Լևոն Զուրաբյանի միջոցով Տեր-Պետրոսյանն ընտրեց Ծառուկյանին

Հայ ազգային կոնգրեսի ղեկավար և շարքային անդամների միջև երեկ տեղի ունեցած փոքրիկ միջադեպն ամենախորքային կերպով արտահայտում է ՀԱԿ-ի քաղաքական կուրսն ու այդ կուրսի հիմքում դրված անսկզբունքայնությունը: ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ է անում ԱԺ մուտքի մոտ և ի նշան խորհրդարանում հայտնված «կրիմինալի, օլիգարխիայի» դեմ պայքարի՝ պարզում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Այվազյանի լուսանկարներով ցուցապաստառներ:

Սակայն նոյեմբերի 21-ին ՀԱԿ նախաձեռնությամբ ԱԺ դարպասների առջև կայացած ակցիայի ժամանակ Վ. Գասպարիի ցուցապաստառներից բացակայել է Գագիկ Ծառուկյանի լուսանկարն ու անվանումը: Մշտապես իր ազնվությամբ աչքի ընկած Վարդգես Գասպարին aravot.am-ի թղթակցին անկեղծորեն ասել է, որ Ծառուկյանի լուսանկարը ցուցապաստառներից հանել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հորդորով: Վերջինս Գասպարիին ասել է, որ ներկայումս դա պետք չէ: Լ. Զուրաբյանն, իհարկե, aravot.am-ի հետ զրույցում հերքել է, որ նման բան է տեղի ունեցել: Չնայած հերքել է այնպիսի տոնով ու այնպիսի հռետորական հարցադրմամբ, որ ավելի շատ հաստատել է կատարվածը:

«Ո՞վ, ե՞ս: Ես արգելե՞լ եմ, ե՞ս…. Չի կարող պատահի, որ ես իրեն… ես իրեն… ո՞նց կարող է պատահի: Ես նման բան չեմ ասել, ինքն էլ հանե՞լ է: Չհասկացա, այսինքն՝ ինքն ինձ ընդունում է, որ ես դիկտատո՞ր եմ: Ոչ մի նման բան ես չեմ ասել: Կներեք: Կարող է՝ ինքը սխալ է հասկացել»,- նշել է Լ. Զուրաբյանը` անուղղակիորեն հաստատելով, որ իր և Գասպարիի միջև ակցիայից առաջ Ծառուկյանի հետ կապված խոսակցություն եղել է, պարզապես «կարող է՝ ինքը սխալ է հասկացել»:

Թե ի՞նչ է իրականում ասել Լ. Զուրաբյանը Վ. Գասպարիին՝ այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ Վ. Գասպարիի անկեղծ պատասխանը միանգամայն տեղավորվում է ներկայումս Հայ ազգային կոնգրեսի կողմից վարվող բարգավաճամետ քաղաքականության տրամաբանության շրջանակներում:

Այն, որ Կոնգրեսը կարող է բարգավաճամետ քաղաքականություն վարել, ինքնին նորմալ է: Սակայն այդ քաղաքականությունը վարում է ոչ թե երբեմնի «սկզբունքային, գաղափարական ուժի», այլ ճիշտ հակառակը` անսկզբունքայնության, երկակի ստանդարտների, կոնյունկտուրային շահի դիրքերից: Լ. Զուրաբյանը հերքում է, թե ինքը Գասպարիին հորդորել է հանել Ծառուկյանի լուսանկարն օլիգարխների շարքից: Բայց ընդամենը երկու օր առաջ ինքն անձամբ, ավելի անազնիվ կերպով փորձում էր համոզել, որ Ծառուկյանն օլիգարխ չէ:

«Մենք ԲՀԿ-ին ոչ թե համարել ենք քրեաօլիգարխիկ, այլ համարել ենք քրեաօլիգարխիկ ռեժիմի մաս: Եթե նա պոկվում է ռեժիմից՝ դադարում է լինել դրա մի մասը»,- երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր Լ. Զուրաբյանը:

Լ. Զուրաբյանի ասածներից ստացվում է, որ բանդայի անդամ մարդասպանը կարող է դառնալ բարեգործ, եթե նա տարանջատվում է բանդայից: Իսկ  հարցին ի պատասխան` ընդհանրապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին օլիգարխ համարո՞ւմ եք, Լևոն Զուրաբյանը նախ՝ խնդրել էր սահմանել, թե ի՞նչ է օլիգարխը, ապա՝ սահմանումը լսելուց հետո, ասել էր.

«Գիտեք, դա իսկապես սահմանման հարց է. եթե մենք ելնենք դասական սահմանումից, օլիգարխիա նշանակում է՝ մի քանիսի իշխանություն: Դա նշանակում է ոչ թե միապետություն, ոչ թե դեմոկրատիա, այլ նշանակում է` մի քանի հոգի իշխում են երկիրը, ունեն պետական իշխանության լծակներ իրենց ձեռքում: Եթե ելնենք այդ դասական սահմանումից, ուրեմն՝ իրեն այլևս չի կարելի համարել օլիգարխ, որովհետև հիմա ինքը պետական կառավարման որևէ լծակի չի տիրապետում»:

Լրագրողի հիշեցմանն էլ, որ Ծառուկյանը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ է և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, ՀԱԿ համակարգողն արձագանքել էր. «Դե դա ի՞նչ իշխանություն է: Կոնկրետ ԱԱԽ անդամ լինելու պարագան ես չգիտեմ` ինչո՞վ է պայմանավորված: Խոսքը գնում է իրական իշխանական լծակների մասին»: Ինչպես երևում է այս հայտարարություններից, Լ. Զուրաբյանը հետևողականորեն զբաղված է ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի մաքրազերծմամբ, և Վ. Գասպարիին ուղղված նրա հորդորն ամբողջովին մտնում է այս տրամաբանության մեջ:

Այլ հարց է, որ այդպիսով Լ. Զուրաբյանն ի ցույց է դնում ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի անսկզբունքայնությունը, երկակի ստանդարտներին տուրք տալու, հանուն քաղաքական վերացական շահերի՝ մարդկանց վստահությունն ու արյունն ուրանալու պատրաստակամությունը: Իսկ այն, որ դա նաև Լ. Տեր-Պետրոսյանի անձնական մոտեցումն է, վկայում է նախօրեին արձանագրված` առաջին հայացքից՝ «տեխնիկական», իրականում՝ շատ կարևոր մի իրողություն:

ՀԱԿ արտահերթ նիստի մասին Տեր-Պետրոսյանի հոդվածը, ինչպես հայտնի է, հրապարակվել էր «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթում: Այն դեպքում, երբ 2007 թվականին քաղաքականություն վերադառնալուց ի վեր Տեր-Պետրոսյանը նույնիսկ ամենափոքր ռեպլիկը հրապարակում էր Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական Ժամանակում»:

Ն. Փաշինյանն, ինչպես հայտնի է, դեմ է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Իսկ Լ. Զուրաբյանը` դրա ամենաեռանդուն ջատագովն ու իրագործողն է: Լևոն Տեր-Պետրոսյանն, այսպիսով, ցույց տվեց, որ ինքը հավատարիմ է մնում իր «քաղաքագիտական վերլուծությանն» ու Լևոն Զուրաբյանին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս