Ընտրություններից հետո Պուտինը կգա և իր առաջին հայտարարությամբ կպատժի Հայաստանին
Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ
– Ինչպ՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այն ի՞նչ ազդեցություն ունեցավ հարցի կարգավորման գործընթացի վրա:
– Եվս մեկ անգամ մենք տեսանք Մինսկի խմբի այցելությունը, դա ոչ դրական էր, ոչ բացասական: Բայց մենք տեսնում ենք, որ Սաֆարովի գործից հետո առաջացած ապակայունացնող իրավիճակից հետո Մինսկի խմբի ուշադրությունը կրկին կենտրոնացած է առանցքային խնդիրների վրա:
Այդ խնդիրներն են` Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ պահելը և Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելուց հետ պահելը: Բարեբախտաբար, Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է` սաֆարովյան որոշմանը խելացի ձևով արձագանքելու շնորհիվ, որովհետև Հայաստանը ճիշտ ժամանակին պարզ դարձրեց Մինսկի խմբի համար, որ խաղաղության գործընթացում խնդիրը միշտ Ադրբեջանն է եղել:
Եվ նույնիսկ սաֆարովյան գործից հետո խնդիրը կշարունակի մնալ միայն Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը: Մինսկի խմբի համար սա նշանակում է, որ մարտահրավերն ավելի մեծ է: Եթե Սաֆարովից առաջ երկու կողմերը շատ էին հեռացած միմյանցից, ապա այժմ սաֆարովյան գործը ցույց տվեց, որ Ադրբեջանն ընդհանրապես թքած ունի միջազգային արձագանքի վրա: Հենց այդ պատճառով Մինսկի խմբի այցելությունը և հայտարարությունը հերթական բնույթ ունեն:
Սա քննադատություն չէ Մինսկի խմբի հասցեին, քանի որ նրանք միշտ եղել են միջնորդներ, այլ ոչ թե բանակցողներ, և նրանք կարող են անել միայն այն, ինչին ձգտում են հակամարտության կողմերը: Բայց այստեղ կա երկու եզրակացություն. ժամանակն է փոխել Մինսկի խմբի ֆորմատը, և այս առնչությամբ` արդեն ժամանակն է, որ Եվրոպական միությունն ավելին անի այս հարցում:
– Պարոն Կիրակոսյան, ինչո՞վ է պայմանավորված բավական մեծ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որին ականատես եղանք նախորդ շաբաթ. նկատի ունեմ Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի, ԵԺԿ նախագահ Մարթենսի, Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի և այլ ղեկավարների այցը Հայաստան` մի կողմից, ինչպես նաև ռուսական կողմից` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի այցելությունը և նրանց հայտարարությունները:
– Զավեշտալին այն է, աշխարհի մեծ մասը գիտակցում է, որ Հայաստանն ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի: Իրականում` նրանք ավելի շուտ են դա հասկացել, քան հայերը` Հայաստանում: Եվ այս բարձր մակարդակի այցելությունները` ՆԱՏՕ-ի, ԵՄ ներկայացուցիչների կամ այլոց կողմից, ցույց են տալիս այս փաստը: Սակայն սա պետք չէ միանշանակորեն ընկալել` որպես միջազգային աջակցություն նախագահ Սարգսյանին կամ Հայաստանի իշխանությանը: Սա ավելի շատ ճանաչումն է նրա, որ Հայաստանն ավելի կարևոր է, և իր հարևանների համեմատ` շատ ավելի կայուն պետություն է:
– Այսինքն` Հայաստանի կարևորության ճանաչումը կապված է երկու աշխարհաքաղաքական ուղղությունների մրցակցությա՞ն հետ:
– Ոչ, այստեղ չկան երկու մրցակցային մոդելներ: Այլ կերպ ասած` Եվրոպական միության Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը շատ ավելի իրական է, քան Եվրասիական միությունը: Բայց Դուք ճիշտ եք ռազմական և անվտանգության տեսանկյունից, քանի որ Հայաստանը խորացնում է իր կապերը ՆԱՏՕ-ի հետ, բայց միաժամանակ, միակ պետությունն է տարածաշրջանում, որ անդամակցում է ՀԱՊԿ-ին: Բայց տնտեսական կամ աշխարհաքաղաքական օրիենտացիայի առումով որևէ առճակատում չկա:
– Կան եվրոպացի փորձագետներ, ովքեր գտնում են, որ Եվրասիական միությունը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նախագիծ է:
– Լավ հարց է, ես համաձայն եմ դրա հետ, բայց Եվրասիական միությունը տնտեսական նախագիծ է` քաղաքական նպատակներով: Այդ իսկ պատճառով այն շատ թույլ է: Եվ քանի որ տնտեսական հարցերը դեռևս պարզեցված չեն, այդ պատճառով` քաղաքական նպատակներն ավելի շատ ընկալվում են` որպես ճնշում:
Մեծ տարբերությունը հետևյալն է. ԵՄ Արևելյան գործընկերությունը, ասոցիացման ծրագիրը, բոլորը խթաններ են հանդիսանում, իսկ Եվրասիական միությունը, Մաքսային միությունը դրանց հակադրությունն են և ավելի շատ հանդես են գալիս` որպես բացասական ճնշում: ՀՀ իշխանությունը նաև այս պատճառով խելամիտ գտնվեց Ռուսաստանի կողմից ճնշմանը դիմակայելու հարցում: Բայց պետք է նշել, որ Եվրասիական միությունն առաջին հերթին Հայաստանին չի վերաբերում. այն ավելի շատ վերաբերում է Ուկրաինային, իսկ երկրորդ թիրախը Կենտրոնական Ասիան է: Ուստի չեմ կարծում, որ Հայաստանն այդքան մեծ ճնշման ենթարկվի:
– Մամուլում շատ են գրում այն մասին, որ Աշգաբադում դեկտեմբերի 5-ին ԱՊՀ երկրների գագաթաժողովին Սերժ Սարգսյանի մեկնելու նպատակն ավելի շատ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցն է, որտեղ քննարկվելու է Եվրասիական միության անդամակցության և Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը: Ըստ Ձեզ` ի՞նչ արդյունքներ կարող է սա ունենալ, և արդյո՞ք ՀՀ նախագահը կարող է ընդունել Մաքսային միության առաջարկը` ԵՄ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո:
– Նախևառաջ` Սարգսյանը մեկնում է, առաջին հերթին, որպես ԱՊՀ անդամ պետության ղեկավար, այլ ոչ թե` Պուտինի հետ երկկողմանի հանդիպման համար: Եվ եթե նույնիսկ այդ հարցերն առաջ գան, Հայաստանը լավ դիրքերում է, որովհետև նա կանգնած չէ մեկը կամ մյուսն ընտրելու մարտահրավերի առջև:
Նույնիսկ շատերը Մոսկվայում չեն դիտարկում Արևելյան գործընկերության ծրագիրը որպես վտանգ Ռուսաստանի համար: Եվրասիական միությունն ավելի շատ արձագանք է Եվրոպական միության առաջընթացին, սակայն Հայաստանի վրա այդքան մեծ ճնշում չի գործադրվի: Ավելի մեծ փորձությունը կլինի փետրվարյան ընտրություններից հետո, երբ Պուտինը կգա Հայաստան: Զարմանալիորեն ռուսները սխալ են գործում հայերի հետ, քանի որ չեն հարգում Հայաստանին` որպես վստահելի գործընկեր:
Եվ ամենաառանձնահատուկ սխալն այն է, որ Պուտինը կգա ընտրություններից հետո, և իր առաջին հայտարարությամբ կպատժի Հայաստանին` բարձրացնելով գազի գները: Սա լավագույն ձևը չէ հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու համար:
– Իսկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ պատվիրակության այցը Բրյուսել որևէ կապ կարո՞ղ է ունենալ նախագահի աշգաբադյան այցի հետ:
– Պարոն Ծառուկյանը գնում է Բրյուսել իր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Կապ չունի, թե մենք ինչ ենք մտածում Գագիկ Ծառուկյանի մասին, բայց փաստ է, որ ԲՀԿ-ն մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է Հայաստանում` այսօր, բայց ոչ պարտադիր` վաղը:
– Պարոն Կիրակոսյան, եվրոպացի քաղաքագետներն իրենց հարցազրույցներում, ըստ էության, միաբերան նույն միտքն են արտահայտում, որ Արևմուտքում կամ ԱՄՆ-ում այնքան էլ հետաքրքրված չեն Հայաստանով և Հայաստանի ընտրական գործընթացներով: Որպես ԱՄՆ քաղաքացի` ի՞նչ կասեք այս տեսակետի մասին, դա իրո՞ք այդպես է:
– Կարճ պատասխանը կլինի` այո՛, դա այդպես է: Մի քանի օր առաջ Երևանում տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ հրավիրված համաժողովում ես իմ ելույթում նշեցի, որ, այո՛, Արևմուտքն այնքան ակտիվ չէ Հայաստանում, որքան պետք է լիներ: Բայց ես ցանկանում էի ցույց տալ, թե ինչո՞ւ է դա սխալ: Եթե լինեմ ավելի կոնկրետ, Հայաստանը ռազմավարական առումով ավելի կարևոր է, և պետք է ընդունվի` որպես ավելի կայուն պետություն, քան նրա հարևանները:
Բայց այն փաստը, որ Միացյալ Նահանգները չունի քաղաքականություն այս տարածաշրջանի վերաբերյալ, հավանաբար, օգտակար է մեզ համար, քանի որ Հայաստանի զարգացման և իրական ժողովրդավարության բանալին ոչ թե ռուսամետ կամ ամերիկամետ, այլ` հայամետ լինելն է: Եվ դրան պետք է հասնել` սեփական ուժերը գիտակցելով և իրացնելով: Այդ պատճառով, եթե մենք դասեր քաղենք «ծաղիկների» և «մրգերի» հեղափոխություններից, ապա կհասկանանք, որ ժողովրդավարության կառուցումը Հայաստանում կարող է իրականացվել միայն հայերի կողմից և միայն հայերի համար: Սա նաև ի հայտ է բերում երկու մտահոգիչ փաստեր:
Առաջինն այն է, որ արդեն 20 տարի ունենք անկախություն, և Հայաստանն այլևս արդարացում չունի ժողովրդավարություն չունենալու համար: Երկրորդ մտահոգիչ գործոնն այն է, որ Հայաստանը դեռևս ավելի շատ պոտենցիալ ունի, քան իրականություն, բայց ավելի քան 20 տարի անկախություն ունենալուց հետո դա արդեն ամոթ է և մեղք: