Բաժիններ՝

Տեխզննման կտրոնների «առասպելը». բանկերն իրենց իրավասությունից դուրս բաներ չե՞ն պահանջել

Ավտոմեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված տհաճ պատմությունը, որն սկսվել էր նախորդ տարվա վերջին օրերին, այսօր նոր շարունակություն է ստացել։

Հիշեցնենք, որ 2012թ. վերջին տեխզննության կտրոնների դեֆիցիտ էր ստեղծվել, և ավտոմեքենաների այն սեփականատերերը, ովքեր բանկեր էին դիմում վճարում կատարելու և տեխզննման կտրոն ստանալու համար, պարզում էին, որ կտրոններ չկան: Հաշվի առնելով այդ իրավիճակը՝ Ճանապարհային ոստիկանությունը որոշեց երկու շաբաթ չտուգանել տեխզննման կտրոն չունեցող վարորդներին։

Իսկ երբ վարորդները փորձել են տեխզննման կտրոնները ստանալ այսօր` ներկայացնելով 2012թ. գույքահարկվի վճարման անդորրագիրը, պարզվել է, որ պետք է ներկայացնեն նաև 2013 թվականի գույքահարկի մարման մասին վկայող անդորրագիր։ Թեպետ տարին նոր է սկսվել, սակայն տեխնիկապես այնպես է ստացվել, որ այսօր տրամադրվող տեխզննման կտրոնի վերջնաժամկետ դառնում է 2014թ. հունվարը։ Այսինքն՝ վարորդները կանգնել են փաստի առաջ, քանի որ ստիպված են նախապես վճարել գույքահարկը՝ ողջ տարվա համար։

Ընդ որում, պետական կառույցներում հասկանում են, որ մարդկանց հայտնվել են հիմար պատմության մեջ, սակայն հղում են անում օրենքներին ու որոշումներին։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը նշեց, որ հասկանալի է, որ որոշ մարդկանց համար դա կարող է դժվար լինել, բայց խնդիրն այն է, որ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել:

Կարդացեք նաև

«Կառավարության 350 N որոշման համաձայն`տեխզննման կտրոն ստանալու փաստաթղթերի շարքում կա նաև գույքահարկի անդորրագիրը: Գույքահարկի կտրոն պետք է ներկայացվի, եթե 2014 թվականի տեխզննման կտրոնն են ուզում վերցնել: 2013-ի գույքահարկի վճարման անդորրագիրն են պահանջել հավանաբար բանկերում: Այնպես չէ, որ բանկերը իրենց իրավասությունից դուրս բան են պահանջել: Դա հստակ ամրագրված է կառավարության որոշման մեջ: Հիմա որոշակի խնդիրներ են առաջացել տեխզննման կտրոնների հետ կապված: Մենք փորձում ենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ խնդիրները հարթվեն: Փորձում ենք հասկանալ`ինչպես կարող ենք անել, որ վարորդները չտուժեն, և կարծում եմ`կգտնվեն որոշակի լուծումներ նաև այդ հարցի հետ կապված»,- ասաց Իրինա Այվազյանը:

Նշենք, որ համապատասխան որոշման համաձայն, տեխզննման կտրոն ստանալու համար վարորդները պետք է բանկին ներկայացնեն  «մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը կամ պարտքերի չափի վերաբերյալ տեղեկանքը` բանկում համապատասխան վճարում կատարելու նպատակով: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում»:

Այսինքն՝ դե յուրե բանկերը ոչ մի կանոն ու որոշում չեն խախտում։ Իսկ թե ո՞վ էր մեղավոր, որ նախորդ տարվա վերջին նույն բանկերը տեխզննման կտրոններ չունեին, դա արդեն պատկան մարմիններին չի հետաքրքրում (հիշեցնենք, որ ֆինանսները նախարարությունը հավաստիացնում էր, որ բանկերին տրամադրվել են անհրաժեշտ քանակությամբ կտրոններ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս