Թուրքիայի միակ հայկական գյուղը կարող է վերացվել
Թուրքիայում գտնվող միակ հայկական գյուղի` Վաքըֆլիի կարգավիճակը սպառնալիքի տակ է: Օրենքի նոր նախագծով հայկական գյուղը դառնալու է նոր ձևավորվող համայնքի թաղամասերից մեկը, չի ունենա առանձին գյուղի կարգավիճակ ու արդյունքում՝ Թուրքիայում մնացած վերջին հայկական բնակավայրը որպես այդպիսին այլևս չի լինի: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք հույս ունենք` մեր իրավունքները կպաշտպանվեն»,- ասել է նա թերթի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուին: Գյուղապետը նշել է, որ օրենքի նոր նախագիծը ենթադրում է ձևավորել մունիցիպալ նոր համայնք, որտեղ գյուղերը ընդգրկվելու են որպես շրջաններ: «Սա նշանակում է, որ Վաքըֆլին կկորցի իր կարգավիճակը, և այլևս չենք լինի միակ հայկական գյուղը Թուրքիայում: Մենք այդ հարցը բարձրացրել ենք Հաթայի նահանգապետի, ինչպես նաեւ արդարադատության նախարար Սադուլահ Էրգինիի առջև»,- ասել է Վաքըֆլիի գյուղապետը:
Պատմական հայկական Կիլիկիայի այս տարածքները, այժմյան Հաթայի նահանգը, Սիրիայից Թուրքիային են անցել 1939 թվականի հանրաքվերի արդյունքում:
Հայկական բնակավայրի գյուղապետը նշել է, որ այն ժամանակ օրենքով արգելվել է օտարերկրացիների մուտքը Վաքըֆլի, այլազգիները չէին կարող այնտեղ հաստատվել: «Մենք շատ ուրախ կլինեինք, եթե Վաքըֆլին այսօր եւս պաշտպանվեր նման օրենքով։ Հակառակ դեպքում գյուղը չի կարող երկար գոյատևել: Այն կանհետանա, ինչպես Անատոլիայում անհետացան հայկական շատ գյուղեր ու շրջաններ»,- ասել է Ջեն Չափարը:
Գյուղապետը ավելացրել է, որ գյուղի կարգավիճակի փոփոխությունը իրենց համար կունենա նաև տնտեսական բացասական հետևանքներ: «Մենք կկորցնենք մեր պարտեզներն ու խաղողի այգիները»,- նշել է նա:
Հաթայի նահանգապետի խոսնակը Hurriyet Daily News-ին ասել է, թե Վաքըֆլիում այլազգիների բնակության համար արգելքներ չկան, ով ցանկություն ունի` կարող է այնտեղ բնակվել, բայց նա նշել է, որ նման նախաձեռնություններ չկան:
«Վաքըֆլին կարևոր գյուղ է, Վաքըֆլին հանդուրժողականության դրսևորում է` չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև բոլոր ճգնաժամերին»,- ասել է Հաթայի նահանգապետի խոսնակը: