Ի՞նչ է նշանակում վաճառել «Արմավիան». Պարզաբանում է Հրանտ Բագրատյանը

ՀՀ նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Արմավիա» ընկերության փակվելու փաստին:

««Արմավիան» դադարեցրել է թռիչքները։ Ուզում են ընկերությունը վաճառեն։ Դրա համար էլ արդեն ամիսներ է ինչ աշխատավարձ չեն տալիս, մատակարարների փողերը նույնպես։ Պարզ է, չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք. ի՞նչ է նշանակում վաճառել «Արմավիան»։

Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են։ Այսինքն, չվերթները, շուկան։ Իսկ դրանք պետությանն են։ «Արմավիան» երբևիցէ դրանք գնե՞լ է։ Ոչ։ Հա, օֆիսները, օդանավները (եթե դրանք կան), թող վաճառեն։ Բայց հիմնական ակտիվները թռիչքների իրավունքն է։ Սա պետական է։ Պոտենցիալ շուկան 5-6 մլն ուղևորաշրջանառություն է։ Սա իհարկե Delta-ի չափ չէ (110 մլն ուղևոր), բայց լրիվ համեմատելի է օրինակ մի տաս տարվա առաջվա Аэрофлот-ի հետ և մի 2 անգամ ավել վրացական շուկայից։

Ընդհանրապես, բիզնեսի 2 ոլորտ կա, որոնք Հայաստանում լրացուցիչ ռենտա են բերում. ավիացիան և հեռախոսակապը։ Պատճառն այն է, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ ուրեմն, թռիչքների իրավունքը պետությանն է։ Այսպիսով, այսօր ևետ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ «Արմավիան» չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից։ Սա է ճիշտ իրավաբանական ու տնտեսական լուծումը։

Ու մի բան էլ. 1993-ին մենք ավիցիայում իրականացրել ենք ռեֆորմ. տարանջատել ենք ավիափոխադրողին և օդանավակայանը։ Դրանից հետո ավիացիան կարգի եկավ։ Հանկարծ չլինի, որ այս «թոհուբոհի» արդյունքում դրանք նորից միանան»,- գրել է Հրանտ Բագրատյանը։

Տեսանյութեր

Լրահոս