Սրտի բնածին արատները երեխաների մոտ․ որ դեպքերում է անհրաժեշտ շտապ դիմել բժշկի
Փետրվար ամիսը նվիրված է սրտի բնածին արատների իրազեկմանը։ Սա մի թեմա է, որը հուզում է հազարավոր ընտանիքների, քանի որ վերաբերում է երեխաների առողջությանը, կյանքի որակին և վաղ հայտնաբերման կարևորությանը։ Ինչպե՞ս կարելի է ժամանակին բացահայտել սրտի խնդիրները, ի՞նչ հնարավորություններ կան այսօր բուժման համար և ինչպե՞ս կարող ենք օգնել փոքրիկներին ունենալ լիարժեք ու առողջ կյանք։
Այս և այլ կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական և պերինատալ սրտաբան Ասյա Գրիգորյանի հետ։
Բժիշկ Գրիգորյանը նշեց, որ վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր 100 նորածնից մոտավորապես 1-2-ը ունենում է սրտի բնածին արատ, սակայն դրանց շուրջ 75 տոկոսը պարզ արատներ են, որոնք հաճախ չեն պահանջում բուժում կամ կարող են ինքնաբուժվել ժամանակի ընթացքում։ Միայն մոտ 25 տոկոսն են համարվում բարդ և պահանջում բժշկական միջամտություն։
Անդրադառնալով առաջացման պատճառներին՝ մասնագետը նշում է, որ հղիության առաջին եռամսյակում մոր օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած գործոն՝ վիրուսային վարակներ, ուղեկցող հիվանդություններ, ուժեղ սթրես, կարող են ազդել պտղի սրտի ձևավորման վրա։ Սակայն հստակ և վերջնական պատճառները լիովին պարզված չեն, իսկ գենետիկական գործոնը նույնպես կարող է նշանակություն ունենալ։
Բժիշկ Գրիգորյանի խոսքով՝ սրտի բնածին արատների մեծ մասը հնարավոր է հայտնաբերել դեռևս հղիության ընթացքում՝ էխոկարդիոգրաֆիայի միջոցով, որը հիմնականում իրականացվում է հղիության 18-22 շաբաթական ժամկետում։ Այդ ընթացքում հնարավոր է բացահայտել սրտի կառուցվածքային խնդիրների շուրջ 80 տոկոսը։ Մնացած 20 տոկոսը հիմնականում փոքր դեֆեկտներ են կամ փականային թեթև խանգարումներ, որոնք հայտնաբերվում են արդեն ծնվելուց հետո։
«Բարդ արատների դեպքում կարևոր է, որ ծնողները և բուժանձնակազմը նախապես տեղեկացված լինեն, որպեսզի ծննդաբերությունը կազմակերպվի համապատասխան մասնագիտացված կենտրոնում»,- նշում է սրտաբանը։
«Ծնվելուց հետո ծնողները պետք է ուշադրություն դարձնեն մի շարք նշանների։ Ամենակարևորներից մեկը արտահայտված կապտությունն է՝ հատկապես ձեռքերի ափերի, ոտքերի ներբանների և բերանի խոռոչի շրջանում։ Բացի այդ, մանկաբույժի կողմից հայտնաբերված սրտի աղմուկը, ուշագնացության դեպքերը, ժառանգական ծանրաբեռնվածությունը կամ ընտանիքում վաղաժամ մահվան պատմությունը նույնպես ցուցումներ են մանկական սրտաբանի խորհրդատվության և էխոսրտագրության համար»,- նշեց մասնագետը:
Խոսելով բուժման հնարավորությունների մասին՝ բժիշկ Գրիգորյանը նշում է, որ սրտի բնածին շատ արատներ ընդհանրապես չեն պահանջում բուժում, այլ միայն մշտական հսկողություն։ Սակայն կան նաև արատներ, որոնք պահանջում են դեղորայքային կամ վիրաբուժական միջամտություն՝ երբեմն նույնիսկ կյանքի առաջին ժամերին։
«Հայաստանում իրականացվում են սրտի բնածին արատների բուժման գրեթե բոլոր տեսակները, որոնք կիրառվում են աշխարհում՝ բացառությամբ սրտի փոխպատվաստման։ Մեր երկրում հնարավոր են ինչպես բաց վիրահատություններ, այնպես էլ ներանոթային միջամտություններ, որոնք թույլ են տալիս շտկել նույնիսկ բարդ արատները՝ նվազագույն ինվազիվ եղանակով»,- ասաց նա:
Տեխնոլոգիաների զարգացումը, ըստ մասնագետի, արմատապես փոխել է մանկական սրտաբանությունը։ Եթե տարիներ առաջ նման երեխաներին պարզապես անվանում էին «կապույտ» և հաճախ չէին կարողանում օգնել, ապա այսօր յուրաքանչյուր նոր դեպք դիտվում է որպես նոր մարտահրավեր, որը հնարավոր է հաղթահարել ժամանակակից բժշկության շնորհիվ։
Բժիշկ Գրիգորյանն ընդգծում է, որ սրտի բնածին արատ ունեցող երեխաների մեծ մասը կարող է և պետք է ապրի լիարժեք կյանքով։ Իրականում միայն շատ քիչ դեպքերում են անհրաժեշտ որոշակի ֆիզիկական սահմանափակումներ, հիմնականում՝ պրոֆեսիոնալ սպորտի մակարդակում։ Սիրողական սպորտը և ակտիվ ապրելակերպը հակառակը՝ խրախուսելի են, քանի որ ավելորդ քաշը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում սրտի համար։
Ամփոփելով զրույցը՝ Ասյա Գրիգորյանը կարևորում է իրազեկման դերը ոչ միայն ծնողների, այլ նաև բժիշկների և ուսանողների համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է չմատնվել խուճապի, բայց լինել ուշադիր, ժամանակին դիմել մասնագետի և չանտեսել որևէ նշան։



