Դանդաղ գործողության իշխանություն

Համապետական նշանակության բոլոր ընտրություններին Հայաստանում հաղթել են իշխանությունները: Իշխանական ուժերը միշտ կարողացել են համաձայնության գալ: Ընդդիմադիրները` ոչ:

Այսօր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրն է: ԱԺ խմբակցությունների այդ արարողությանը մասնակցելու են ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես երկրի համար կարևորագույն մյուս իրադարձությունների ժամանակ, քաղաքում չի լինելու: «Քաղաքում չեմ», հետևաբար ներկա չի լինի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:«Քաղաքում չեմ», հետևաբար և իր «ժողովրդի կողքին» չի լինի` Ազատության հրապարակում:

Եթե ԲՀԿ-ն իրո՛ք կասկածի տակ է առնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, նրա առաջնորդն այդ մասին պետք է բացահայտ հայտարարեր: Իսկ այսպես` լռելով, քաղաքում չլինելով` ակնկալել, թե ավագանու ընտրություններին ընդդիմության ձայների առյուծի բաժինը ԲՀԿ-ինն է լինելու, չարդարացված համարձակություն է:
ԱԺ խմբակցություններից ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը չեն մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

Թվում էր` գոնե կրիտիկական մի պահի ընդդիմադիր ուժերը, հատկապես` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», կմիավորվեն: Սակայն 2008-ի Մարտի 1-ից հետո հատկապե՛ս ՀԱԿ-ը սկսեց լարված արձագանքել «Ժառանգության» գործողություններին: Այն դեպքում, երբ Մարտի 1-ին և դրանից հետո, երբ ՀԱԿ առաջնորդը տնային կալանքի տակ էր, ՀԱԿ ակտիվիստները` ձերբակալված, «Ժառանգությունը» բողոքի բոլոր ակցիաների առաջին շարքում էր:

2009-ի մայիսի 31-ին տեղի ունեցան Երևանու ավագանու ընտրություններ: «Ժառանգության» վարկանիշը բարձր էր: ՀԱԿ-ինը` ևս, քանի որ ունեինք քաղբանտարկյալներ, և նրանք բոլորը ՀԱԿ ակտիվիստներն էին: ՀԱԿ-ի և «Ժառանգության» միասնական ցուցակն այդպես էլ չստացվեց: «Ժառանգությունը» ձևավորեց սեփական ցուցակը: Սակայն այդ ժամանակ արդեն ՀԱԿ-ը մեղադրեց «Ժառանգությանն» իշխանության պատվերը կատարելու, ընդդիմության ձայները փոշիացնելու մեջ: Ի՞նչ արեց «Ժառանգությունը». դուրս եկավ ընտրապայքարից: Ավելի՛ն, իր ընտրողներին կոչ արեց իրենց ձայնը տալ ՀԱԿ ցուցակին: ՀԱԿ-ում ընդունեցին, որ այդպես էլ պետք է լիներ:

Փետրվարի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանը առաջացած տարիքը հիշեցնելով, ինչպես նաև նկատելով, որ ընտրություններն ի սկզբանե դատապարտված են կեղծիքի, նախընտրեց չմասնակցել նախագահական ընտրություններին: Սակայն քաղաքական այս ուժն անգամ կոչ չարեց ընտրողներին` իրենց ձայնը տալ ՀԱԿ ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին` տարակուսանքի մեջ գցելով սեփական համակիրներից շատերին:

«Ժառանգության» և հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ ՀԱԿ-ի կորիզի վերաբերմունքը քաղաքական հռետորաբանությունը չկարևորողները բնորոշում են որպես չարություն, խանդ, նախանձ: Քաղաքական ոլորտում ՀԱԿ ակտիվիստները հարազատի պես գրկել են Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտությունը «դիակի» մասին և ոչ մի գնով պատրաստ չեն այն բաց թողնել: Ուշադրություն է գրավում, որ ՀԱԿ-ն ավելի ագրեսիվ է Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելու հարցում, քան անգամ ՀՀԿ-ն, և ավելի հետևողական, քան ԲՀԿ-ն: Ի՞նչն է պատճառը:

Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը կամ փետրվարի 18-ից հետո նրա գործելաոճը բազում հարցականներ ունի, որոնք ենթակա են և՛ քննադատության, և՛ քննության: Սակայն հիմա նա համարվում է ընդդիմության առաջնորդ, քանի որ ընտրություններին ստացել է առավելագույն թվով ձայներ: Ընտրությունների արդյունքները կեղծվել են, և այսօր համախոհների չափազանց նեղ շրջանակի առաջ Սերժ Սարգսյանը պետք է երդվի: Իսկ բոլորը, այդ թվում և` ՀԱԿ առաջնորդը, գիտեն, որ երկրի նախագահ ընտրվել է ամենևին ոչ Սերժ Սարգսյանը: Ճի՛շտ հակառակը: Այս դեպքում` չարախնդությունը պիտի որ տեղին չլիներ: Եթե խնդիրը Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ռացիոնալ թվացող մարտավարությունն է, կարելի է ավելի խաղաղ նայել իրավիճակին: Ինքս գիտեմ քաղաքացիական ակտիվիստների, որոնք չեն հասկանում Ր. Հովհաննիսյանի ընտրած ճանապարհը և հանրահավաքներին չեն մասնակցում: Նման մարդիկ էլի կան: Չափազանց հարգում եմ նրանց դիրքորոշումը:

Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իրավունք` գործել իրենց հարմար մարտավարությամբ, որն ընտրողների մի մասը չի հասկանում նույնքան, որքան ՀԱԿ-ը` Ր. Հովհաննիսյանի գործողությունները:

Մարտի 1-ից հետո ՀԱԿ-ը բազմաթիվ հանրահավաքներ գումարեց: Առաջարկեց երկխոսություն իշխանությունների` այսինքն` Սերժ Սարգսյանի հետ: Երկխոսությունն իշխանությունների նախաձեռնությամբ տապալվեց: Հետո առաջարկ եղավ ԲՀԿ-ին` ավելի ուշադիր նայել ՀԱԿ-ի ուղղությամբ. գուցե այն ավելի՞ համակրելի է, քան թվում է առաջին հայացքից:

Այսինքն` ՀԱԿ-ը պատրաստ էր համագործակցել անգամ ԲՀԿ-ի հետ` հանուն ավազակապետությունը խարխլելու: ԲՀԿ-ն մերժեց: Հիմա, երբ այնքան ակնհայտ է, որ Ս. Սարգսյանից և նրա վարչախմբից ցանկանում է ազատվել ընտրողների մեծամասնությունը, ՀԱԿ-ը պատրաստ չէ համագործակցել Ր. Հովհաննիսյանի հետ: Հիմնավորմամբ, որ գործողությունները հասկանալի չեն: Որ, օրինակ, 2008-ին կար կոնկրետ տեսլական, հիմա չկա՞: Կա ցանկություն` փոխել երկրի կառավարման, ընտրությունները պերմանենտ կեղծելու ավանդույթը: Ինչպե՞ս:

«Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր քաղաքական օրակարգից: (գ) Պահի հասունացումը կախված է ոչ միայն օբյեկտիվ գործոններից, այլև, առաջին հերթին, հասարակության հասունացումից: Մինչև Շարժմանը չմիանան նորանոր շերտեր, մինչև իշխանությունն անընդունելի չդառնա ողջ հասարակության համար, պահը հասունացած համարել չի կարելի: Իսկ ժամանակից շուտ կատարված գործողությունները կարող են միայն խանգարել ընդհանուր գործին, վիժեցնել ժողովրդի վերջնական հաղթանակը»: Սրանք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են` ասված 2009-ին:

«Հի՛-մա, հի՛-մա»,- բացականչում էին բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները: «Առաջիկայում մենք ի՞նչ ենք անելու: Ես միշտ էլ, 20 տարվա իմ գործունեությունը ձեր աչքի առաջ է, հապշտապ որոշումներ չեմ կայացրել: Մինչև մենք լրջորեն չվերլուծենք և՛ իրադրությունը, և՛ զարգացման միտումները, մեր և իշխանությունների հնարավորությունները, մենք ժողովրդին որևէ արկածախնդրության չենք տանի: Դա մոռացեք: Մենք հիմա շատ հանգիստ, հստակ, բայց մոբիլիզացված աշխատանք ենք տանելու: (գ) Մենք օգտագործելու ենք, օրինակ, ընտրությունների արդյունքների օրինական բողոքարկման բոլոր հնարավորությունները: Վհատվելու, տրտնջալու, պայքարի օրինական միջոցներից հիասթափվելու, պարտվողական տրամադրությունների կարիք չկա» (Լ.Տեր-Պետրոսյան, 2009թ., հունիսի 1-ի հանրահավաք):

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս