտրի գրողի ականջը: Հալածանքների ենթարկվեցին նաև գրողի կինն ու որդին, որոնց հեռացրին աշխատանքից: