Ո՞վ խնդիր չունի
Լրատվամիջոցների քննարկման հիմնական թեման երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցն էր ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանն, ու նրա արտահայտած մի քանի ուշագրավ մտքերը։
Այդ ուշագրավ մտքերից մեկը վերաբերում էր Ռուսաստանին ունեցած մեր կես միլիարդ դոլարանոց պարտքին։ Մասնավորապես, լրագրողը հարցրել էր, թե այդ պարտքի հետ կապված խնդիրներ կա՞ն։ «Խնդի՞ր։ Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք։ Եթե առաջանում են ինչ-որ հարցեր, դրանք լուծվում են աշխատանքային կարգով»,- պատասխանել է Տ. Սարգսյանը։
Այս միտքը երեկ հասցրել է մանրամասն վերլուծվել ու քննադատվել հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄևների կողմից։ Սակայն իրականում վարչապետն անկեղծ է եղել մի քանի առումներով։
«Պարտքի մասով բացարձակապես ոչ մի խնդիր չունենք։ Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը միջինից ցածր է համարվում, և մենք 100 տոկոսով կատարում ենք արտաքին պարտքի սպասարկման առումով բոլոր պարտավորությունները»,- ասել էր Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի արտաքին պարտքը այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 3 միլիարդ 741 միլիոն դոլար։ Ըստ պաշտոնական կանխատեսման, այս տարի արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 37,2%, հաջորդ տարի` 37%։ Սա իրոք համարվում է միջին, միջինից էլ ցածր ցուցանիշ. կան զարգացած երկրներ, որտեղ պարտքի մակարդակը ՀՆԱ-ին հավասար է։
Եվ երկրորդ. Հայաստանն իրոք պարտաճանաչ վարկառու է և ժամանակին կատարում է բոլոր պարտավորությունները։ Այսպես, ընթացիկ տարում արտաքին պարտքի սպասարկման համար նախատեսված է 245 միլիոն դոլար, հաջորդ տարի` 418.6 միլիոն։ Հայաստանը նախկինում էլ պատշաճ կատարել է վճարումները։ 2010թ. արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $94 մլն, 2011-ին` $118 մլն: Այս տարի բողոքողներ չկան։ Հաջորդ տարի դժվար թե խնդիրներ լինեն: Այս առումով թերևս ավելի ճիշտ կլիներ ասել ոչ թե` «մենք խնդիր չունենք», այլ` մեր պարտապանները մեզ հետ խնդիրներ չունեն։
Սակայն ինչի՞ հաշվին է ապահովվում այդ պարտաճանաչությունը. խնդիրը թաքնված է հենց այդտեղ։ Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա բյուջեն, ինչպես արդեն նշել ենք, կազմում է 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ, ինչը 10%-ով ավելի շատ է 2012թ. բյուջեից։ Հաջորդ տարի նաև բյուջեով նախատեսվում է 6.2% տնտեսական աճ։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ` պետությունը ոչ թոշակների չափն է ավելացնում, ոչ էլ աշխատավարձերը։
Այլ կերպ ասած` տնտեսական աճն ու բյուջեի ավելացումն ամենևին չեն ազդելու թոշակառուների և պետական հիմնարկներում աշխատող մեր հայրենակիցների կենսապայմանների վրա։ Առավելագույնը, ինչ արեց կառավարությունը, նվազագույն աշխատավարձի ավելացումն էր 2500 դրամով. 32.5 հազարից այն դարձավ 35 հազար դրամ։ Իսկ ընդդիմախոսների բոլոր հարց-քննադատություններին կառավարությունն ու իշխանական պատգամավորները պատասխանում են` մենք ցանկանում ենք դա անել, սակայն միջոցներ չունենք։
Իսկ ինչո՞ւ միջոցներ չունենք, եթե տնտեսությունն աճելու է, և ավելանալու են հարկային մուտքերը։ Պատասխանը պարզ է, սակայն երբեք չի հնչում. բնակչության եկամուտները չեն ավելանալու, որովհետև լրացուցիչ բոլոր եկամուտներն ուղղվելու են պարտքի սպասարկմանը։
Տնտեսագիտական խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն հասկանալու համար, որ եթե արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարը չավելանար շուրջ 173 միլիոն դոլարով, ապա միջոցներ կգտնվեին մարդկանց չնչին եկամուտները մի փոքր բարձրացնելու համար։ Այսինքն` պետական պարտքը սպասարկելու մեր «պարտաճանաչության» գինը տվյալ դեպքում մեր մի քանի հարյուր հազար հայրենակիցների կյանքի պայմաններն են։ Դա գրեթե նույն բանն է, որ մարդ անհասկանալի պարտքեր վերցնի ու հետո իր երեխային խոստացած հեծանիվը չգնի, սակայն աշխատածով պարտքերը փակի ու պարծենա, թե խնդիր չունենք (պարտքի առումով, իհարկե)։
Մյուս կողմից, վերը բերված համեմատությունն այնքան էլ տեղին չէր։ Ծնողն ինչ-որ տեղ իրեն վատ կզգա երեխային խոստացած հեծանիվը չգնելու համար, սակայն պետությունը, ավելի կոնկրետ` իշխանությունն ամենևին վատ չի զգում` սեփական քաղաքացիներին նվազագույն զամբյուղից ցածր թոշակ ու նպաստ տրամադրելով։ Սոված թողնելով։
Այսինքն, մնում է եզրակացնել, որ «մենք» ասելով` վարչապետը նկատի ունի ոչ թե Հայաստանը, Հայաստանի բնակչությանն ու այդ բնակչության խոցելի խմբերին, այլ` իրենց, մի խումբ մարդկանց, ովքեր տնօրինում են այդ բնակչության գումարներն ու ճակատագիրն ընդհանրապես, այսինքն` իշխանությանը։
Վարչապետի «մենք»-ը, բնականաբար, խնդիրներ չունի, չի մտածում՝ թոշակով կամ չնչին աշխատավարձով ինչպե՞ս ծայրը ծայրին հասցնի։ Այդ «մենք»-ի համար 25.000 դրամանոց թոշակը ոչ թե ապրուստի միջոց է, այլ վիճակագրություն, որը «մերոնց» չի վերաբերում։
Դրա համար էլ վարչապետը հանգիստ պատասխանում է լրագրողի հարցերին (ով, ի դեպ, չի հարցնում` ի՞նչ արեցիք այդ վարկերով, որքանո՞վ դրանք օգուտ տվեցին ձեր տնտեսությանը)։ Ավելին, վարչապետը չի թաքցնում, որ Հայաստանը ցանկանում է նոր ֆինանսական ռեսուրսներ ներգրավել, այդ թվում` Ռուսաստանից։
Նա նշել է, որ այժմ Հայաստանը քննարկում է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը դոնորների կոնֆերանսին, որը նախատեսվում է անցկացնել Համաշխարհային բանկի, Եվրամիության, Զարգացման ասիական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։
«Այն նպատակ ունի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել` Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված բարեփոխումների տեմպերն արագացնելու համար։ Այս պահին ընթանում է զարգացման նախագծերի և ֆորումի կոնցեպցիայի նախապատրաստումը։ Մենք պաշտոնապես դիմել ենք Ռուսաստանին` դրան անդամակցելու խնդրանքով»,և ասել է վարչապետը։
Դրա համար էլ պետք չէ զարմանալ, երբ կարդում ենք, որ Ռուսաստանը ներել է Ղրղըզստանի, Զիմբաբվեի և այլոց պարտքերը, իսկ մեր նկատմամբ նման մեծահոգություն անելու մասին ակնարկ էլ չի անում։ Ինչո՞ւ պետք է զիջեն, եթե «մենք խնդիր չունենք»։
«168 ԺԱՄ»