Վարչապետն անկասկած ունի իմ աջակցությունը ընտրություններում. Ջեյ Դի Վենսը՝ Փաշինյանին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ նախագահականում բաց տեքստով աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ ԹՐԻՓՓ նախագծի առնչությամբ իրական հարցն այն է, թե ինչպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը տեղափոխել հաջորդ փուլ և ինչպես վարչապետին պահել «լավ տեղում» կամ «լավ վիճակում», որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս մասին հայտարարեց նախագահականում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչ առաջընթաց ունի ԹՐԻՓՓ նախագիծը և որքան ներդրումներ է նախատեսում Միացյալ Նահանգներն անել այս նախագծում։
Վենսի խոսքով՝ իրենք խոսել են բազմաթիվ գործընկերների հետ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, որոնք հետաքրքրված են ներդրումներ անել։ Նրանք կարծում են, որ դա բերրի հնարավորություն է ներդրումների համար։
«Մենք բավական շատ ժամանակ ենք այսօր ծախսել՝ խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է արագացնել գործընթացը։ Կարծում եմ՝ վարչապետը ցանկանում է, որ ամեն ինչ հնարավորինս արագ ընթանա, քանի որ, կրկին, այս փոխկապակցվածությունը, տնտեսական այս զարգացումը շատ լավ է բարգավաճման համար, բայց դա լավ է նաև խաղաղության համար։
Միացյալ Նահանգներն, անշուշտ, պատրաստվում է շատ դրական ու կառուցողական դեր խաղալ այս գործընթացում, բայց ես չեմ կարծում, թե խնդիրը փողն է։ Ես կարծում եմ՝ բազմաթիվ կապիտալ հետաքրքրություններ կան մասնավորապես այս նախագծում։
Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր կարծում են, որ կարող են լավ եկամուտներ ստանալ ներդրումներից՝ ներդրումներ անելով Հայաստանում և ներդրումներ անելով այս ԹՐԻՓՓ նախագծում։ Կարծում եմ՝ իրական հարցն այն է, թե ինչպե՞ս խաղաղության համաձայնագիրը տեղափոխենք հաջորդ փուլ, ինչպե՞ս վարչապետին պահենք լավ տեղում, որ նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ նա ընտրություններ ունի առաջիկայում։
Ես չեմ խոսի այդ մասին, բայց եթե իմ աջակցությունն ինչ-որ բան նշանակում է, ապա նա անկասկած ունի այն, քանի որ սա այն տղան է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն՝ այս գործը հաջողելու համար։ Դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենա, բայց կարծում եմ՝ մենք արդեն իսկ մեծ առաջընթաց ենք գրանցել մի քանի ամսվա ընթացքում՝ սկսած օգոստոսի 8-ից»,- հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։


