Բաժիններ՝

Երիտասարդները կարդում են, ուղղակի փոխվել է կարդալու ձևը

Ասում է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը

– Այժմ մեր երկրում լայնորեն թվայնացման գործընթաց է գնում: Դուք տարիներ շարունակ լինելով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի, այնուհետև՝ Ազգային գրադարանի տնօրեն, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է լինելու տպագիր գրականության ապագան: Գրադարանը ե՞րբ է սկսել թվայնացման աշխատանքները, և որքա՞ն գրականություն է արդեն թվայնացվել:

– Ես ազգային գրադարանում եմ արդեն մեկ տարի, և այստեղ թվայնացման գործընթացը հենց այդ ժամանակաշրջանից էլ սկսել ենք: Ակադեմիայի գրադարանի տնօրեն ես եղել եմ մոտ 5 տարի և այնտեղ ամենասկզբից հենց սկսեցինք թվայնացման աշխատանքները: Որքան գիրք է թվայնացվել՝ դժվար է ասել, որովհետև դա ծանր աշխատանք է, էջ առ էջ պետք է նկարենք, որից հետո արդեն նկարահանված նյութերը դասակարգենք, ինդեքսավորենք, մշակենք, տեղադրենք և այլն:

Հաշվի առնելով աշխատանքի բարդությունը, կարող ենք ասել, որ մենք 0,001-րդ ականն ենք արել այն հարուստ մշակութային ժառանգության, որ մեր հայ ազգը թողել է: Տպագրության բնագավառում մենք ահռելի անելիք ունենք` ոչ միայն ազգային գրադարանում կամ Ակադեմիայի գրադարանում, այլև մյուս գրադարանները` Հանրային և համալսարանական գրադարանները, բոլորը պետք է միանան, որպեսզի միասին կարողանանք այդ ահռելի ժառանգությունը թվային դարձնենք:

Վերջերս, երբ ինքս «Kindle» գնեցի և փորձեցի այդ սարքով գեղարվեստական գիրք կարդալ, հասկացա, որ «Kindle»-ը համակարգչից բոլորովին տարբեր, այլ գործիք է, հասկացա, որ դա տարբեր է համակարգչային ընթերցանությունից: Ինձ երբեք չի հրապուրել համակարգչով ընթերցանությունը, և համակարգչով դժվար էի կարդում, սակայն, «Kindle»-ը լրիվ այլ չափողականության մեջ է, լրիվ նոր հեղաշրջում է: Եվ ես հասկացա, թե ինչու են բոլորը «Kindle»-ի հետևից վազում:

– Ասում են, թե տեխնոլոգիական այս դարաշրջանում տպագիր գրքերը հետզհետե «վերանում» են, մարտահրավերների այս դարաշրջանում, ըստ Ձեզ՝ մենք որքանո՞վ ենք պատրաստ այդ փոփոխությանը:

– Հայատառ գրականության խնդիրը չէ, որովհետև գրողն ինքը գրում է և կարող է գրել: Խոսքը հրատարակիչների մասին է՝ արդյոք հրատարակիչները պատրա՞ստ են հեղինակի կողմից գրված նյութն էլեկտրոնային շարվածքով ինտերնետում տպագրել, որովհետև ինտերնետում պարզապես դնելը դեռևս շատ քիչ է: Ինտերնետում իրականում համաշխարհային աղբանոց է, այնտեղ նյութը պետք է այնպես դասակարգես, տեղադրես, որ այդ աղբի մեջ չգնա՝ չկորչի: Այ դրան, այդ ժամանակակից մարտահրավերներին է, որ մեր հրատարակիչները պետք է պատրաստ լինեն, որպեսզի ինչ որ անում են, այն դրվի միջազգային ստանդարտներին համահունչ:

Այսինքն՝ այդ միլիարդավոր տպագիր էլեկտրոնային նյութերի մեջ դուք պետք է ձեր նյութը կարողանաք գտնել: Այնտեղ միայն հրատարակիչների գործը չէ: Անհրաժեշտ են հրատարակիչներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ, գրադարանավարներ և այլն: Մի խումբ մասնագետներ պետք է լինեն, ովքեր կկարողանան նյութն այնպես մշակել, ներկայացնել, տեղադրել, պահպանել, որպեսզի այն միշտ տեսանելի լինի և չկորչի ու տեսանելի լինի վիրտուալ տարածքում:

Օրինակ, Google-ն ինդեքսավորում է անում. այդ նույն մեխանիզմները պետք է այստեղ աշխատեն, որպեսզի նյութը հեշտությամբ գտնվի: Այսինքն` զուտ թվայնացման գործընթացը դեռ բավարար չէ, շատ քիչ է: Տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են և թվայնացված, էլեկտրոնային գրականության ուղղությունը դեռևս չի կայացել: Եթե հաշվի առնենք, որ տպագիր մամուլն արդեն երկար տարիներ է՝ իր տեղը գտել է, ապա էլեկտրոնային գրականությունը դեռ ճանապարհ ունի անցնելու, և այդտեղ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, և պետք է մտածել դրանց տիրապետելու մասին:

– Այս ամենի ապագան ինչպե՞ս եք տեսնում:

– Ես մինչև վերջերս մտածում էի, որ գիտական և ուսումնական գրականությունն էլեկտրոնային տարբերակի կանցնեն, որովհետև գիտական գրականությունը շատ արագ հնանալու միտում ունի: Այսօրվա հոդվածը վաղն արդեն հին կլինի, հոդվածների մեծ մասը չեն կարդում, որովհետև անհնար է այդ ծավալի ինֆորմացիա կարդալ, ուսումնական նյութերը հնանում են: Ես համոզված էի, որ այդ երկու բնագավառները հին կլինեն, էլ չեմ ասում, որ եկող սերունդն արդեն չի հասկանալու գիրքը ձեռքով թերթելու իմաստը:

Ասում են, չէ՞, երիտասարդները գիրք չեն կարդում, սխալ են ասում, կարդում են, ուղղակի երիտասարդները հիմա էլեկտրոնային տարբերակով են այն կարդում: Եթե նայեք մեր էլեկտրոնային ամսագրերի վիճակագրությունը՝ կհասկանաք, որ կարդում են տարբեր վայրերից, և հիմնականում շարժական սարքերով են կարդում: Կարդում են, ուղղակի փոխվել է կարդալու ձևը: Ուղղակի իրենք թերթով, թղթային չեն ուզում կարդալ, չեն ուզում գալ գրադարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս