Հայաստանը և հայաստանցիները լուրջ խնդրի առջև են կանգնած
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը համեմատաբար երիտասարդ կազմակերպություն է: 2013թ. կենտրոնը կնշի հիմնադրման 20-ամյակը: Նոր տիպի գիտական կազմակերպությունը յուրահատուկ էր նրանով, որ այդտեղ հիմնականում իրականացվում էին միջառարկայական հետազոտություններ:
Վերջին ժամանակաշրջանում բոլոր խոշոր հայտնագործություններն ու գիտական նվաճումները ի հայտ են գալիս մի քանի գիտությունների սահմանային տարածքներում: Դա է պատճառը, որ զարգացած երկրներն այսօր գումարներ են ծախսում հենց միջառարկայական հետազոտություններ իրականացնող գիտական հաստատություններ ստեղծելու համար: «168 Ժամը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի հետ:
– Միջառարկայական հետազոտությունների իրականացումը հետազոտությունների բավական լայն սպեկտր է նախատեսում: Ո՞րն է այս կենտրոնի ուսումնասիրությունների և աշխատանքների ուղղվածությունը:
– Կենտրոնի հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի գեոէկոլոգիական (երկրաբնապահպանական) հիմնահարցերն են, որոնք կարելի է կիսել երկու խոշոր մասերի: Դրանցից մեկը՝ հիմնարար նշանակություն ունեցող հետազոտություններն են, որոնց մեջ ներառված են մարդածին երկրաքիմիական հոսքի գնահատականն ու ուսումնասիրությունը, գլոբալ երկրաքիմիական ցիկլերի ի հայտ գալը հայկական լեռնաշխարհի պայմաններում:
Դրանք շատ լուրջ հետազոտություններ են, որովհետև կապ ունեն խոշոր, կայուն երկրակեղևի փուլերի և օրինաչափությունների հետ: Մյուս կողմից, իհարկե, այս նույն հետազոտությունները ստանում են նաև կիրառական նշանակություն, քանի որ այսօր, երբ մենք խոսում ենք մարդկությանը սպառնացող լուրջ վտանգների մասին, պետք է հաշվի առնել, որ այդ բոլորը երկրաքիմիական բնույթի վտանգներ են, օրինակ` իմունիտետի անկումից մինչև հողերի դեգրադացիա, երկրի ջերմային հաշվեկշռի փոփոխությունները, և այլն:
Մեր երկրի համար այդ երկրաքիմիական հետազոտություններն առանցքային նշանակություն ունեն, քանի որ այսօր ունենք տնտեսության զարգացման մի քանի առաջնահերթություն, օրինակ` հանքալեռնային արդյունաբերությունը, տուրիզմը և այլն, իսկ երկրաքիմիական հետազոտություններն այդ ամենի հետ կապված են: Օրինակ` հանքալեռնային ընկերությունների բոլոր դժբախտությունները կապված են երկրաքիմիական բալանսի խախտման հետ:
Երբ խախտվում է այդ հաշվեկշիռը` սկսում են դժբախտությունները: Գյուղատնտեսության մեջ սկսում ենք խախտել քիմիական բալանսը, ունենում ենք լուրջ դժվարություններ: Ուզում ենք զարգացնել տուրիզմը, մինչդեռ տուրիստները միշտ հետաքրքրվում են, թե ի՞նչ էկոլոգիական իրավիճակ է տիրում մեր երկրում, արդյո՞ք այստեղ առողջությանը սպառնացող վտանգներ կան, թե՞ ոչ:
Շատ հաճախ որոշումներ ընդունելու համար պետական կառավարման մարմինները պետք է ունենան այդ ամբողջ տեղեկատվությունը: Երկրորդ շատ կարևոր խնդիրը` այդ ամբողջ էկոլոգիական տեղեկատվությունը արագ և մատչելի կերպով հասանելի դարձնելու հարցն է, որպեսզի մարդը, ով ժամանակ չունի խորանալու տարբեր աղյուսակների կամ ինչ-որ ծավալուն գրքերի հատորների մեջ, կարողանա արագ հասկանալ խնդրի էությունը: Այս ուղղությամբ այսօր լուրջ աշխատանքներ ենք իրականացնում:
Ներկայումս աշխարհում կիրառում են Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ (GeoInformation Technology), որի օգնությամբ հնարավոր է ցանկացած նշանակալի էկոլոգիական տեղեկատվություն արտահայտել քարտեզների տեսքով ու որոշել շրջակա միջավայրին սպառնացող տարբեր վտանգներն ու հնարավոր ռիսկերը: Մենք ևս այդ տեխնոլոգիաների կիրառմամբ արդեն հաջորդ տարի կստեղծենք մեր քաղաքի էկոլոգիական վիճակի մասին նման քարտեզ: Դա շատ ծավալուն աշխատանք է և բավական մեծ հմտություններ է պահանջում:
Լուրջ միջոցներ են անհրաժեշտ նման քարտեզների ստեղծման համար: Եվ քանի որ դա ավելի շուտ պետության խնդիրն է, որոշ երկրներ դրա համար հատուկ գումարներ են տրամադրում իրենց գիտահետազոտական կենտրոններին` նման ուսումնասիրություններ իրականացնելու և քարտեզ ստեղծելու համար: Մենք դրա համար հատուկ ֆինանսավորում չունենք, և մեր տարբեր ծրագրերից ստացված միջոցները ներդնում ենք այս կարևոր աշխատանքի մեջ:
– Կենտրոնի գիտական ներուժն օգտագործելով` կկարողանա՞ք գտնել այն կրիտիկական կետերը, որոնց հետ մենք խնդիր ունենք:
– Ճիշտ այդպես: Այսօր շատ են խոսում հանքալեռնային արդյունաբերության մասին, բայց երբ հարցնես, թե ավելի հստակ ինչո՞ւմ է խնդիրը, պատասխան չի լինի: Դա արդեն գիտնականի խնդիրն է, ով կարող է ասել, որ, օրինակ, տվյալ հանքավայրում հաշվի չեն առել սնդիկի առկայությունը, որը շատ վտանգավոր է մարդու առողջության համար:
Հանքավայրը շահագործում են, սնդիկը դուրս է գալիս ընդերքից և սկսում է աղտոտել շուրջբոլորը, մինչդեռ դրա մասին ոչ ոք չի խոսում, իսկ խնդիրը գալիս է այդտեղից: Ուրիշ տեղերում էլ այլ խնդիրներ կան, անհրաժեշտ է ուղղակի հասկանալ և մատնանշել, թե ի՞նչ ռիսկերի հետ մենք գործ ունենք, դրանք կառավարելի՞ ռիսկեր են, թե՞ ոչ կառավարելի:
2007թ. շատ հետաքրքիր և ծավալուն աշխատանք կատարեցինք Երևանի քաղաքապետարանի պատվերով:
Մշակեցինք քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագիրը: Ի՞նչ է նշանակում այդ «ֆունկցիոնալ» բառը: Դա նշանակում է, որ քաղաքի բուսականությունը պետք է ունենա առնվազն երեք հատկանիշ. պետք է լինի գեղատեսիլ, քանի որ քաղաքի լանդշաֆտի բաղկացուցիչն է, երկրորդ` պետք է լինի կայուն, քանի որ առանց այն էլ քաղաքում ծառը մի քանի անգամ ավելի քիչ է ապրում, քան բնություն գրկում, և երրորդ հատկացուցիչը` այն պետք է նպաստի շրջակա միջավայրի առողջացմանը:
Այն պետք է հանդիսանա ֆիտոֆիլտր, այսինքն` կարողանա օդից կլանել վտանգավոր որոշ տարրեր, բայց դրա հետ մեկտեղ` չչորանա: Բավական գիտատար աշխատանք էր, մենք տիեզերական լուսանկարներ օգտագործեցինք, հաշվարկեցինք յուրաքանչյուր փողոցում մեքենաների քանակը, այդ մեքենաների արտանետումները, հողի աղտոտումը, հողում փոշու բաղկացուցիչը, այնուհետև` մեր քաղաքի կլիմայական պայմանները, որոնք, ի դեպ, շատ տարբեր բնակլիմայական գոտիներում են գտնվում, օրինակ` Քանաքեռը ու Չարբախն ամբողջովին տարբեր են: Այդ բոլորը հաշվի առնելով` գտանք այն ծառատեսակների ցանկը, որը կլինի գեղեցիկ, կայուն ու նաև կմաքրի մեր քաղաքը:
Դա շրջակա միջավայրի կառավարման բարձր տեխնոլոգիաներ են կոչվում: Մեր քաղաքը զինված է նման ծրագրով, իսկ թե որքանո՞վ է այն իրականացվում, այլ հարց է:
– Իսկ ծառերի հետ կապված ծրագիրը ինչպե՞ս է իրականացվում:
– Երևանում ամեն տարի խայտառակ ձևով խախտվում է Երևանի գլխավոր հատակագիծը: Գլխավոր հատակագիծն օրենք է, որը, սակայն, ամեն օր խախտվում է, կանաչ գոտի նախատեսված հատվածներում կառուցապատումներ են կատարվում:
Աղտոտումների խնդրի վերաբերյալ մենք շուրջ 6 տարի իրականացրել ենք ամենախոշոր տարածաշրջանային ծրագիրը, որտեղ ընդգրկված էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գիտական կազմակերպությունները:
Դա շատ հազվագյուտ երևույթ է, և մենք միասին բավական սերտ համագործակցում էինք: Դա ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագիրն էր: Մենք շահեցինք այդ խոշոր դրամաշնորհը և 6 տարի մեր երկու հարևանների և երեք արևմտյան երկրների` Բելգիայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի հետ, հետազոտում էինք մերձսահմանային գետերի ջրի որակը: Ջուրն, իհարկե, ամենալուրջ ռեսուրսն է, իսկ շատ հաճախ մեր ստորին հոսանքում գտնվող երկրները, օրինակ` Ադրբեջանը, մեզ մեղադրում էր, որ մենք աղտոտում էինք և խախտում էինք ջրի միջազգային չափորոշիչները (նորմաները):
Այդ ծրագրի շրջանակներում մենք ստեղծեցինք գերհզոր լաբորատորիա, և այսօր մենք ունենք հոյակապ, գերժամանակակից, շատ թանկ սարքավորումներ` ցանկացած անալիզ իրականացնելու համար: Դրանք այժմ աշխատում են հենց այս շենքում: Այսպիսով` 6 տարի շուրջ 48 ցուցանիշներով` ծանր մետաղներ, ռադիացիա, օրգանական աղտոտիչներ, և այլն, մոնիտորինգի արդյունքում, լուրջ գիտական տվյալներով ապացուցվեց, որ Հայաստանից աղտոտված ջուր դեպի դուրս չի գնում:
Այսինքն` մենք ունենք որոշակի աղտոտման մակարդակներ, սակայն դրանք չեն խախտում թույլատրելիի սահմանային խտությունները, որոնք ընդունված են միջազգային չափորոշիչներով: Այլ բան է, որ երկրի ներսում, իհարկե, խայտառակ վիճակ է, սակայն ամեն դեպքում դուրսը մենք նման խնդիր չունենք:
– Հայաստանն այսօր ջրային ռեսուրսների խնդիր ունի՞:
