«Գագիկ Ծառուկյանի գործն է. ոնց ուզում է` թող այդպես էլ հանդես գա»
Երեկ ՀԱԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված և իշխող Հանրապետական կուսակցության կողմից տապալված արտահերթ նիստի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում բավական ուշագրավ միջադեպ եղավ:
Երբ հավաքված ամբոխի առաջ դուրս եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը և ասաց, թե հնարավոր է մինչև նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով, ցուցարարները սկսեցին վանկարկել` «Լևոն, նախագահ», ինչից իր հերթին չցանկացավ ետ մնալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` բացականչելով «միասնական թեկնածու Գագիկ Ծառուկյան»:
Հայտնի է, որ ըստ ԲՀԿ-ական պատգամավորների, կուսակցության ներսում գերիշխող է Ծառուկյանի առաջադրման տեսակետը: Իսկ Գագիկ Ծառուկյանն, իր հերթին, երեկ տված հարցազրույցում նշեց, որ այդ հարցի վերաբերյալ «ինքն իր մեջ որոշումն արդեն կայացրել է»:
Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ, փաստորեն, ՀԱԿ-ԲՀԿ միասնությունը, ինչին ամեն կերպ ձգտում են ՀԱԿ ղեկավարները, չի հաջողվում:
Մեր այս հարցին ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ ինքը չի կարող այդպիսի բան մեկնաբանել:
– Ես ի՞նչ գիտեմ` ի՞նչ է լինելու: Դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրն է: Մենք ի՞նչ գործ ունենք «Բարգավաճ Հայաստանի» որոշումների հետ:
– Բայց չէ՞ որ ՀԱԿ-ը ձգտում է ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը նախագահական ընտրություններում:
– ՀԱԿ-ը բանակցում է ԲՀԿ-ի հետ` տարբեր խնդիրների շուրջ: Թե ով ինչ է ենթադրում, ես չգիտեմ:
– Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը սեփական թեկնածությա՞մբ հանդես գա:
– Դա Գագիկ Ծառուկյանի գործն է. ոնց ուզում է` թող այդպես էլ հանդես գա: Մենք հո չե՞նք ազդելու Գ.Ծառուկյանի որոշումների վրա:
– Ամեն դեպքում ՀԱԿ-ն ունի ԲՀԿ-ի աջակցության կարիքը, այդպես չէ՞:
– Որքան ես գիտեմ, ՀԱԿ-ն այդ հարցով չի բանակցում:
– Սակայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կա երկու ուժ, որոնք կարող են մարտահրավեր նետել իշխանությանը. ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն:
– Թե ինչ է ասում Լևոն Զուրաբյանը, դա իր գործն է:
– Այսինքն` կարծում եք, որ հնարավոր է` ՀԱԿ-ը ԲՀԿ-ի՞ թեկնածուին սատարի:
– Ես ենթադրություններ անել չեմ սիրում, դա անշնորհակալ գործ է: Այդպիսի բան չեմ ասել:
– Տրամաբանական է, որ ՀԱԿ-ը ցանկանում է իր թեկնածուին առաջադրել և ստանալ մյուս ուժերի աջակցությունը, այդպես չէ՞:
– Յուրաքանչյուր կուսակցություն ձգտում է իր թեկնածուին առաջադրել:
– Իշխող ՀՀԿ-ի կողմից այսօրվա արտահերթ նիստի տապալման մասին ի՞նչ կարծիք ունեք:
– Առնվազն տարօրինակ է, երբ ԱԺ մեծամասնությունը կամ ինքը` բուն իշխանությունը, խափանում է սահմանադրությամբ նախատեսված ԱԺ աշխատանքները: Ընդամենը զարմանալի է, որովհետև քննակումն, իմ կարծիքով, ոչնչի չի խանգարում:
Այս հարցի վերաբերյալ մի փոքր այլ կերպ է վերլուծում «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Մեր հարցին` ինչպես է գնահատում ԲՀԿ-ի կեցվածքը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Քանի դեռ և՛ ՀԱԿ-ը, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չեն հայտարարել իրենց թեկնածուի առաջադրման մասին, այդ ամենը կարող է դառնալ որոշակի վերլուծությունների հիմք, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, որ չափազանց լուրջ է:
Ես տեղյակ եմ, որ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ժողովուրդը, այսինքն` ԲՀԿ-ի անդամները, էլեկտորատը, գտնում է, որ եթե որևէ մեկը պետք է առաջադրվի, ապա դա Գագիկ Ծառուկյանն է: Այսինքն` տվյալ պարագայում Ն.Զոհրաբյանի հայտարարությունները ժողովրդի վրա արվող հղումներ են: Նույնը ՀԱԿ-ի պարագայում է:
Այսինքն` ՀԱԿ համակիրները կարող է` ցանկանան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, բայց մենք չունենք վերջնական որոշումներ, և դրանք ընդամենը համակիրների մասնավոր պատկերացումներն են: Այս կտրվածքով` ես դեռևս զերծ կմնամ որևէ գնահատական տալուց»:
Ըստ Ս.Սաֆարյանի` առայժմ յուրաքանչյուր կողմ փորձում է ցույց տալ, որ միասնական թեկնածուն կարող է լինել իր առաջնորդը, և դեռևս վաղ է ասել` ինչո՞վ կավարտվի այս ամենը:
«Մի բան է ակնհայտ, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կոնսուլտացիաների արդյունքում հայտարարվեց, որ չի կարելի բացառել միասնական թեկնածուով հանդես գալը: Եթե ամեն կողմն այդ հայտարարության տակ պարզապես տեսնում է բացառապես սեփական առաջնորդին, ապա այդ դեպքում պարզ է, որ դա որևէ արդյունք չի ունենա: Սակայն սեփական թեկնածուից զատ` դիտարկում են նաև այլ թեկնածություններ, կլինի դա Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ դեպքում կնշանակի, որ կա փոխզիջման գնալու պատրաստակամություն»:
Իսկ ի պատասխան մեր հարցին` իրադարձությունների նման ընթացքի դեպքում ինչպիսի՞ն կլինի «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքն այս ամենի նկատմամբ, Ս.Սաֆարյանը պատասխանեց. «Այժմ, կարծես թե, սկսվել է քաղաքական ուժերի կողմից անվան ակնարկումը, բայց «Ժառանգության» դեպքում լիդերի մակարդակով է ասվել թեկնածության առաջադրման մասին` ի տարբերություն ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի:
Հետևաբար, «Ժառանգության» տեսակետն այն է, որ ինքն ունի իր թեկնածուն, և այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց մամուլի ասուլիսում, որ տվյալ պարագայում էականն ընտրությունների պաշտոնական վիճակագրության թվաբանությունը չէ, թե ով ինչքան քվե է ստացել: Էական է այն, որ թեկնածուն լինի այնպիսին, որ կարողանա իշխանափոխություն և հաղթանակ ապահովել: «Ժառանգությունը» հայտարարել է, որ որպես այդպիսի թեկնածու` տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին»:
«168 ԺԱՄ»