Բաժիններ՝

2013թ. տեղի վերամշակող ընկերություններին կտրամադրվեն ցածր տոկոսներով վարկեր

«Մինչև մթերումները սկսելը պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել էին 6895 պայմանագիր, որից 5899-ը՝ խաղողի (55039 տոննա) և 996-ը՝ բանջարեղենի (31162 տոննա, այդ թվում` 28094 տոննա լոլիկ): Տրամադրվել է 195.7 մլն դրամ կանխավճար և 217.2 մլն դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն: Որոշ ընկերություններ գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրեր են կնքել հումքի գնման պահին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նշենք, որ տարեսկզբին, երբ խոսվում էր առատ բերքի մասին, Գյուղնախարարությունը հավաստիացնում էր, որ խաղողի բերքի մթերման խնդիր գյուղացին այս տարի չի ունենա:  Հունիս-հուլիս ամիսներին պարզվեց, որ տեղի վերամշակող ընկերություններն ունեն ֆինանսական խնդիրներ և հրաժարվում են մթերումներ իրականացնել: Որոշ ժամանակ հետո, գյուղացիների բողոքներին ընդառաջ, Գյուղնախարարությունը միջնորդեց, և որոշ կազմակերպություններ, փոքր և մեծ վերամշակող ընկերություններ սկսեցին մթերման գործընթացները:

Սա, ըստ Ռ. Մակարյանի, գումարի և գրավի անբավարարության հետևանք էր, որը հանգեցրեց տարվա ընթացքում մի շարք խնդիրների:

«2013թ. մենք նախատեսում ենք իրականացնել մի շարք ծրագրեր, ըստ որոնց՝ վերամշակող ընկերություններին կտրամադրվեն առավել ցածր տոկոսադրույքներով վարկեր, որպեսզի վերամշակող ընկերությունները կարողանան արտադրանք ունենալ և մրցունակ լինել դրսի շուկայում: Ես արդեն նշեցի, որ վերամշակող կազմակերպություններն ունեն երկու հիմնական խնդիր՝ գրավների անբավարարությունն ու արտադրանքի չիրացումը:

Այսինքն՝ այս երկու հիմնական խնդիրները պետք է լուծվեն, դրանք մենք համարում ենք մեր առաջնային խնդիրներից մեկը»,- ասաց ՀՀ գյուղնախարարության փոխնախարար Ռ. Մակարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս