Ինձ անվանեք Չաուշեսկու, թեկուզ Քադաֆի, բայց ոչ Միլոշևիչ. Սաակաշվիլի
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այսօր Վրաստանը հայտնվել է տարածքներ կորցնելու իրական վտանգի առջև.
«Մինչ այս համայն աշխարհը ճանաչում էր մեր տարածքային ամբողջականությունը և Տուվալուի կամ Վենեսուելայի կողմից որևէ ճանաչում չէր ազդում դրա վրա: Այժմ Վրաստանը հայտնվել է տարածքներ կորցնելու իրական վտանգի առջև: Դրան նպաստում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարության անհեռատես քաղաքականությունը:
2008 թվականին ռուսական կայսրությունը պատերազմ սկսեց Վրաստանի դեմ: Այդ պատերազմը սկսվեց դեռ այն ժամանակ, երբ Աբխազիայում ու Ցխինվալի շրջանում 1990-ական թվականներին թափվեց առաջին արյունը: Այդ ժամանակ փաստացիորեն օկուպացվեցին մեր տարածքները, սակայն Ռուսաստանը հանդես եկավ որպես խաղաղապահ:
2008 թվականի պատերազմն ուղղված էր Թբիլիսիի գրավմանը, նախագահին տապալելուն, սակայն միջազգային հանրությունը պաշտպանեց Վրաստանին: Սակայն նրանք հետ չնահանջեցին և այժմ իշխանության են բերել մի կառավարություն, որը նրանց սցենարով մտադիր է դատապարտել նախագահ Սաակաշվիլիին:
Քաղաքական գործիչները հաճախ հայտարարում են, որ Սաակաշվիլիին սպասվում է Միլոշևիչի ճակատագիրը: Եթե ցանկանում եք վիրավորել ինձ, ապա ինձ անվանեք Չաուշեսկու, անվանեք Քադաֆի, բայց ոչ Միլոշևիչ: Դա կոնկրետ սցենար է: Միլոշևիչից հետո փլուզվեց Հարավսլավիան, և այդ գործընթացը դեռ չի ավարտվել:
Կսովոն ճանաչվել է համայն աշխարհի կողմից, սակայն մենք չարեցինք դա, չճանաչեցինք: Իսկ վաղն էլ կասեն, որ դուք ինքներդ եք ճանաչել Սաակաշվիլիի իրականացրած ցեղասպանությունը, ռազմական հանցանքը և ինքներդ քրեական գործ հարուցեցիք նրա դեմ, կասեն նաև այն, ինչն անհրաժեշտ է մոռանալ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի մասին»: