Ինչո՞ւ է Սյունիքում անհետացել ռուսական գիմնազիա բացելու մասին ստորագրված հուշագիրը
Դեռևս 2011 թ. հունիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վաչեսլավ Կովալենկոն և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստորագրեցին համագործակցության փաստաթուղթ, ըստ որի` Կապանում բացվելու է ռուսաց լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա:
Ընդ որում` այս մասին բավական առատ տեղեկատվություն կա համացանցում: Իսկ մինչ այդ պաշտոնական արարողությունը, ինչպես վկայում են կապանցիները, մարզպետարանը տնտղում էր քաղաքի մեծ, հարմարավետ դպրոցները` ՌԴ դեսպանին գոհացնելու համար: Արդյունքում ընտրեցին Կապանի Ձորք թաղամասում գտնվող Եղիշե Չարենցի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը, որն այժմ կոչվում է հիմնական դպրոց: Դեռևս այդ ժամանակ դպրոցի ուսուցիչներից շատերն անհանգստացել էին` մտածելով, թե ռուսական գիմնազիայի բացմամբ կփակվի դպրոցը:
Նրանցից ոմանք սկսեցին աշխատանք փնտրել գյուղի դպրոցներում, բայց հետո լուրեր տարածվեցին, թե դպրոցը չի փակվելու, այլ դրա մասնաշենքերից մեկը տրամադրվելու է ռուս-հայկական համագործակցությանը: Այդպիսով` դպրոցը կիսվեց երկու մասի` հայկական և ռուսական հատվածների:
Թիվ 13 դպրոցի բակում փորձեցի հետաքրքրվել, թե որտե՞ղ է դպրոցում տեղակայված ռուսական գիմնազիան: Աշակերտներից մեկն ինձ ուղղեց` ասելով, թե դա ոչ թե դպրոց է, այլ ռուսաց լեզվի ուսուցմամբ դասարաններ: «Ա՞յ, էն կորպուսն ա»,- դպրոցի աշակերտներից մեկը ձնագունդը մի ափից տեղափոխելով մյուս ափը` մատնացույց արեց դպրոցի արևկող մասնաշենքը: Դպրոցի շենքում ավելի հեշտ էր կողմնորոշվել` աջ հատվածում մասնաշենք տանող ճանապարհին ռուսերենով գրված է` «բարի գալուստ»:
Չնայած այս բաժանմանը, դպրոցի նորընտիր տնօրեն Զավեն Ստեփանյանն ասաց, որ դպրոցը մեկ միավոր է և ունի մեկ տնօրեն: «Թիվ 13 հիմնական դպրոցը ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոց է, այսինքն` բոլոր դասարաններում ռուսերենի ժամերը շատ են, և ուսումնական ծրագրով` կազմակերպվում է ռուսերենի խորացված ուսուցում: Դպրոցը մեկ միավոր է, որտեղ կան ռուսերենով ուսուցանվող դասարաններ, որտեղ սովորում են այն երեխաները, որոնց ծնողները Ռուսաստանի քաղաքացիներ են, կամ ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, կամ այն երեխաները, որոնք հինգ և ավելի տարիներ սովորել են ռուսերենով»,- նշեց դպրոցի տնօրեն Զ. Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ` ռուսական ուսուցմամբ դասարաններում սովորում է 14 աշակերտ: «Ունենք աշակերտներ, որոնց ծնողներն աշխատում են «Դինո գոլդ մայնինգ քամփնիում», ունենք նաև ծնողներ, որոնք տարբեր պատճառներով տեղափոխվել են Կապան: Նրանց մի մասը` հիմնական է վերադարձել, մյուս մասը` ժամանակավոր»,- ասաց տնօրենը: Հարցին, թե ուսուցիչներն ի՞նչ հիմունքով են ընտրվում ռուսական ուսուցմամբ դասարաններում դասավանդելու համար, Զ. Ստեփանյանը պատասխանեց, որ այդտեղ աշխատում են և համատեղության կարգով ուսուցիչներ, որոնք աշխատում են նաև այլ դպրոցներում, և՛ նաև թիվ 13 դպրոցի ուսուցիչները:
Ռուսական ուսուցմամբ դասարանների դասվար Արծվիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց դժվարությունների մասին: «Ամենամեծ դժվարությունն այն է, որ ծրագիր ընդհանրապես չունենք: Գրքերը հին են: Երևի ինչ-որ չեն օգտագործում դպրոցում, տվել են մեզ: Մենակ մի նոր դասագիրք են բերել` քրեստոմատիան, որը 1-ից մինչև 9-րդ դասարան նույնն է, բայց մնացած գրքերը հին են»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Ըստ նրա` իրենք ամեն ինչ անում են իրենց ջանքերով:
«Երբ բողոքում ենք, ասում ենք` դասարանները բացել եք, կատարեք գործը: Որտեղ որ դիմում ենք, ասում են` մի բանով կօգնենք, բայց այդպես էլ չեն օգնում: Դիմել ենք Երևան` «Ռոսսատրուդնիչեստվային», բայց մինչ օրս պատասխան չենք ստացել: Ես, 34 տարի է` աշխատում եմ դպրոցում: Անձամբ եմ կազմում ծրագիրը: Գրքեր չունենք անգամ թելադրությունների համար, և ես ստիպված եմ լինում ինքս կազմել այդ ձեռնարկը: Իսկ երգի դասագիրք չունենալու պատճառով` ինտերնետից եմ օգտվում:
Նույնն էլ` նկարչությունը: Շատ դեպքերում վերցնում ենք հայկական դասագրքերից, հետո` թարգմանում ենք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Նրա խոսքերը հաստատեց նաև դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անի Գրիգորյանը: Նրա դասասենյակում գրատախտակի մոտ ամրացված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ հոգևոր առաջնորդի լուսանկարները, իսկ դրանց երկուսի միջև` ՌԴ օրհներգի տեքստը: Դասասենյակում ներկա էր ութերորդ դասարանի աշակերտուհի Ելենան, ով Կապան էր տեղափոխվել ՌԴ-ից և դպրոցում սովորում է եղբոր հետ:
«Դասերին երգո՞ւմ եք Ռուսաստանի հիմնը»,- հարցրեցի նրան, ով փոքր-քիչ լռեց, հետո նայելով ուսուցչուհուն` ասաց, որ չեն երգում: Ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Սյունիքի մարզպետարանից, որտեղ, սակայն, Կրթության վարչությունում որևէ պատասխանատու չգտանք: Մեզ միայն փոխանցեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանի հեռախոսահամարը, ով հեռախոսազրույցում ասաց, թե այդ պահին շատ զբաղված է և աշխատում է մարզպետի հանձնարարականի վրա: Մարզպետարանի Կրթության վարչությունում խնդրեցինք մեզ տրամադրել Հայաստանում ՌԴ դեսպանի և Սյունիքի մարզպետի միջև ստորագրված փաստաթղթի պատճենը` բովանդակությանը ծանոթանալու համար:
Սակայն մարզպետարանի նշյալ վարչության աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ կփորձեն գտնել այդ փաստաթուղթը: Երեկ կրկին զանգահարեցինք մարզպետարանի Կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանին: Վերջինս, ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք գտել են փաստաթուղթը և ի՞նչ է բովանդակում այն, ասաց, թե տեղյակ չէ այդ փաստաթղթի մասին, և իր պատասխանը այդպես էլ կարող ենք գրել: Նույն հարցը մենք ուղղեցինք նաև մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մարգարյանին:
«Փաստաթղթեր կան, կարող եք գալ, նայել, ճշտել, թե ինչպե՞ս են բացվել այդ դպրոցները: Այս պահին դպրոցի տնօրենն էլ է ինձ մոտ, և ինքը բերել է այն փաստաթղթերը, որոնք կան դպրոցում: Այդ փաստաթղթերում ռուսական գիմնազիա սահմանում չկա, գոյություն չունի: Այս պահին իմ ձեռքի տակ Կրթության նախարարի հրամանն է, ըստ որի` թույլատրել ՀՀ մի շարք հաստատություններում իրականացնել ռուսերենի խորացված ուսուցում` համաձայն հավելվածի, որի մեջ մտնում է նաև Կապանի թիվ 13 հիմնական դպրոցը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Լ. Մարգարյանը:
Ինչ վերաբերում է դեսպանի և մարզպետի միջև ստորագրված հուշագրին, նա ասաց, թե ինքը նման փաստաթուղթ չունի և չի էլ տեսել: Հարցին, թե այսինքն` փաստաթուղթն անհետացե՞լ է, Լ. Մարգարյանը պատասխանեց.
«Բնականաբար, ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես 3,5 ամսվա վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար եմ: Ո՞նց կարող է գիմնազիա լինել, եթե այնտեղ չկա առանձին տնօրեն, առանձին ուսմասվար»: Ինչևէ, ստացվում է այնպես, որ պաշտոնական փաստաթղթում ամրագրված ռուսական ուսուցմամբ հանրակրթական գիմնազիան ներկայացվել է` որպես ռուսաց լեզվի ուսուցմամբ դասարաններ` ՀՀ կրթության նախարարի հրամանի ներքո: Եվ ամենաուշագրավն այն է, որ մարզի կրթության պատասխանատուները խիստ անտարբերությամբ են մոտենում հարցին, թե որտե՞ղ է պաշտոնական հուշագիրը, ավելին` պաշտոնական հնչեղություն ստացած փաստաթուղթը մինչ օրս նրանց այդպես էլ չի հաջողվել գտնել: Ու տպավորություն է, թե խոսքը դպրոցական ինչ-որ ստուգողական շարադրության մասին է, որը կարող էր հեշտությամբ անհետանալ:
«168 ԺԱՄ»