Բոլոր երջանիկ նախագահները նման են
Սերժ Սարգսյանի երդմնակալության այս արարողությունը շահեկանորեն տարբերվում էր նախորդից: Կար կարևոր ձեռքբերում` ընտրություններից հետո զոհեր չեղան: Պետք է արժանին մատուցել օպերատորներին. 2008-ի ուղիղ եթերի նախադեպն իրեն ամենևին չարդարացրեց: Եվ այս անգամ նրանք աշխատեցին ` մոնտաժի արվեստում համարյա հասնելով Արտավազդ Փելեշյանի արդյունքին: Վեհամոր Ավետարանը և Սահմանադրությունը Մարզահամերգային համալիր էին տարվել նախապես, ինքնաթիռների տոնական թռիչքը մոնտաժված էր, հավանաբար, Հաղթանակի օրվա շքերթից: Կադրում` ոչ մի ավելորդություն. ուրախությունից փողոցները ողողած քաղաքացիներ, քանի որ այդպիսիք գտնել ապրիլի 9-ին հատկապես բավական դժվար էր: Եվ, ինչը կարևոր է, ոչ մի խորհրդանշական թռչող ցելոֆանե տոպրակ: Ամեն դետալին տոնականության տրամադրություն էր հաղորդված:
Սակայն նախորդ երդմնակալությունը և այս նորն ունեին մեկ ընդհանրություն` Սերժ Սարգսյանն այս անգամ նույնքան մռայլ ու տխուր էր, որքան 2008-ին: Ինչո՞ւ: Հատկապես, որ վստահ է` ժողովուրդն ընտրել է իրեն: Նա ուղղակի հավատացած է` ընտրողներն ունեն բոլոր հիմքերը` ցանկանալու, որ այս իշխանությունները` նույն կազմով, շարունակեն իրենց ստեղծագործ աշխատանքը: Նրա թիմակիցները նրա պաշտոնավարման հետ կապում են նաև իրենց անձնական երջանկությունը:
Ընդունված է Ռոբերտ Քոչարյանին համարել կոշտ, դաժան ղեկավար, որի հրահանգով էլ տեղի ունեցավ 2008-ի Մարտի 1-ը, երբ զորքն ուղղակի հանվեց ժողովրդի դեմ, տրվեց «կրակե՛լ» հրամանը: (Նրա օրոք տեղի ունեղավ նաև 2004-ի ապրիլի 12-ը, երբ մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով իշխանություններին կատարել ՍԴ որոշումը` անցկացնել Վստահության հանրաքվե: Բողոքի ակցիան սառնասրտորեն ճնշվեց ):
Սակայն ապրիլի 9-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունը պահելու նպատակով անգամ բարի համբավ ունեցող Սերժ Սարգսյանը կարող է զորքը հանել բողոքի դուրս եկած մարդկանց դեմ: Սա կարևոր եզրակացություն է` զգուշանալու անարդյունավետ ու անլուրջ որոշումից` գրավել Բաղրամյան 26-ը, հատկապես, երբ այնտեղ արդեն ոչ ոք չկա, երբ բանկետն ավարտված է, պալատի լույսերը` մարած:
Ապրիլի 9-ին քննարկման առիթ դարձավ մեկ այլ` ներքին զորքերի համալրման խնդիրը: Նախկինում ներքին զորքերը ձևավորվում էին բանակ զորակոչված տղաներից: Արդեն քանի տարի է` կա բանակը համալրելու խնդիր. արտագաղթը, զորակոչային տարիքի տղաներին երկրից փախցնելու, կաշառքի միջոցով բանակից ազատելու խնդիրները բանակի համալրմանը լուրջ մարտահրավեր են: Խնդրի պատճառի վրա չկենտրոնանալով` իշխանությունները գտել են ալտերնատիվ լուծում` ներքին զորքերը, փաստորեն, համալրվում են կամավորներով:
Կամավորները, որպես կանոն, գործազուրկ այն տղամարդիկ են, որոնք ընտանիքը կերակրելու խնդիր ունեն: Նրանց վարձատրությունը հարկատուների, այսինքն` պետբյուջեի հաշվին է: Իրենց ծառայության համար տրվող ոչ մեծ աշխատավարձով այդ մարդիկ անուղղակիորեն դառնում են իշխանությունների թիմակիցը` ընտրողներից պաշտպանելով լեգիտիմության խնդիր ունեցող իշխանություններին:
Ապրիլի 9-ին և դրանից առաջ էլ ակնհայտ էր` ընդդիմությունն արագ հաղթանակ չի կարող արձանագրել: Հազարավոր մարդիկ էին մասնակցում հանրահավաքներին, տասնյակ- հազարավորները` մարզերում, հեռավոր գյուղերում, շունչները պահած` հետևում էին Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին:
Բոլորի հայացքներն ուղղված էին Րաֆֆի Հովհաննիսյանին` ակնկալելով գործողությունների գոնե նախնական ծրագիր, հետևողականություն` տված խոստումներում: Եվ հանրահավաքի բազմահազար մասնակիցների հանդեպ ավելի բարձր պատասխանատվություն էր անհրաժեշտ: Ակտիվ օրակարգով հնարավոր է պահպանել ունեցած վստահությունն ու կրկնապատկել այն: Եվ հակառակը: Սակայն ժամանակը, որը խելամիտ, ճիշտ հաշվարկված չի օգտագործվում, աշխատում է իշխանությունների օգտին: Իսկ գործելու, աշխատելու դաշտ Հայաստանում` որքան ուզես:
Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես մաքսիմում ձայն հավաքած թեկնածու, պիտի կարողանար (կամ դեռ կարող է) մոբիլիզացնել բոլոր կարող ուժերին, ձևավորել ժողովրդի իրավունքների պաշտպանության մի կենտրոն` իր մարզային կառույցներով: Հանձին այդ կենտրոնի` ՀՀ քաղաքացին պիտի տեսներ իր շահերը, իրավունքները պաշտպանող մի մեծ, իշխանությունների կողմից չվերահսկվող ուժի: Այդ կենտրոնը պիտի բառացիորեն հանգիստ չտար երկրի իշխանություններին, մարզպետներին, ամեն օր պայքարեր այդ խնդիրների լուծումը պարտադրելու: Յուրաքանչյուր խնդիր` սկսած ատամնաբույժներից, տաքսիստներից, խոշոր իմաստով, քաղաքական խնդիրներ են: Ի վերջո, կան համազգային նշանակության խնդիրներ` հանքարդյունաբերությունը, տնտեսության զարգացումը խոչընդոտող մենաշնորհները, կոռումպացված իրավական համակարգը գ
Եվ երբ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանությունը կապեն այդ ուժի հետ, իրենք էլ ընդգրկվեն, դառնան դրա մասնակիցը, յուրաքանչյուրն ինքն իր վրա կրի պայքարը, պատրաստ լինի ոչ միայն իր, այլև մյուսների իրավունքների պաշտպանության համար դուրս գալ փողոց, այլ ոչ թե միայն տանը, համակարգչի առաջ նստած, պահանջի կտրուկ քայլեր կամ Բաղրամյան 26-ի գրավում, ծանրության կենտրոնը հաստատ կփոխվի:
«168 ԺԱՄ»