– Այո: Հայաստանում ջրի գերսպառման հետևանքով, հնարավոր է` մենք շուտով լուրջ խնդրի առջև կանգնենք: Այս խնդրի անվերահսկելիության և ջրային պաշարների անխնա սպառման հետևանքով առաջիկայում Հայաստանում ջրի պաշարների խիստ նվազում է նկատվելու, ինչը կհանգեցնի լուրջ խնդիրների, անգամ անապատացման:
Ջրային ռեսուրսների անվերահսկելիության արդյունքում` Հայաստանում մակերևութային ջրի որակի` գետերի, ոռոգման ջրերի և այլն, լուրջ խախտումներ են նկատվում: Հանքալեռնային պաշարները հալվում են և լցվում գետերի մեջ, այնուհետև` նաև ոռոգման ցանցեր, իսկ այդ ջրով մարդիկ ջրում են գյուղմթերքները:
Գաղտնիք չէ, որ ՀՀ ոչ մի բնակավայր չունի ջրի մաքրման համակարգ: Մինդեռ դրանք վտանգված են մի կողմից` կոյուղաջրերի ներթափանցմամբ, մյուս կողմից` արդյունաբերական հոսքերի շատ վնասակար տարրերը` ծանր մետաղները և իոնները, հայտնվում են ջրում: Խոսքը մակերևութային ջրերին է վերաբերում, ոչ թե խմելու ջրին: Հայաստանի մակերևութային ջրերում այդ վնասակար նյութերի քանակը տասնյակից մինչև մի քանի հարյուր անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանները: Անվերահսկելիության պատճառով մեծ քանակով ջրային ռեսուրսները հայտնվում են գետնի մակերևույթին և գոլորշիանում են, իսկ դա բերում է անապատացման:
– Ի տարբերություն այլ ինստիտուտների` գերժամանակակից սարքավորումներ ունեք: Ի՞նչ խնդիրներ են դրանցով ուսումնասիրվում:
– Այո, տարբեր դրամաշնորներով մենք գնեցինք տարբեր շատ լուրջ սարքավորումներ, և 2010թ. վարչապետի որոշմամբ` մեր կենտրոնում ստեղծվեց նոր ստորաբաժանում` Սննդի ռիսկերի գնահատման կենտրոն: Դա շատ կարևոր օղակ է Հայաստանի տնտեսության համար: Եվ, եթե մենք ուզում ենք կառավարել ռիսկերը, օրինակ` սննդի մեջ, ապա պետք է իմանանք այն թիրախները, որոնք պետք է հսկել կառավարման համար: Այս կետերը գտնելն արդեն գիտական խնդիր է:
Դու պետք է կարողանաս գիտական հիմունքներով փորձաքննություն իրականացնել և ցույց տալ սննդի անվտանգության ծառայությանը, թե որտե՞ղ մենք խնդիր ունենք: Օրինակ, 2011թ. ռիսկերի կառավարման մեր կենտրոնը գնահատել և գտել էր, որ կաթի մեջ սոդա են խառնում: Հայտնել էինք սննդի անվտանգության ծառայությանը, որը և սկսեց ստուգումների իրականացումը: Մենք սերտորեն համագործակցում ենք սննդի անվտանգության ծառայության հետ: Վերահսկում ենք ներմուծվող սննդային ապրանքների անվտանգությունը: Պատահում են դեպքեր, երբ մեր պահանջով ոչնչացվում են բերվող վտանգավոր սննդամթերքները:
Վերջին երկու տարում ահռելի աշխատանք ենք իրականացրել մեր արոտավայրերի գնահատման ուղղությամբ: Համաշխարհային բանկի ծրագրով 2 տարում կարողացել ենք գնահատել թվով 50 համայնքների արոտավայրերի վիճակը, հաշվարկել դրանց արդյունավետությունը և դրա հիման վրա մշակել արոտացման սխեմաները:
Այսօր արդեն այդ համայնքները գիտեն, թե իրենց հողատարածքն ի՞նչ վիճակում է, որքա՞ն գլխաքանակի անասուն կարող են ունենալ այդ տարածքի վրա, և ինչպե՞ս արածացնել, որպեսզի այդ տարածքները լինեն մաքսիմալ օգտավետ և շարքից դուրս չգան: Այսօր ունենք բավական շատ էրոզացված, շարքից դուրս եկած տարածքներ, ունենք նաև հողերի դեգրադացիա, որտեղ անապատացում է տեղի ունենում: Այսինքն` սա երկրի համար գերկարևոր խնդիր է:
– Հողերի անապատացման վտանգի մասին փոքր-ինչ կպատմե՞ք:
– Ընդհանուր անապատացման գործընթացները, որոնք ընթանում են այժմ մեր ամբողջ տարածաշրջանում, կապված են երկրաքիմիական ցիկլերի հետ: Հայաստանը ևս մտնում է այդ ռիսկային գոտիների մեջ` կլիմայի փոփոխման, մթնոլորտային տեղումների քանակի փոփոխման հետ կապված: Լուրջ հետազոտությունների իրականացման արդյունքում կարողացանք մշակել ալգորիթմներ, որոնց օգնությամբ կարող ենք վաղօրոք կանխագուշակել անապատացման գործընթացների սկզբի մասին:
Դա նման է նրան, երբ բժիշկներն ասում են, որ քաղցկեղը պետք է վաղ շրջանում հայտնաբերել, ու թեև դու տեսնում ես, որ մարդն առույգ է, խոսում է, ժպտում է, բայց նրա մեջ արդեն այդ քաղցկեղային գործընթացն է ընթանում: Նույնն էլ լանդշաֆտն է: Մենք տեսնում ենք, որ դեռ ծառերը կան, ինչ-որ ծիտիկներ կան, բայց անապատացման գործընթացը, թեև չի երևում, սակայն սկսվել է:
Մենք մասնակցում ենք անապատացման դեմ պայքարին ուղղված միջազգային մի ծրագրի, որտեղ 20-ից ավելի երկրներ գիտատար մեթոդներով փորձելու են գտնել հողերի վերականգնման և անապատացման խնդրի լուծման ճիշտ մեթոդները:
– Ըստ Ձեզ` ո՞րն է ամենավտանգավոր խնդիրը, որն ունի մեր քաղաքը:
– Իմ կարծիքով` ամենալուրջ խնդիրը հանքալեռնային արդյունաբերությունն է, քանի որ դրա ոչ ճիշտ զարգացման հետևանքով մենք շատ մեծ տարածքներ ենք աղտոտում ծանր մետաղներով: Իսկ ծանր մետաղները կայուն աղտոտիչներ են: Բնությունը ինքնամաքրման մեխանիզմներ չունի դրա համար, և այդ կերպ աղտոտելու դեպքում` տասնյակ-հարյուրավոր տարիներ չենք կարող դա վերացնել:
Եվ այդ աղտոտումը սննդային շղթաներով կհայտնվի մարդու օրգանիզմում: Դրանք շատ նենգ հատկություններ ունեն, խախտում են մարդու երկու հիմնական ֆունկցիաները` ժառանգականությունը և վերարտադրությունը: Բացի այդ, ծանր մետաղների ազդեցությունը, մանավանդ` ոչ խոշոր խտություններով, այլև փոքր կոնցենտրացիաներով, շատ լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում: Մենք դա չենք զգում, քանի որ դրանք հոտ և համ չունեն, ընդունում ենք դրանք, իսկ դրանց ավերիչ ազդեցությունն օրգանիզմի վրա ի հայտ է գալիս որոշ ժամանակ անց:
Օրինակ, մարդու օրգանիզմի վրա դրա խիստ բացասական ազդեցությունը կարող է ի հայտ գալ 10-15 տարի անց` մարդու մոտ սկսում է քաղցկեղ առաջանալ: Ըստ էության, մեր բազմաթիվ տարածքներում վտանգում ենք ազգի գենոֆոնդը: