Շուտով կտպագրվի Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը
Աստղագետ Ավետիք Գրիգորյանի ջանքերով գիտատեխնիկական ուղղվածության «Տիեզերք» ակումբներ են գործում Երևանի երկու կրթօջախներում՝ «Քվանտ» վարժարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ նույն դասընթացը վարում է նրա աշակերտներից մեկը՝ Բյուրականի Աստղադիտարանի ասպիրանտ Լևոն Արամյանը: Նմանատիպ դասընթացների միջոցով, 24 տարի շարունակ, նա անվճար, իր հնարավորությունների սահմաններում՝ փորձում է գիտելիքներ փոխանցել ապագա սերունդներին:
Իր գիտելիքները փոխանցելու և դասընթացը շատերին հասանելի դարձնելու համար նա անգամ գիտահանրամատչելի գիրք է գրել՝ «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք»: «Գիրքը շատ մատչելի է, այն աշակերտին հասցնում է այնպիսի լուրջ ու խորը գիտելիքների, որոնք հասու են համարվում միայն ուսանողների համար»,- մեզ հետ զրույցում պատմել էր Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ գիրքը երեխային աշխարհայացք է տալիս: Բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ գիրքը չափազանց կարևոր նախաձեռնություն է, և շատ կարևոր է, որպեսզի այն տպագրվի և լայն տարածում գտնի աշակերտների շրջանում:
Գիրքը ներկայացնում է՝
հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում, սկսած քարե դարից՝ մինչև մեր օրերը, ինչպես նաև գալիք տիեզերական ապագայի մասին: Հրապուրելով արտերկրային, արտասովոր երևույթներով ու առեղծվածներով՝ գիրքն ընթերցողին քայլ առ քայլ տանում է պարզ, սովորական գաղափարներից՝ դեպի խոր, բազմակողմանի բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ, արթնացնում նրա մեջ պրպտող հետաքրքրասիրություն, զարգացնում ստեղծագործելու ձգտում և ունակություն, ինչպես նաև տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին:
Գիրքը նախատեսված է՝
հանրակրթական դպրոցի 6-12-րդ դասարանցիների, ուսանողների, ուսուցիչների և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է իրենց շրջապատող աշխարհը: ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտն անցկացրել է գրքի փորձաքննություն և երաշխավորել այն՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական ավագ դպրոցի համար:
Գրքի հրատարակումն առնչվում է Հայաստանի համար հետևյալ կարևոր խնդիրների հետ՝
Աստղագիտության առարկան կանգնած է միջնակարգ և անգամ բարձրագույն կրթական համակարգից դուրս մղվելու վտանգի առջև: Աստղագիտությամբ դարերից ի վեր զբաղվող ու մեծ նվաճումների հասած ազգը կարող է անվերադարձ կորցնել իր այդ ներուժը: Արտասահմանյան հովանավորչությունը կրթական համակարգին հաճախ սահմանափակվում է հումանիտար ուղղություններով, ինչից գիտատեխնիկական բնագավառների դիրքերը թուլանում են: Գիրքը կարող է էապես լրացնել այս բացն ու հանդիսանալ Հայաստանին իր գիտատեխնիկական ավանդույթներին վերադարձնող գործոն:
Հայ ազգի և նրա անվանի գործիչների զգալի ներդրումը նշված բնագավառներում ներկայացված է գրքում համաշխարհային գիտության և տեխնիկայի զարգացման պատմության համատեքստում: Դա ոգևորող օրինակ է աճող սերնդի համար, ինչպես նաև միջոց է մեր ազգն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու համար:
Թեև Ա. Գրիգորյանը գիրքն ավարտել էր դեռևս հինգ տարի առաջ, սակայն տպագրության համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար բավարար գումարներ չէին գտնվում, և այդ իսկ պատճառով տպագրության հարցերը մշտապես ձգձգվում էին:
Ա. Գրիգորյանի գիրքը վերջապես կտպագրվի: Տպագրության համար անհրաժեշտ գումարի մեծ մասը՝ 70%-ն, արդեն տրամադրված է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կողմից: Մյուս մասը խոստացել է տրամադրել ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:
«Ճիշտ ժամանակ ենք անդրադառնում այս թեմային, հիմա ես նյութերը ձեռքիս գնում եմ տպարան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայումս տպարանին տրվելիք անհրաժեշտ գումարն ինքն ունի, իսկ մնացած մասըը տպարանին կփոխանցվի առաջիկայում՝ Կրթության և գիտության նախարարության միջոցով, քանի որ արդեն հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել: