Ցավով ու նախանձով
Հետընտրական գործընթացների պատճառով միջազգային տեղեկատվությունը երկրորդ պլան մղվեց: Իսկ այս օրերի միջազգային լրատվությունից ամենակարևորը Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգրետ Թետչերի մահվան գույժն էր: Հեռացավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահանրահայտ և ամենաազդեցիկ գործիչը: Նա` ով 1970-80թթ. համաշխարհային ուսանողության առաջին թշնամին էր և քաղաքական առաջին ուսուցիչը: Նա` ով այսօր ձևավորված համաշխարհային քաղաքական ու տնտեսական կյանքի հիմնադիրներից էր: 1976թ. Մոսկվայում հրատարակվող զինվորական թերթի թեթև ձեռքով համաշխարհային մամուլը նրան սկսեց անվանել «Երկաթե տիկին»: «Իմ բախտը չի բերել, ես այն վաստակել եմ»,- հետագայում իր հուշերում գրել է Թետչերը:
Այս պատվանունն էլ էր վաստակել, չնայած, որ այդ պահին ոչ վարչապետ էր, ոչ էլ ռազմական գործիչ, այլ Մեծ Բրիտանիայի կրթության նախարար: Երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի խիստ ու երբեմն դաժան այն մեթոդը, որ հետագայում «թետչերիզմ» էր կոչվելու, դեռ չէր իրագործվել: Բայց ակնհայտ էր դառնում, որ միջազգային քաղաքական կյանք մուտք է գործում պահպանողական, հմուտ ու համառ քաղաքական գործիչ: Գործիչ, որ երբեք տուրք չի տալու պոպուլիզմին ու իրագործելու է իր ծրագրերը: Կրթության ոլորտի բարեփոխումների, դասավանդվող առարկաների գերակայության թետչերյան դասակարգումն իր երկրի տնտեսական զարգացման հիմքը դարձավ: Բայց հասարակությունն ու պատմաբանները նրա այս շրջանի ամենահայտնի քայլը համարում են կաթի հետ կապված պատմությունը: Մեծ Բրիտանիայի հանրակրթական դպրոցներում 7-11 տարեկան աշակերտներին անվճար, այսինքն` պետության հաշվին կաթ էին տալիս:
Թետչերը չեղյալ հայտարարեց այդ որոշումը` բյուջետային փողերը ծախսելու այլ ուղղություններ նշելով: Բրիտանական հասարակությունը վրդովված էր: Նրան նույնիսկ «Կաթի գող» անվանեցին: Բայց նախարարն անհողդողդ էր: Այդ տարիներին բրիտանական մամուլը գրում էր, որ նա կառավարությունում միակ տղամարդն է: Այս որակումը Թետչերը միանշանակ չընդունեց` հայտարարելով, որ «տնային տնտեսությունից գլուխ հանող ցանկացած կին ավելի լավ է հասկանում երկրի ղեկավարման խնդիրները»:
Նա 1979թ. դարձավ վարչապետ: Այդ պահին դժվար էր հավատալ, որ առաջին (առայժմ միակ) կին վարչապետը կպաշտոնավարի մինչև 1992թ.: Նրա վարչապետությունն ամենաերկարն էր 20-րդ դարում: Թետչերի տնտեսական գործունեությունը բնութագրում է նրա քաղաքական կերպարը:
Ակտիվ սեփականաշնորհման կողմնակից վարչապետը սեփականաշնորհեց ու ապապետականացրեց` ինչ հնարավոր էր: 11 տարվա ընթացքում պետական բյուջեն 29 մլրդ ֆունտ ստեռլինգ մուտքեր ունեցավ` պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից, և 18 մլրդ` համայնքային ունեցվածքի սեփականաշնորհումից:
«Թետչերիզմ» կոչվածը տնտեսագետների մի մասն անվանում է «Ժողովրդական կապիտալիզմ»: Որովհետև բնակչության զգալի մասը դարձավ սեփականաշնորհված ձեռնարկությունների բաժնետեր: Բայց տնտեսական առօրյա խնդիրները նրան երբեք չշեղեցին իր քաղաքական հայացքներից: 1984թ. Անգլիայում 174 պետական ածխահանք կար: Երբ Թետչերի կառավարությունը պառլամենտ ներկայացրեց վնասով աշխատող 20 ածխահանք փակելու որոշումը, հանքափորները գործադուլ սկսեցին: Արհմիությունները Բրիտանիայի հասարակական կյանքում այդ տարիներին լուրջ դերակատարություն ունեին: Գործադուլավոր հանքափորներին նույնիսկ ԽՍՀՄ արհմիություններն էին օգնում: 120 հազարից ավելի մասնակից ունեցող գործադուլը մոտ մեկ տարի տևեց: Թետչերի կառավարությունը ոչ մի զիջման չգնաց: Ավելին` այդ տարվա ընթացքում 20-ի փոխարեն` փակվեց 25 հանք: Բրիտանական արհմիությունները Թետչերի դեմ պայքարում կորցրեցին իրենց հասարակական դիրքն ու ազդեցությունը: Նրա պաշտոնավարման ավարտին փակված հանքերի թիվը հասավ 97-ի:
Վարչապետը փոխում էր անգլիական տնտեսության կառուցվածքը` գիտակցելով, որ նոր ժամանակներ են եկել` արդյունաբերական և հետարդյունաբերական հասարակությունը անցյալ է դառնում: Վարչապետության շրջանում նրա կառավարությունը սուբսիդավորում էր կրթության ոլորտը` հասկանալով, որ նոր տնտեսությանը նոր մասնագետներ են պետք: Այս քաղաքականությունն էր, որ նրա ամենաանհանդուրժող թշնամուն` համաշխարհային ուսանողությանը, տարիներ անց ստիպեց Մարգրետ Թետչերին ընկալել որպես ուսուցիչ: Պատմական ամենադրամատիկ պահերին Թետչերը միշտ անզիջում էր: «Կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ նախարարները:
Կարևորն այն է, որ կատարեն իմ հանձնարարականները»: Անզիջում էր, երբ իռլանդական բանակի անդամները բանտում հացադուլ հայտարարեցին (11 բանտարկյալի մահը ոչ մի ազդեցություն չունեցավ): Անզիջում էր, երբ պատերազմով վերադարձրեց Ֆոլքլենդյան կղզիները: 1982թ. ապրիլ-հունիսին արգենտինա-բրիտանական այս պատերազմը առաջինն էր, որին մարդկությունը հետևում էր համարյա ուղիղ եթերում: Շատ երկրների (նույնիսկ` ԽՍՀՄ-ի) հեռուստադիտողները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է Բրիտանիան իր նավատորմն ու բանակը ճանապարհում Արևմտյան կիսագունդ:
Հաղթական պատերազմի ավարտից մի քանի օր առաջ արգենտինական կործանիչներն անակնկալ գրոհեցին ու խորտակեցին բրիտանական երկու ռազմանավ, զոհերի թիվը 50-ից ավելի էր: Բրիտանական պառլամենտը վարչապետից բացատրություն պահանջեց: Միայն տարիներ անց հայտնի դարձավ, որ պառլամենտին զեկուցելիս «Երկաթե տիկինն» արտասվել էր բանակի կորուստների մասին խոսելիս: Բրիտանացի լրագրողները որոշել էին չհրապարակել արտասվող գլխավոր հրամանատարի կադրերը: 50 զոհված զինվորների ընտանիքներին ուղղված ցավակցական նամակները Թետչերը հատ-հատ իր ձեռքով էր գրել:
(Ընդունեք, որ գլխավոր հրամանատարի այս վարքն անհամեմատելի է մեր զինվորական հրամանատարության վարքի հետ): «Ես բացառիկ համբերատար եմ, եթե ամեն ինչ իմ ասածով է լինելու»,- ասում էր Թետչերը: Վարչապետ, ում պաշտոնավարման ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճեց համարյա 25 տոկոսով: Իսկ առանձնատներում ապրող բնակչության թիվն աճեց 20 տոկոսով: Թետչերն ընդգծված հակախորհրդային գործիչ էր: ԽՍՀՄ-ի հետ նա խոսում էր միայն ուժի դիրքերից, վստահ, որ «Աշխարհն առանց ատոմային զենքի բոլորի համար ավելի անկայուն կլիներ և ավելի վտանգավոր»: Հնարավոր է, որ անցած դարի 70-80-ականները պատմական այլ ժամանակներ էին, և բոլորովին այլ էր «իշխանության որակ» կոչվածը: ԽՍՀՄ-ն այդ տարիներին ղեկավարում էին ծերացող, հիվանդ առաջնորդներ, իսկ վերջում` համարյա անփորձ մի նորելուկ: Իսկ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում իշխանության գլուխ կանգնած էին 20-րդ դարի երկրորդ կեսի լրջագույն գործիչներ` Ռ. Ռեյգանը, Ֆ. Միտերանը, Հ. Քոլը:
Այս տղամարդկանց հետ համագործակցելով` Թետչերը կարողացավ հաղթել ամենաարմատական թշնամուն` ԽՍՀՄ-ին: Չնայած, որ սիրում էր կրկնել` «Եթե ուզում ես ինչ-որ բան ասվի` դիմիր տղամարդուն: Իսկ եթե ուզում ես ինչ-որ բան արվի` խնդրիր կնոջը»: