Վենսը Երևանում մեկնաբանեց ԱՄՆ-Իրան վերջին բանակցություններն Օմանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանասիրաբար աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին։
«Նախագահը մեծ ջանքեր է գործադրում կառուցողական գործարք կնքելու համար, բայց ամբողջ վարչակազմն էլ համաձայնել է, որ եթե իրանցիներն էլ բավականաչափ խելացի լինեն կնքելու այդ գործարքը, դա շահավետ կլինի նաև նրանց համար։ Այսօր մենք ավելի շատ կենտրոնացած ենք եղել ԱՄՆ-Հայաստան համագործակցության վրա։ Կարծում եմ՝ նախագահը կկայացնի վերջնական որոշումը, թե որն է մեր կարմիր գիծը բանակցություններում։ Բայց ինչպես գիտեք՝ սովորաբար նա չի հայտարարում, թե ինչ քայլեր է ձեռնարկելու բանակցություններում, և դա նշանակում է, որ նա շատ չի բացահայտի իր խաղաքարտերը», – մեկնաբանել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ իրենք աջակցում են Իրանում և ամբողջ աշխարհում բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարներին և պաշտպանում են խաղաղ ցույցեր անելու նրանց իրավունքը։ Փոխնախագահը նաև բացահայտել է, որ ԱՄՆ նախագահն այդ հարցը դարձրել է ԱՄՆ-Իրան բանակցությունների մաս։


