8 միլիոն դրամանոց լրջություն

Երեկ ՀՀ վարչական դատարանը քննեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանի հայցն` ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որով Նարինե Մկրտչյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ հունվարի 14-ին կայացրած 22Ա որոշումը: Այս որոշմամբ ԿԸՀ-ն մերժել էր Նարինե Մկրտչյանին գրանցել նախագահի թեկնածու, քանի որ նա չէր կատարել ՀՀ ընտրական օրենսգրքի 79 հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասի պահանջը` ներկայացնել ընտրական գրավի մուծման անդորրագիր:

Նարինե Մկրտչյանը համարում է, որ Ընտրական օրենսգրքի այդ պահանջը հակասահմանադրական է: Վարչական դատարանը` լսելով Նարինե Մկրտչյանին և ԿԸՀ ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանին, որոշեց, որ վճիռը կհրապարակի հունվարի 21-ին:
Որպես ԿԸՀ որոշման անօրինականության հիմք` Նարինե Մկրտչյանը վկայակոչում է Սահմանադրության 50-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք:

Նարինե Մկրտչյանը դատարանում հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք` նշանակում է` յուրաքանչյուր ոք, մինչդեռ, ըստ ԿԸՀ որոշման` ստացվում է, որ նախագահ կարող է ընտրվել յուրաքանչյյուր ոք, ով ունի 8 միլիոն դրամ: Այսպիսով, ըստ Նարինե Մկրտչյանի` խախտվել է սահմանադրական նորմը, և կիրառվել է գույքային ցենզ, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ:

ԿԸՀ իրավաբանական վաչության պետ Նունե Հովհաննիսյանը ներկայացնելով ԿԸՀ դիրքորոշումը` հայտարարեց, որ ԿԸՀ-ն առաջնորդվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին կետով, ըստ որի` հանրապետության նախագահի թեկնածուները ՀՀ ԿԲ-ում բացված ԿԸՀ հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 8-հազարապատիկի չափով: Քանի որ հաշվարկային նվազագույն աշխատավարձը հազար դրամն է, ստացվում է` 8 միլիոն դրամ:

Կարդացեք նաև

Իսկ քանի որ Նարինե Մկրտչյանը չի ներկայացրել համապատասխան անդորրագիր 8 միլիոն դրամի մուծման մասին, իրենք` առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով, մերժել են գրանցումը: Այդ կետը նախատեսում է, որ գրանցումը կարող է մերժվել, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:
Նունե Հովհաննիսյանը, իհարկե, ճիշտ է, որ Ընտրական օրենսգրքով առաջնորդվելու դեպքում իրենք պետք է մերժեին Նարինե Մկրտչյանի և ընտրագրավ չմուծած մյուս թեկնածուների գրանցումը: Բայց ԿԸՀ ներկայացուցիչը մտավ մեկ այլ քննարկման մեջ, որն ավելի շուտ քաղաքական է, քան իրավական:

Նա, մասնավորապես, սկսեց բացատրել, որ 8 միլիոն դրամ ընտրագրավը ոչ թե գույքային ցենզի սահմանում է, այլ դա վկայություն է թեկնածուի լրջության մասին, որ ընտրագրավը սահմանվել է ընտրական պրոցեսը կեղծ թեկնածուներից զերծ պահելու համար: Ավելին` նա անդրադարձավ միջազգային փորձին և հայտարարեց, որ ընտրագրավը կիրառվում է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, բերեց Ավստրիայի օրինակը` ասելով, որ այնտեղ 3600 եվրոյի ընտրագրավ է սահմանված:

Նարինե Մկրտչյանը և նրա շահերի պաշտպան Կարեն Վարդանյանը միանգամից հակադրվեցին` ասելով, որ Ավստրիայի օրինակը տեղին չէ, քանի որ Ավստրիայում և այլ երկրներում ընտրագրավն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունի, հաշվի առնելով այդ երկրների միջին աշխատավարձերի չափը, իսկ Հայաստանում միջին աշխատավարձը 114 հազար դրամ է, նվազագույնը` 32,5 հազար դրամ: Բացի այդ, Կարեն Վարդանյանը հիշեցրեց, որ երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերացվեց ապարտեիդի ռեժիմը, վերացվեց նաև ընտրագրավը, համարելով, որ այն անհավասար հնարավորություններ է ստեղծում թեկնածուների համար:

