Ռուսաստանը կարող է ապահովել Ստեփանակետի օդանավակայանի թռիչքների անվտանգությունը. BSR Russia

Բրիտանական BSR Russia պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է ապահովել Ստեփանակետի օդանավակայանի թռիչքների անվտանգությունը: Անցած շաբաթ (չորրորդ անգամ) հայտնի դարձավ, որ շուտով տեղի է ունենալու Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ առաջին կոմերցիոն թռիչքը, ինչին ի պատասխան Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է կրակ բացել «երկրի օդային տիրույթն ապօրինի խախտած» քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հերթին հայտարարել է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կապահովի այդ քաղաքացիական թռիչքների անվտանգությունը: Փորձագետները, սակայն, գտնում են, որ այդ թռիչքների ապահովումը կարող է իրականացվել ԼՂՀ-ում որևէ երկրի խաղաղապահների առկայության դեպքում:

Նրանցից ոմանք չեն բացառում, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին կնքվելիք նոր համաձայնագրում խոսք է գնում նաև ԼՂՀ-ում հրթիռային նոր զորեղ համակարգերի տեղակայման և Ռուսաստանի կողմից անվտանգության հստակ երաշխիքների տրամադրման մասին:

Հունվարի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իշխանական բոլոր ճյուղերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ-ռուսական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության հիմք: Սակայն այդ համագոծակցությունը դեռ չի վերաբերում ԼՂՀ-ին, իսկ Ռուսաստանը երբեք  չի էլ թաքցրել ԼՂՀ խաղաղապահներ ուղարկելու իր ցանկությունը:

Ավելին, նախորդ տարի Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը, որի մեջ մտնում է նաև Հայաստանը, ՄԱԿ-ից ստացավ խաղաղապահ առաքելությամբ հանդես գալու թույլտվություն: Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ի առաջին խաղաղապահ առաքելությունն իրականացվի հենց Ստեփանակերտի օդանավակայանում, և այդ պատրվակով ռուս խաղաղապահները կհայտնվեն ԼՂՀ-ում: Դրանով իսկ Ռուսաստանը դուրս կգա Իրանի սահման:

Ռուսաստանը վերջին կես տարում կրկնապատկել է Գյումրիում գտնվող իր 102-րդ ռազմաբազայի զինծառայողների քանակը: Ընդ որում, բազայի անձնակազմի հաստիքային թվակազմը մնացել է նույնը և կազմում է մոտ 5000 զինծառայող: Այս ռազմաբազայի ամրապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական հնարավոր կտրուկ փոփոխություններով:

Հնարավոր է նաև, որ Արևմտյան երկրներն ու Ռուսաստանը արդեն իսկ համաձայնության են եկել Ստեփանակերտի օդանավակայանի համատեղ շահագործման մասին: Նրանք արդեն իսկ համատեղ շահագործում են Ռուսաստանում գտնվող Ուլյանովսկի օդանավակայանը՝ Աֆղանստանի օպերացիաների համար:

 

Տեսանյութեր

Լրահոս