Մենք կադրեր ենք պատրաստում, ուրիշները նրանց տանում են
Ժամանակակից դարաշրջանում օրեցօր ավելի է կարևորվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը: Դրանց սրընթաց զարգացմանը հաղորդակից չլինելն ուղղակի անխուսափելի է: Հայաստանի ակադեմիական համակարգում կոմպյուտերագիտության միակ ինստիտուտը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն է: Ձեզ ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանի հետ:
– Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ինստիտուտում:
– Մեր ինստիտուտն ակադեմիական ոլորտի կոմպյուտերագիտության միակ ինստիտուտն է, և բոլոր խնդիրները, որոնք կապված են գիտական հետազոտություններում կոմպյուտերային տեխնոլոգիաներ օգտագործելու հետ, այսպես թե այնպես, վերաբերում են մեզ: Մենք իրականացնում ենք ինչպես տեսական հետազոտություններ, այնպես էլ ստեղծում ենք կիրառական համապատասխան ծրագրային փաթեթներ: Մեր ինստիտուտի խնդիրն է՝ հնարավորին չափ շատ միջավայրերում ներդնել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ: Այժմ կատարում ենք մի պետական նպատակային ծրագիր, որը կապ ունի Արտակարգ իրավիճակների և Բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև գիտական-հետազոտական կազմակերպությունների հետ:
Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվում է էլեկտրոնային ցանցային միջավայր, որտեղ տարբեր տեսակի տվյալների բազաները դառնալու են հասանելի, ոչ միայն մեկ կազմակերպության, այլև բոլորի համար:
– Ինչպիսի՞ տեխնոլոգիաների հիման վրա է այն ստեղծվում, և ինչպե՞ս կարող են մասնագետներն արդյունավետ կիրառել այդ տեղեկությունները:
– Օդերևութաբանական կենտրոնը, Սեյսմիկ պաշտպանության կենտրոնը, բնապահպանության որոշ կենտրոնները Է-ինֆրակառուցվածքի ստեղծման և զարգացման ծրագրի շնորհիվ կարող են մի միջավայրում՝ ընդհանուր բազայում, հնարավորություն ունենալ` յուրաքանչյուրն իր ուղղությամբ, աշխատանքներ իրականացնել: Այդ ամենը կբերի արդյունավետ աշխատանքի իրականացման, դա թույլ կտա նաև, որպեսզի նույն ուղղությամբ, աշխատող տարբեր կազմակերպությունները չկրկնեն մեկը մյուսի կատարածը:
Օրինակ, որպեսզի Օդերևութաբանական կենտրոնը կանխատեսում իրականացնի, նրան հզոր համակարգիչներ են պետք, որոնք 4-5 ժամ կարող են աշխատեցնել այդ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս 72 ժամվա եղանակի կանխատեսումն ունենալ, քանի որ սովորական համակարգիչը 72-ժամյա կանխատեսում կարող է անել, ենթադրենք, 4-5 ժամում, իսկ այդ դեպքում այդ տվյալներն այլևս ոչ մեկին հարկավոր չեն: Տվյալ դեպքում՝ այդ հզոր ռեսուրսների առկայությունը շատ կարևոր է:
– Այդ դեպքում ինչպե՞ս են այժմ կանխատեսումներ արվում:
– Այդ ամենը մոտավորապես են անում, ճշտություն չկա: Այդ Է-ինֆրակառուցվածքի ստեղծումը կարող է ճշգրիտ կանխատեսում կատարելու հնարավորություն տալ: Եղանակից շատ բաներ են կախված:
Օրինակ, եղանակի կանխատեսումից կախված` կարելի է որոշել արտակարգ իրավիճակի պայմաններում և, օրինակ, գործարանային վթայի դեպքում արտանետումները ո՞ր ուղղությամբ կգնան, քամին ինչպե՞ս կփչի, և այլն: Իսկ մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ պետք է ցանկացած վթարի պատրաստ լինենք: Այսինքն` մենք փորձում ենք զարգացնել նոր մեթոդները, որոնք ավելի ճշգրիտ տվյալներ կհաղորդեն: Սա պետական նպատակային գիտակիրառական ծրագիր է: Հետազոտություն է կատարվում, մոդելներ և սցենարներ են մշակվում, փորձում ենք գտնել լավագույն տարբերակը, որը կարող է բարձրացնել տվյալների ճշտությունը:
Այդ աշխատանքների ընթացքում ստեղծվում են ծրագրային բազաները: Ռուսաստանում նման կենտրոնը նմանատիպ ծրագրեր ստեղծելու ուղղությամբ աշխատում է արդեն 15 տարի: Մեզ մոտ մենք 2-3 տարի առաջ ենք սկսել նման աշխատանքների իրականացումը, բայց սա երկարատև գործընթաց է:
Այսինքն` ստեղծվում են ամպային հաշվարկներ, ամպային միջավայր (Cloud computing): Ստեղծվում է մի միջավայր, որը մարդը չի տեսնում, սակայն անգամ թույլ համակարգչով կարելի է կպնել այդ միջավայրին և ունենալ բոլոր անհրաժեշտ ծրագրերը: Այսինքն` անհրաժեշտ չէ, որ այդ ամենը ձեր համակարգչի մեջ լինի: Տարբեր մասնագիտական ոլորտների համար պետք է ստեղծվեն նման միջավայրեր, որին բոլոր այդ ոլորտի մասնագետները կարող են միանալ և ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, աշխատել: Ներկայումս նմանատիպ թվային, էլեկտրոնային միջավայրեր ստեղծվում են մի քանի ոլորտների համար`արտակարգ իրավիճակների, սեյսմիկ պաշտպանության, օդերևութաբանության, բնապահպանության:
Իսկ ֆիզիկոսների և կենսաբանների համար նման միջավայր արդեն ստեղծված է: Արդյունքում նրանք կարող են իրենց փորձը կատարել համակարգիչների միջոցով, ոչ թե իրական կյանքում, որը բավական թանկ է:
– Ի՞նչ խնդիրներ կան Ձեր ինստիտուտում:
– Խնդիրները շատ են: Սա ինֆորմատիկայի ինստիտուտ է, իսկ ինֆորմատիկան, ինֆորմացիոն տեխնոլոգիաները շատ արագ զարգացող ոլորտ է, ի տարբերություն այլ ոլորտների` ամենաարագը հենց ինֆորմատիկան է զարգանում: 10 տարի առաջվա հետ այսօրվա պատկերն անհամեմատելի է: Դա նշանակում է, որ այստեղ պետք է շատ երիտասարդ մասնագետներ աշխատեն, որպեսզի կարողանան ոլորտը զարգացնել, սակայն երիտասարդ մասնագետները պահանջում են նաև համապատասխան վճարումներ: Մենք անընդհատ կադրերի պատրաստման գործընթացի մեջ ենք, քանի որ մեր աշխատողները շատ հաճախ տեղափոխվում են նորաստեղծ ընկերություններ:
Եթե 10 հոգի պատրաստում ենք, ապա դրանցից 9-ը գնում է, և մեզ մոտ մնում է ընդամենը 1-ը: Դա շատ լուրջ խնդիր է, և դրա համար պետք է այս ոլորտի նկատմամբ հատուկ ուշադրություն լինի, քանի որ սա զարգացող ոլորտ է: Այն ոլորտները, որոնք ավելի դանդաղ են զարգանում, այնտեղ այդքան մեծ շարժ չկա, իսկ մեզ մոտ շատ երիտասարդներ գալիս են, մի բան սովորում են և հետո կամ արտասահմանյան ընկերություններ են տեղափոխվում, կամ տեղավորվում են տեղական այլ ընկերություններում:
Միգուցե դա լավ է: Մենք անընդհատ այդ գործընթացի մեջ ենք, բայց նման դեպքերում երկարատև նախագծերն իրականացնելը շատ դժվար է դառնում, քանի որ անընդհատ մեր ժամանակի մի մասը ստիպված ենք լինում ծախսել մասնագետների պատրաստման վրա: Ցանկացած կազմակերպություն Հայաստանում պետք է հաշվի առնի մեր երկրի վիճակը և կարողանա իր աշխատանքն այնպես ծրագրել, որպեսզի քիչ ծանրաբեռնի` տեղական ֆինանսներ վերցնելով, այլ աշխատի դրսից ֆինանսներ ներգրավել: Մեր ինստիտուտի ֆինանսների մոտ 30%-ը մենք դրսից ենք բերում:
Մենք վերջին 20 տարում աշխատել ենք մշտապես ունենալ միջազգային ծրագրեր: Բացի այդ, մեր ղեկավարությունը, օրինակ` Ակադեմիայի նախագահությունը, Գիտության պետական կոմիտեն, տեսնելով, որ մենք ակտիվ ենք աշխատում, ավելի ակտիվ են մեր ծրագրերին աջակցում:
«168 ԺԱՄ»