Կարեն Վարդանյանը նշեց նաև, որ այլ երկրներում թեկնածուների լրջությունը ապահովելու համար օգտագործում են այլ միջոցներ, մասնավորապես` ստորագրահավաքը, որն ավելի ժողովրդավարական միջոց է, քան ընտրագրավը:

Ըստ էության, դատավարության երկու կողմերն էլ ճիշտ են. Նարինե Մկրտչյանը ճիշտ է, որ սահմանափակվել է ընտրվելու իր սահմանադրական իրավունքը, ԿԸՀ ներկայացուցիչը ճիշտ է, որ ԿԸՀ-ն Նարինե Մկրտչյանի գրանցումը մերժել է` առաջնորդվելով Ընտրական օրենսգրքով: Կարելի է համոզված պնդել, որ Վարչական դատարանը հենց վերջին հանգամանքը նկատի ունենալով` կմերժի Նարինե Մկրտչյանի հայցը: Այդ դեպքում Նարինե Մկրտչյանը կդիմի Սահմանադրական դատարան` վիճարկելով Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածների սահմանադրականության հարցը:

Երեկ մենք հարցրեցինք Մկրտչյանին, թե արդյո՞ք մտադիր է դիմել ՍԴ, եթե Վարչական դատարանը մերժի իր հայցը:

Նա պատասխանեց, որ հույս ունի, թե դատարանն իր օգտին վճիռ կկայացնի, բայց մերժվելու դեպքում` անպայման դիմելու է ՍԴ:

Կարևոր չէ, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, չնայած ամենայն հավանականությամբ այնտեղ ևս Մկրտչյանին կմերժեն: Կարևորն այն է, որ այս դատական գործընթացները ստվեր կնետեն նախագահական ընտրությունների վրա. գոնե այն իմաստով, որ Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր կհայտարարեն, որ ընտրվելու իրենց սահմանադրական իրավունքը խախտվել է:

Գուցե Հայաստանում ընտրագրավ պետք է լինի, բայց, որ դրա սահմանված չափը բավական մեծ է, անվիճելի է: Եթե միջին վիճակագրական հայը հինգ տարի անընդմեջ աշխատի և իր ստացած աշխատավարձից նույնիսկ մեկ դրամ չծախսի իր անձնական կարիքների համար, նա չի կարող հավաքել պահանջվող 8 միլիոն դրամը և որպես նախագահի թեկնածու առաջադրվել: Էլ չենք խոսում նվազագույն աշխատավարձ ստացողների մասին:

Իսկ եթե ընտրական գրավը սահմանվել է նախագահի թեկնածուների լրջությունը պարզելու համար, համարելով, որ գումար չունեցողներն անլուրջներ են, ապա կարելի է ընդհանրապես ընտրություն չանցկացնել և նախագահ հռչակել ամենալուրջ թեկնածուին, նրան, ով ամենաշատ գումարը կմուծի` որպես ընտրագրավ: Մյուս կողմից` փաստենք, որ չնայած նման բարձր ընտրագրավին, նախանշված նպատակին` անլուրջ թեկնածուների բացառմանը, միևնույն է, հնարավոր չի եղել հասնել:

Մեր հարցին, թե համաձա՞յն է ԿԸՀ որակման հետ և իրեն համարո՞ւմ է անլուրջ թեկնածու, Նարինե Մկրտչյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ի լիազորությունների մեջ չի մտնում թեկնածուների լրջությունը պարզելը, այդ կառույցը գոյություն ունի ընտական պրոցեսը կազմակերպելու համար, իսկ թեկնածուների լրջության աստիճանը որոշում են ընտրողները, որոնց նույն ԿԸՀ-ն զրկում է այդ հնարավորությունից:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս