Մենք Հայաստանի համար ոչ միայն խաղաղություն, այլև բարգավաճում ենք կերտում. Ջեյ Դի Վենս
«Սա գեղեցիկ երկիր է։ Երկիր, որի հետ Միացյալ Նահանգների նախագահը շատ հպարտ է գործընկեր լինելու համար, Միացյալ Նահանգների նախագահը շատ հպարտ է հիանալի հարաբերություններ ունենալու համար, և ես գիտեմ, որ նախագահ Թրամփն իր լավագույն ողջույններն է հղում անձամբ Ձեզ, բայց նաև Հայաստանի ժողովրդին»,- այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց այցով ՀՀ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա որակմամբ, այն, ինչ նախագահ Թրամփը և վարչապետը միասին իրականացրել են, տեսանելի է։ «Խաղաղությունը չի ստեղծվում մարդկանց կողմից, ովքեր այժմ չափազանց կենտրոնացած են անցյալի վրա, խաղաղությունը ստեղծվում է այն մարդկանց կողմից, ովքեր կենտրոնացած են ապագայի վրա։ Եվ քանի որ վարչապետն այդքան մեծ առաջընթաց է գրանցել, այդքան հիանալի հարաբերություններ է ունեցել և՛ ինձ, և՛ Միացյալ Նահանգների նախագահի հետ, մենք ոչ միայն խաղաղություն ենք հաստատում Հայաստանի համար, այլև միասին ստեղծում ենք իրական բարգավաճում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար»,- ասաց նա։ Վենսը նշեց, որ իսկապես հավատում է, որ այսօր երեկոյան նոր սկիզբ է նշանավորվում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար և այն գործընկերության համար, որը մեր երկրները կարող են ունենալ։
«Վարչապետը հայտարարեց դրանցից մի քանիսի մասին, բայց ես ուզում եմ կրկնել, թե ինչ ենք մենք արել այստեղ և ինչի վրա ենք շարունակելու համատեղ աշխատել։ Այսպիսով, նախևառաջ, նա նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ տրամադրեց մի շարք արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ Nvidia չիպերի վաճառքի համար։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների և ամերիկյան բիզնեսի համար, բայց նաև նշանակում է առավել բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում, դրանք այժմ մշակվելու են տվյալների սկաներներում, որոնք օգտագործում են այդ չիպերը, և իրականում արդեն մշակվում են վարչապետի առաջնորդության շնորհիվ, և մենք շատ ուրախ ենք համագործակցել դրա շուրջ։ Սա շատ կարևոր է ամերիկացի աշխատողների համար, և կարծում եմ՝ կարևոր է նաև Հայաստանի ժողովրդի համար։
Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։
Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, և դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սա նշանակում է՝ փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»,- նշեց Վենսը։
Նա խոսեց նաև TRIPP-ի մասին։ Նրա կարծիքով, TRIPP-ը պատմական վերափոխում է բերելու տարածաշրջան։ «Այն բացելու է առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում, և այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի և նրա հարևանների միջև։ Դա հիանալի է Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց նաև կարևոր է երկարատև խաղաղության համար, քանի որ, երբ դուք ստեղծում եք այս փոխկապակցված տնտեսությունները, էներգետիկ ոլորտները և այլն, դա նշանակում է, որ այս տարածաշրջանը կարող է ունենալ երկարատև խաղաղություն։ Մենք ոչ միայն ուզում ենք հաշտություն կնքել վարչապետի և նախագահի առաջնորդության ներքո, այլ նաև ուզում ենք համոզվել, որ այդ խաղաղությունը երկարատև է, և դա այն է, ինչին մենք այսօր այստեղ հասնում ենք։
Մի քանի այլ բաներ, որոնք ես կցանկանայի հայտարարել։ Կան շատ բաներ, շատ զբաղված օրակարգ է, և մենք շատ հպարտ ենք դրանով։ TRIPP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների, խողովակաշարերի կառուցման գործում, և կրկնեմ, այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրական բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար և թույլ կտա կառչած մնալ խաղաղության համաձայնագրից։
Ես նաև շատ ուրախ էի վարչապետի հետ ընդամենը մի քանի րոպե առաջ տեսնելու նոր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները, որոնք մենք կվաճառենք Հայաստանին։ Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, և Միացյալ Նահանգներն ունի դա։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու և մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր և ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում»,- մանրամասնեց Վենսը։
Նրա որակմամբ, Հայաստանն ամբողջ աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է, քրիստոնեական քաղաքակրթության և մշակույթի իսկական հիմքը։ «Եվ որպես քրիստոնյա՝ ես գիտեմ այս երկրի նշանակությունն ամբողջ աշխարհի և այն կրոնի համար, որը մենք՝ վարչապետը և ես, կիսում ենք»,- նշեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը։




