«Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա խորհուրդ չեմ տա առաջադրել իր թեկնածությունը»

Հարցազրույց ՀՀՇ անդամ, ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ
Շահեն Պետրոսյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Քաղավիացիայի ներկայիս վիճակը:

– Ինչպես Կատոնն էր Հին Հռոմում ասում` Կարթագենը պետք է վերացվի, ես էլ Կատոնի պես ասելու եմ` «Արմավիան» պետք է վերացվի, և պետք է վերականգնվի «Հայկական ավիաուղիները»: «Արմավիան»` որպես այդպիսին, արհեստական ստեղծված ընկերություն է, յուրացրել է «Հայկական ավիաուղիների» շուկան, որի ստեղծման համար ժամանակին միլիարդներ են ներդրվել: Ցանկացած չվերթ սկսելիս հսկայական ներդրումներ են կատարվում, որի աշխատանքի ինչ-որ փուլից, ինչ-որ ժամանակից հետո նոր շահույթ է ապահովվում:

Այդպես էինք մենք ժամանակին բացում «պատուհան դեպի Եվրոպա»: Մոսկվա, Կիև, Պետերբուրգ և այլ հետխորհրդային քաղաքներ կատարվող ավանդական չվերթերից բացի, առաջին չվերթը Երևան-Փարիզն էր, հետո` Երևան-Ամստերդամը, Երևան-Ֆրանկֆուրտը, և այլն: Քանի որ այն ժամանակ Թուրքիայի օդային տարածքը փակ էր, Երևան-Բեյրութ չվերթն իրականացվում էր` շրջանցելով այդ օդային տարածքը:

Կարդացեք նաև

Եվ մեր ամենամեծ նվաճումը եղավ այն, որ հենց մեր ջանքերով 1995թ. ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչության միջև պայմանագիր ստորագրվեց, ինչի շնորհիվ բացվեց Թուրքիայի հետ օդային սահմանը, և միայն դրանից հետո հիմնականում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթերի ավելացման շնորհիվ հայկական ավիացիան սկսեց տարեկան 10 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ ստանալ: Այս ամենը հենց այնպես չի արվել, և արվել է «Հայկական ավիաուղիների» ֆինանսների շնորհիվ:

Եվ հիմա, երբ «Արմավիան» պարզապես յուրացրել է այս շուկան, ավելի ճիշտ` իրեն նվիրել ենգ պարզվում է` սնանկ է, այս չի կարող անել, այն չի անումգ Ինչո՞ւ: «Հայկական ավիաուղիներն» ուներ իր սեփական օդային պարկը, տեխնիկական իր բազան, ուներ իր բորտ-սնունդը: Այս ամենը խլեցին և տվեցին օդանավակայանին կամ տարբեր անձանց: Օրինակ` բորտ-սնունդը տվեցին Գագիկ Ծառուկյանին, ինչո՞ւ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի օրոք արհեստականորեն սնանկացվեց «Հայկական ավիաուղիները», որ իրենցով արվի: Ո՞վ է Միխայիլ Բաղդասարովը, կարո՞ղ եք ասել, ճանաչո՞ւմ եք: Անձամբ ես չեմ ճանաչում: Նա ընդամենը ավիավառելիքի ներկրողներից մեկն էր, այն էլ` «Հայկական ավիաուղիների» փողերով:

Մի օր ես ու Սերժ Սարգսյանը պատահական հանդիպեցինք, հարցրեց. «դու նավթի պրոբլեմ ունե՞ս», ես պատասխանեցի` այո՛, ինչին ի պատասխան ասաց. «մի ընկեր ունեմ, կուղարկեմ մոտդ»: Եվ հայտնվում է Միկա Բաղդասարովը, ես նույնիսկ չեմ էլ ընդունել նրան, այլ ուղարկել եմ վառելիքաքսայուղային նյութերի ձեռնարկություն, և նա սկսեց նավթ բերել, իսկ հետագայում` 1998-ից, վառելիքի ներկրման մենաշնորհը տրվեց իրեն:

Եվ սա` այն դեպքում, որ Քաղավիացիայի իմ ղեկավարության օրոք նավթի ներկրումը ես ազատականացրել էի. ով ուզում էր և կարող էր, ստանում էր լիցենզիա: Իսկ այսօր հերիք չի` ամեն ոլորտ մենաշնորհվել է, ավելին` երբ «Արմավիան» կամ օդանավակայանն ինչ-որ խախտում են անում, պետությունը չի միջամտում, այդ դեպքում ինչի՞ համար է Քաղավիացիայի վարչությունը: Սա անաքրոնիզմ է: Մեր ժամանակ պետությունը կարող էր միջամտել, պաշտպանել իր քաղաքացու, և` ոչ միայն քաղաքացու, ցանկացած ուղևորի շահերը: Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում:

Սպասարկող երկու կազմակերպություն չեն կարողանում կարգավորել իրենց հարաբերությունները, տուժում են ուղևորները: Բայց ուղևորն ի՞նչ մեղք ունի: Ավելին, ուղևորը ոչ մի փոխհատուցում չի ստանում չվերթի ուշացման կամ չկայանալու դեպքում: Մարդը շատ կարևոր գործով մեկնում է, և հանկարծ մեկ օրով ուշանում է: Ո՞վ է հատուցելու. ոչ ոք: Ամեն ինչ ձրի տրվել է «Արմավիային», և «Արմավիան» փող չունի: «Հայկական ավիաուղիներն» ուներ 600 օդաչու և ընդհանուր 2000 աշխատող ու տարեկան 10 մլն դոլարին համարժեք շահույթ: Եվ այն ծանր տարիներին ոչ մի օդաչու չի հեռացել երկրից, իսկ հիմա մնացել են ընդամենը 15-20 օդաչուներ, մնացածը թողել-գնացել են, կամ տաքսի են քշում: Սա սոցիալական լուրջ խնդիր է, իսկ իշխանությունները թքած ունեն:

– Պարոն Պետրոսյան, Դուք հայտարարել եք, որ «Հայկական ավիաուղիները» պետք է պետականացվի: Այդպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը:

– Ես չեմ ասել` պետականացվի ընդմիշտ: Ես առաջարկել եմ պետականացումը` որպես միջանկյալ, ժամանակավոր քայլ: Պետք է ստեղծվի պետական հանձնաժողով, որպեսզի առաջին հերթին պարզվի` ինչպե՞ս է սնանկացել հանրապետության շահութաբեր և կենսականորեն խիստ կարևոր կառույցը, ինչպե՞ս է ընդհանրապես «Արմավիան» ստեղծվել, ինչպե՞ս է «Արմավիային» տրվել այդ շուկան, ո՞ւմ զանգով է տրվել նրան լիցենզիան, ո՞ւմ է այն վաճառվում, ի՞նչ հիմունքներով:

Կրկնում եմ` «Հայկական ավիաուղիները» պետք է վերականգնվի: «Հայկական ավիաուղիները» բրենդ էր, բոլորը գիտեին դրա մասին, եվրոպական ավիաընկերությունների լավագույն տասնյակի մեջ էր մտնում, իսկ հիմա դու այն դարձնում ես սնա՞նկ, ինչպե՞ս: Դա պետական հանցագործություն է:

Ես միայն չեմ քննադատում, ես նաև առաջարկություն եմ անում, որովհետև ես ընդդիմություն չեմ իմ պետությանը, ես ընդդիմություն եմ այս ռեժիմին: Առաջարկս հետևյալն է. պետք է պարզվի, թե ինչպե՞ս է սնանկացել «Հայկական ավիաուղիները»` Հայաստանի ամենաեկամտաբեր ընկերությունը: Երկրորդը` այդ ընթացքում պետք է ազգայնացվի այդ շուկան, և վերականգնվի «Հայկական ավիաուղիները», որովհետև, միևնույն է, «Արմավիան» սեփական ոչինչ չունի:

Երրորդ փուլով «Հայկական ավիաուղիները» վերակազմավորել` որպես բաց բաժնետիրական ընկերություն, վաճառել բաժնետոմսերը ու վերահսկել, որ որևէ մեկը վերահսկիչ բաժնեմաս չունենա, մենաշնորհ չլինի, ու մեկ «անքննադատելի» անձով պայմանավորված չլինի: Ժամանակին հայկական ավիափոխադրումների շուկայում կար նաև ներքին մրցակցություն. կային ուղևորափոխադրող «Արաքս» ավիաընկերությունը, և բեռնափոխադրող «Եռավիա» ընկերությունը` իրենց սեփական օդանավերով, և բոլորն էլ եկամուտով էին աշխատում: Ռ.Քոչարյանի օրոք այս երկու ընկերություններին էլ սնանկացրեցին: Պետք է վերականգնվի նաև այդ ներքին մրցակցությունը:

– Խոսենք ներքաղաքական զարգացումներից: Ըստ Ձեզ` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ:

– Ես գուշակ չեմ և չեմ կարող ասել, թե ում մտքին ինչ կա: Մեկն ասում է` «այդ մասին` հաջորդ դասին», մյուսն ասում է` «կգնամ, կգամ` նոր կասեմ», ճղճիմ խաղեր են: Այս առումով Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքն ամենաշահեկանն է, որովհետև ընդհանրապես ոչինչ չի ասում: Ավելի լավ է լռել, քան հիմարություններ դուրս տալ:
Ո՞րն է իմ առաջարկը, ավելի ճիշտ` ցանկությունը: Իմ ցանկությունը հետևյալն է. թող ոչ ոք չառաջադրվի, թող իրենց «ֆավորիտը» ոնց ուզում է` ընտրվի (ինչպե՞ս է նա ընտրվում, նրա ընտրազանգվածը պետական ռեսուրսն է` 10-20 տոկոս, և իր «շոբլիկները»` կողքին կանգնած մարդիկ, ովքեր սնվում են պետական կաթսայից):

Եթե ինչ-որ մեկը դրեց իր թեկնածությունը նրա դեմ, միևնույն է, կեղծիքներով հաղթելու է, որովհետև նրա կարգվելը ձեռնտու է և՛ ամերիկացիներին, և՛ ռուսներին, և՛ եվրոպացիներին` նրա դեմ կոմպրոմատ ունեն: Նրանցից ոչ մեկին անկախ անձնավորությունը ձեռնտու չէ: Այնպիսի «բանանա-ծիրանային» երկրներում, ինչպիսին Հայաստանն է, իշխանափոխություն կարող է լինել երեք դեպքում. առաջինը` տնտեսական լիակատար կոլապսի դեպքում, ինչի ժամանակ հանրությունը վերջապես ոտքի կկանգնի:

Երկրորդը` պատերազմի դեպքում, եթե գործող նախագահը փորձի դիկտատորական կարգեր սահմանել` պատերազմի պատրվակի տակ, այդ դեպքում կարող է ներքին ըմբոստություն լինել: Երորրդը, եթե երեք միջազգային ուժերը որոշեն, որ` վե՛րջ, Հայաստանում պետք է նորմալ ընտրություններ լինեն, և մեզ ընդունեն իրենց ընտանիք: Դա հիմնականում վերաբերում է Եվրոպային, քանի որ ռուսները երբեք չեն գնա այդ քայլին:

Մենք ունենք միասնական ընդդիմություն, համենայն դեպս` խոսքերով, գործով` դեռևս չեմ նկատել: Միասնական ընդդիմության մեջ ընդգրկվել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները», որոնք ուզում են` փոփոխություն լինի, նորմալ երկիր դառնանք, և այլն, առայժմ` խոսքերով, շուտով կտեսնենք` խոսքը գո՞րծ է, թե՞ ոչ: Նրանք ունեն տեղեր ընտրական հանձնաժողովներում, և կարող են վերահսկել: Որպես օրինակ` կարող եմ բերել 2005 թ. Սահմանադրության հանրաքվեի հանրության լիակատար բոյկոտը` մի տարբերությամբ, որ այն ժամանակ ընդդիմություն չկար, ու վերահսկելն անհնար էր:

Այսօր կա իրական ընդդիմություն` նաև ներկայացված խորհրդարանում: Թող հսկեն և տան ընտրությունների իրական թվերը: Եթե Սերժ Սարգսյանը միայնակ դնի, ուրիշ ոչ ոք չդնիգ էպոսագետը թող դնի, մարքսիստը, ոչինչ, դրանք զրո են: Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, և համոզում է նրան, որ դնի իր թեկնածությունը, ինչպե՞ս չեք հասկանում:

– Այսինքն` Ծառուկյանը իշխանության համար ցանկալի ընդդիմությո՞ւն է:

– Իհարկե, ինչո՞ւ են ուռեցնում այդ փուչիկը, ասում են` դու 500 հազար ձայն ունես, որպեսզի ինքը հաղթի ոչ թե «ճ» դասի ինչ-որ մի թեկնածուի, այլ ուժեղ մրցակցի, որպեսզի լեգիտիմացնի իր ընտրությունը:

– Ձեր տեսակետն ունի շատ լուրջ ընդդիմախոսներ, ովքեր համոզված են, որ ԲՀԿ-ի հեղինակությունն այնքան մեծ է, որ իշխանությունն ամենևին չէր ցանկանա նման մրցակից ունենալ, այսինքն` «ինչո՞ւ նա պետք է այդպիսի մրցակից իր գլխին սարքեր»:

(Ծիծաղում է.- Ա.Ս.): Ինքը կսարքի, ինքն էլ կկեղծի և կգա համաձայնության` 60/40 տոկոս հարաբերությամբ. «ապեր ջան, 40 տոկոսը` քեզ, մյուս դասին` 2018 թվին, դու կլինես»: Այդ պատճառով` կարծում եմ` Ծառուկյանը շատ անհարմար վիճակում կհայտնվի, եթե դնի իր թեկնածությունը:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա խորհուրդ չեմ տա առաջադրել իր թեկնածությունը: Այն երաշխիքը չկա, որ այս ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության: Եթե մարդիկ 5000 դրամով ծախվում են, դա վատ կյանքից է գալիս: Վստահ չեմ, որ այս սերիալ, ֆուտբոլ ու տաշի-տուշի նայող ժողովուրդն այս ցածրորակ վիճակով կարող է դա անել: Այստեղ լուրջ փոփոխություններ են պետք, իսկ լուրջ փոփոխություն ոչ ոք չի ուզում անել, սրանք չեն ուզում. իրենք իրենց կենցաղն են ապահովում: Սա գավառական այն ագահությունն է, մանկության փոխհատուցումը` «ущербность» ասվածը, այսինքն` իրենք փոքր ժամանակ հեծանիվ չեն ունեցել, հիմա փոխհատուցում են:

Ես սրանց նույնիսկ հեդեոնիստ կանվանեի: Իշխանության մեջ ովքեր կան, բոլորը հեդեոնիստներ են, իրենց ամեն րոպեն պետք է «կայֆ» լինի, իրենք «կայֆի» համար են ապրում, ոչ թե երկրի, հանրության կամ գաղափարի համար: Իրենք կարող են միայն կենաց ասել: Չի կարելի ամեն րոպե «կայֆերով» ապրել: Ի՞նչ դժվար բան է էդ կոռուպցիան վերացնելը: Էթիկայի հանձնաժողով եք ստեղծել` որ ի՞նչ. խեղճ Նիկոլն արդեն մեջտեղից տրաքում է: Մի շատ կարևոր բան. տո՛ւր ընդդիմությանը վերահսկողական փաթեթ, գոնե ԱԺ Վերահսկիչ պալատը տո՛ւր ընդդիմությանը, այդքանը հերիք է: Իրենք կծախվեն, կասես`«էդ չի՞ ձեր ընդդիմությունը», չեն ծախվի, գործ կանեն, հանրությանն օգուտ կլինի:

Այս պայմաններում իմ առաջարկությունն այն է, որ մենք վերահսկենք ընտրությունները: Եթե միայն Սերժ Սարգսյանը լինի թեկնածու, պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ մեկը գնա ընտրության: Ոչ ոք չի գնա, գնում է` ի՞նչ անի, չկա ընտրություն: Թող Նազարբաևի, Ալիևի կամ Թուրքմենբաշու օրն ընկնի, վե՛րջ: Հետո արդեն կիմանանք` ի՞նչ ենք անելու: Իմ կարծիքով` այս պահին հասարակության ակտիվության աստիճանը բացասական է, պետք է հասնի իր մինիմումին, որից հետո կունենանք վերելք:
Ինձ համար ամենասարսափելին այն է, որ բոլոր լիբերալ ուժերը զբաղված են ՀԱԿ-ին հայհոյելով: Լավ էլի, ուրիշ թիրախ չունե՞ք: «ՀԱԿ-ը գոյություն չունի, ՀԱԿ-ը ոչնչացել էգ»: Այդ դեպքում ինչո՞ւ ես գոյություն չունեցողից այդքան խոսում:

– Ըստ էության` քննադատության հիմնական պատճառը ԲՀԿ-ի հետ համագործակցությունն է:

– Չի համագործակցում, ասում է`«արի՛ միասին վերահսկենք ընտրությունները», նա էլ ասում է` «համաձայն եմ»: Վա՞տ բան է ասում: Ինչո՞ւ եք միայն «Բարգավաճին» ասում, նույն ձևով նա ՀՅԴ-ի, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» հետ է համագործակցում: Այս հինգն արդեն իրար հետ համագործակցում են:
Այնպես որ, կարծում եմ` Սերժ Սարգսյանին պետք է միայնակ թողնել, թող մի քիչ էլ վայելի, բդեշխ խաղա, միգուցե ձանձրանա:

Միգուցե այս ժողովուրդն արժանի է այս իշխանությանը: Վերջերս կարդացի մի հարցազրույց, որտեղ իշխանական ճամբարի մի երիտկոմերիտական փութաջանորեն «սկսեց խորհուրդ տալ» երկրի հիմնադիր նախագահին` առաջիկա ընտրություններին չառաջադրելու իր թեկնածությունը: Ուրե՞մն:
Ուրեմն Գագիկ Ծառուկյանին բավարարո՞ւմ է 40 տոկոսը…

Տեսանյութեր

Լրահոս