Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է, թե՞ ոչ

«Մենք ԲՀԿ-ին ոչ թե համարել ենք քրեաօլիգարխիկ, այլ համարել ենք քրեաօլիգարխիկ ռեժիմի մաս: Եթե նա պոկվում է ռեժիմից, դադարում է լինել դրա մի մասը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցին` ի՞նչ է այսօր փոխվել, որ պատրաստ եք համագործակցել  «Բարգավաճ Հայաստանին», ում  միշտ համարել եք քրեաօլիգարխիկ ուժ:

Իսկ 168.amի հարցին` ընդհանրապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին օլիգարխ համարո՞ւմ եք, Լևոն Զուրաբյանը պատասխանեց.

«Սահմանեք` ի՞նչ է նշանակում օլիգարխ, ես էլ պատասխանեմ»:

Մենք նշեցինք, որ ժամանակակից քաղաքագիտության մեջ օլիգարխ է համարվում քաղաքական համակարգում գործող, ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մեծահարուստը, ով մեծ ազդեցություն ունի քաղաքականության մեջ:

Կարդացեք նաև

«Եթե այդպես եք սահմանում՝ այո´,- պատասխանեց ՀԱԿ համակարգողը,- Գիտեք, դա իսկապես սահմանման հարց է. եթե մենք ելնենք դասական սահմանումից, օլիգարխիա նշանակում է մի քանիսի իշխանություն: Դա նշանակում է ոչ թե միապետություն, ոչ թե դեմոկրատիա, այլ նշանակում է` մի քանի հոգի իշխում են երկիրը, ունեն պետական իշխանության լծակներ իրենց ձեռքում: Եթե ելնենք այդ դասական սահմանումից, ուրեմն՝ իրեն այլևս չի կարելի համարել օլիգարխ, որովհետև հիմա ինքը պետական կառավարման որևէ լծակի չի տիրապետում»:

Մենք հիշեցրեցինք պարոն Զուրաբյանին, որ Ծառուկյանը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ է և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը:

«Դե դա ի՞նչ իշխանություն է: Կոնկրետ ԱԱԽ անդամ լինելու պարագան ես չգիտեմ` ինչո՞վ է պայմանավորված: Խոսքը գնում է իրական իշխանական լծակների մասին»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս