Բաժիններ՝

Հայ գիտնականները մշակել են սերմնահեղուկի ակտիվացման նոր եղանակ

«Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ գիտաշխատողներ կենդանիների սերմնահեղուկի ակտիվացման նոր, առավել անվնաս եղանակ են մշակել:

Սերմնահեղուկի ակտիվացման այս նոր եղանակը գիտնականները ներկայացրեցին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի հայտարարած Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող Վենչուրային կոնֆերանսի և «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը:

Արհեստական սերմնավորումն աշխարհում բավական ընդունված մեթոդ է: Օրինակ, խորհրդային տարիներին ֆերմաներում կենդանիների սերմնավորման 85%-ը կատարվում էր արհեստական ճանապարհով:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ այժմ այդ թիվը բավական նվազել է՝ հասնելով մինչև 5%-ի: Հայաստանում պետական ծրագիր և կառավարության որոշում կա՝ այդ թիվն առաջիկա տարիներին պետք է բարձրացնել մինչև 35%-ի:

Կարդացեք նաև

Այսինքն՝ կենդանիների արհեստական սերմնավորումը Հայաստանում պետք է ավելանա, իսկ հայ գիտնականների այս ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունները նպատակ ունեն նպաստել հենց այդ գործին: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող, գիտքարտուղար Լիլիթ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ արհեստական ճանապարհով սերմնավորումն ունի մի շարք առավելություններ: Այն հնարավորություն է տալիս ավելացնել Հայաստանում լավ սորտի կենդանիների քանակը: «Հայաստանում կան որոշակի տեսակի կովեր, որոնք չափերով փոքր են, իսկ կաթնատվությունը ցածր է, և այլն: Եվ, որպեսզի կարողանանք լավ ստացված սորտերից կենդանիներ ունենալ, այլևս կարիք չկա ծանր կենդանիներին դրսից բերել Հայաստան: Փոխարենը՝ այնտեղի լավ ստացված սորտերի ցեղատեսակների սերմնաբջիջները սառեցված վիճակում բերում են, ապա այստեղ հալեցնում են և իրականացնում են արհեստական սերմնավորում»,- ասաց Լ. Վարդանյանը՝ նշելով, որ արդյունքում՝ կենդանու նոր սերունդը կրում է լավ սորտի կենդանու հատկանիշները:

Լ. Վարդանյանը նշում է նաև, որ արհեստական սերմնավորման առավելություններից մեկն էլ այն է, որ արհեստական սերմնավորման ժամանակ սերմնահեղուկը զտում, ստուգում են և համոզվում են, որ ցուլը հիվանդ չէ, խնդիրներ չունի, և հետո միայն իրականացնում են սերմնավորումը:

Գիտնականը նշում է, սակայն, որ արհեստական սերմնավորման մեթոդն ունի նաև իր դժվարությունները: Ամենակարևորը սերմնավորման ճիշտ ժամանակն ընտրելն է. պետք է որքան հնարավոր է ճիշտ ժամանակին ակտիվացնել սերմնաբջիջները, որպեսզի սերմնավորումից հետո բեղմնավորման հավանականությունը մեծ լինի: Սերմնավորման էֆեկտիվությունը, դեռևս, ըստ Լ. Վարդանյանի՝ մոտ 70% է կազմում:

«Ներկայումս դրսից ստացված սերմնաբջիջների ակտիվացման մի քանի մեթոդներ կան, սակայն դրանք քիմիական մեթոդներ են և, հետևաբար, կենդանու համար լրիվ անվնաս լինել չեն կարող: Թեև ասում են, որ դրանք վնասակար չեն, սակայն, ի վերջո, քիմիա է, կարող է հիմա չազդել, սակայն ապագա սերնդի վրա կարող է ազդել: Օրինակ՝ հնարավոր է՝ թեթև գենետիկ մուտացիաներ առաջացնի, և այլն»,- ասաց Լ. Վարդանյանը՝ ավելացնելով, որ իրենք մի մեթոդ են ստեղծել, որն ընդամենը մեխանիկական վիբրացիա (տատանում) է առաջացնում:

Ապագայում գիտնականները նպատակ ունեն ստեղծել մի սարք, որը հնարավորություն կտա, սառեցված սերմնաբջիջները հալեցնելուց հետո, օրինակ՝ 5 րոպե տևողությամբ 2 հերց հաճախականությամբ ուղղահայաց տատանելուց հետո, արհեստական սերմնավորում իրականացնել, ինչն առավել անվնաս եղանակ է:

Այդ մեթոդը գիտնականներն արդեն փորձարկել են խոզերի և ցուլերի վրա: Պարզվել է, որ այն 98-99% էֆեկտիվություն է ապահովում, այսինքն՝ գրեթե բոլոր արհեստական սերմնավորված կենդանիները բեղմնավորվել էին:

Առաջիկայում գիտնականներն այս նոր մեթոդը պատրաստվում են փորձարկել նաև այլ կենդանիների վրա, և այդպիսով պարզել նաև, թե յուրաքանչյուր դեպքի համար որքա՞ն ժամանակ և ի՞նչ հաճախությամբ տատանում է անհրաժեշտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս