«Մի քանի անգամ շնորհակալություն եմ հայտնել Ջեյ Դի Վենսին, հատուկ գնահատանքս ԱՄՆ նախագահին». Նիկոլ  Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն, որ ինքը և ԱՄՆ փոխնախագահ Վենսը կանգնած են ՀՀ նախագահական նստավայրում՝ կողք կողքի, այդ տեսարանն արդեն ընդգծում է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մակարդակը։

«Այսօր մեր հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ։ Բայց շատ կարևոր է, որ փոխնախագահի հետ մենք ընդգծեցինք մեր հարաբերությունների հետագա զարգացման մեծ պոտենցիալը։ Իրականում այսօր մենք բարձրագույն կետում ենք, բայց միայն մեր խոսքում այն օրակարգը, որը նշեցինք, այդ օրակարգի միայն իրականացումն անգամներով է ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, բայց կարևոր է արձանագրել, որ մենք հիմա ռազմավարական գործընկերության կոնկրետ արդյունք կարող ենք ցույց տալ, որոնք շոշափելի են, տեսանելի։

Իհարկե, իմ հատուկ գնահատանքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր անձնական ներդրման համար։ Նաև Վենսին եմ այսօր մի քանի անգամ, այդ թվում՝ անձնական զրույցում, մի քանի անգամ շնորհակալություն հայտնել իր անձնական ներդրման համար։ Մենք գիտենք, թե 2025 թվականի փետրվարի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը և մեր շատ բովանդակալից զրույցը հետագա իրադարձությունների համար ունեցավ առանցքային նշանակություն։

Այդ հանդիպման ժամանակ Սպիտակ տունը դեռ տրանսֆորմացիայի փուլում էր, ենթադրում եմ, որ պարոն փոխնախագահը դեռևս չէր հասցրել լիարժեք տեղավորվել այդ աշխատանքային միջավայրում։ Բարձր եմ գնահատում, որ նա այս պայմաններում կարևոր համարեց այս խոսակցությունը»,- այս մասին ՀՀ նախագահականում ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, կատարված աշխատանքները և մոտ ապագայում ակնկալվող գործողությունները։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս