Նիտրատները վնասազերծող մանդարինը
Բուժիչ նամակներ
Մանդարինի հայրենիքը Հարավային Չինաստանն է և Վիետնամը։ Հին Չինաստանում պաշտոնյաներին անվանում էին մանդարին։ Բույսի լատիներեն անվանումն է` Citrus-nobilis, որը թարգմանաբար նշանակում է` ազնվազարմ ցիտրուս (մանդարին)։ Եվրոպայում մշակվել 19-րդ դարի սկզբից։
Մանդարինը պարունակում է վիտամիններ` B1(0,06 մգ 100 գ մեջ), B2 (0,03 մգ), B6 (0,07 մգ), E (0,2 մգ), բետա-կարոտին (0,06 մգ), ասկորբինաթթու (38 մգ), մինչև 12 տոկոս շաքարներ, օրգանական թթուներ (0,6-11 տոկոս), վիտամին P, գլիկոզիդներ։ Կեղևը հարուստ է կարոտինով (12 տոկոս), նարնջագույն և դեղին պիգմենտներով։
Վիտամինների` C, E, D, B2, բետա կարոտինի առկայությունը նպաստում է տեսողության լավացմանը։
Զգուշացում. վիտամին C-ի ավելցուկն օրգանիզմում խոչընդոտում է B խմբի վիտամինների յուրացմանը։
Մանդարինի եթերային յուղը խորհուրդ է տրվում մոտ 20 հիվանդությունների դեպքում, դրանք են` անքնություն, բրոնխիտ, պնևմոնիա, գրիպ, հիպերտոնիա, դեպրեսիա, լուծ, լեղաքարային հիվանդություն, բարձր քրտնարտադրություն, պարոդոնտոզ, ստոմատիտ, նյարդային հյուծվածություն, ճարպակալում, մրսածություն, դողէրոցք, սթրես, տագնապային վիճակ, մազաթափություն, թառամող մաշկ, ցելյուլիտ, նաև բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում վերքերի հետևանքով առաջացած սպիների հարթեցմանը։
Մանդարինի եթերային յուղը լայնորեն կիրառվում է արոմաթերապիայում` ավելացնում են լոգանքի ջրին, խառնում մերսման համար նախատեսված քսուքներին` լիցքավորում է դրական էներգիայով և ունի թարմացնող հատկություն։
Հարավային Կորեայում կատարվել է մի ծավալուն ուսումնասիրություն, որի հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ մանդարինը ոչ միայն այրում է օրգանիզմի` հատկապես լյարդի ճարպերի ավելցուկը, այլ նաև կանխարգելում է ծերունական թուլամտության զարգացումը։
Խորհուրդներ.
- Մանդարինը կարելի է ուտել կլեպով, սպիտակ ցանցաթաղանթով, որը սովորաբար նետում ենք։ Վերջինս պարունակում է գլիկոզիդներ` նյութ, որն ամրացնում է անոթները։
- Մանդարինի թարմ կլեպը նպաստում է սննդի յուրացմանը, օգտակար է բրոնխիտի, լուծի դեպքում։
- Մանդարինի չորացրած կլեպը հանգստացնում է նյարդային համակարգը, երկարացնում ցավամոքիչ ազդեցությունը։
- Մանդարինի օգտագործումն օգտակար է տարեց մարդկանց, քանի որ դանդաղեցնում է ծերացման ընթացքը։
- Մանդարինը նիտրատներ ընդհանրապես չի պարունակում, քանի որ այդ վնասակար նյութերն անհամատեղելի են կիտրոնաթթվի հետ։
Հակացուցումներ։
Մանդարինը գրգռում է երիկամները, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, որի պատճառով խորհուրդ չի տրվում ուտել` բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, խոլեցիստիտի, հեպատիտի, նեֆրիտի սրացման շրջանում, ինչպես նաև ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Անքնություն. 1 ճ/գ սպիտակ գինին խառնեք 200 մլ մանդարինի հյութին։ Խմեք 100-ական մլ, օրը 2-անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։
Բրոնխիտ. 2ճ/գ փոշիացրած մանդարինի կեղևին ավելացրեք 250 մլ եռջուր, 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։
Չոր հազ. 3 ճ/գ մանրացրած մանդարինի չոր կեղևին ավելացրեք 400 մլ եռջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ` տաք վիճակում, օրը 4 անգամ։
Հոդացավ. Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ մանդարինի կեղև և հաղարջենու տերև։ Հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք որպես թեյ` օրը 3 անգամ, յուրաքանչյուր անգամ պատրաստեք թարմը։ Շարունակեք 1 ամիս։
Կատարակտ. Հնագույն, ժողովրդական միջոց է. անհրաժեշտ է մանդարինի կեղևի հյութը սեղմել և կաթեցնել աչքերի մեջ։ Ի հայտ կգա այրոցի զգացողություն, որը կես րոպեից կանցնի, և տեսողությունը կպայծառանա։
Մաստիտ (ետծննդաբերական). Մանրացրեք, խառնեք 100 գ մանդարինի կեղև, 20 գ մատուտակի արմատ։ Հումքին ավելացրեք 400 մլ ջուր, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ։
- Նույն եփուկով կարող եք թրջոց դնել կրծքի կոշտացած հատվածին։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Ոգեթուրմ. 2 ճ/գ մանրացրած (թարմ) մանդարինի կեղևը 7 օր թրմեք 200 մլ 40 տոկոսանոց սպիրտի մեջ։ Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ` 30 մլ ջրով։
Կիրառեք որպես կանխարգելիչ միջոց գրիպի, մրսածության դեմ։
Ասթմա. 1 ճ/գ մանդարինի մանրացրած թարմ կեղևին ավելացրեք 100 մլ եռջուր, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք սնվելուց առաջ։
Չոր, կնճռոտ մաշկ. Խառնեք 1-ական ճ/գ փոշիացրած մանդարինի կեղև և թթվասեր։ Խառնուրդին ավելացրեք ձվի հարած դեղնուց։ Քսեք դեմքին և լանջաբացվածքին։ 20 րոպեից լվացեք տաք ջրով։