«Ինչո՞ւ ես չեմ կարող լինել «The Voice of Armenia» ծրագրում, ես կարծում եմ, որ կկարողանամ իմ փորձը փոխանցել մասնակիցներին»
Ասում է «The Voice of Armenia» ծրագրի մարզիչ, երգչուհի Սոֆի Մխեյանը
Օրեր առաջ, երբ «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «The Voice of Armenia» շոու-ծրագիրը, հասարակության շրջանում բուռն քննարկում սկսվեց Սոֆի Մխեյանի՝ մարզչի կարգավիճակում լինելու շուրջ:
Ֆեյսբուքահայությունը բուռն քննարկում էր երգչուհու նոր «կարգավիճակը»: Ոմանք կարծում էին, որ Սոֆի Մխեյանի փոխարեն՝ կարող էր լինել առավել մեծ աշխատանքային փորձ ունեցող արտիստ, ոմանք ուղղակի ոգևորում էին երգչուհուն, ողջունում նրա մասնակցությունը:
168.am-ը զրուցեց երգչուհի Սոֆի Մխեյանի հետ՝ պարզելու համար, թե ինքն ինչ կարծիք ունի իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին: Մինչ զրույցը Սոֆի Մխեյանն արդեն իսկ տեղյակ էր իր անվան շուրջ պտտվող խոսակցություններին: Նրա խոսքով՝ երգարվեստում իր կատարած աշխատանքը, մասնագիտական կրթությունը շատ մեծ է, ուստի ինչո՞ւ չի կարող իր փորձն ու գիտելիքները փոխանցել նաև այս ծրագրի մասնակիցներին:
– Ինչպե՞ս ստացվեց, որ դու հայտնվեցիր «The Voice of Armenia» ծրագրում՝ որպես մարզիչ:
– Ես ստացա առաջարկ, որպեսզի ծրագրի կազմակերպիչներին ուղարկեմ իմ ստեղծագործական գործունեության ընթացքում կատարած աշխատանքները: Քանի որ այս ֆորմատը հոլանդացիներին է պատկանում, իմ՝ տարիների ընթացքում կատարած աշխատանքն ամբողջությամբ զննել են հոլանդական «Talpa» ընկերությունը և «Արմենիա» հեռուստաընկերությունը, որոնք էլ հաստատել են «The Voice of Armenia» ծրագրում իմ մասնակցությունը:
– Ինչպե՞ս ես քեզ զգում մարզչի կարգավիճակում: Ի՞նչ ես կարծում՝ կարո՞ղ ես ինչ-որ կերպ օգնել քո թիմի մասնակիցներին:
– Շատ կարևոր է հասկանալ, որ մարզիչը ժյուրի չէ: Ըստ այս ծրագրի կանոնների, մարզիչն այն մարդն է, ով ծրագրի փուլերի ընթացքում փորձում է մարզել, իր փորձը փոխանցել, սովորեցնել մասնակիցներին: Ամեն ինչը շատ հաճելի կերպով մշակված է: Մենք հիմա պատրաստվում ենք երկրորդ փուլին և, անկեղծ ասած, որևէ խնդիր չունենք: Ամեն օր ես հանդիպում եմ մասնակիցների հետ, կիսվում եմ իմ փորձով, առաջարկներով, իսկ մասնակիցներն էլ շատ հաճելի կերպով ընդունում են: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է այս ամենն այդքան երկար էկրանից այն կողմ քննարկվում:
– Միգուցե մարդիկ ուղղակի ցանկանում էին քո տեղում տեսնել մեկ այլ՝ ավելի տարիքով և ավելի հարուստ աշխատանքային փորձո՞վ մարզչի:
– Այո, ես մնացյալ մասնակիցներից տարիքով ավելի փոքր եմ: Դա ճիշտ է, այդպես է պահանջում ծրագրի ֆորմատը: Այս ծրագրում մարզիչները, ժանրային տարբերությունները, տարիքները խիստ կարևոր են: Այդպես էլ պետք է լիներ: Եթե մարդկանց թվում է, որ ես չլինեի՝ իմ փոխարեն լինելու էր 40 տարեկան մարզիչ, ապա սխալվում են: Ծրագրի ֆորմատն այնպիսին էր, որ հենց այդ տարիքի մարզիչ պետք է լիներ: Ես ինձ լավ եմ զգում մարզչի կարգավիճակում: Լսումների բոլոր փուլերի ընթացքում ես կարողացել եմ ճիշտ զգալ մասնակիցների լավ ձայնը և շրջվել:
– Ի՞նչ ես կարծում ՝ հասարակության նման արձագանքն անտեղյակությա՞ն արդյունք է:
– Այո՛, նաև դա: Եղել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ամեն բան շատ մանրամասն ասվել է: Սրանք են ծրագրի կանոնները: Շատերը մտածում են, որ իմ մասնակցությունն արդարացված չէ: Մարդիկ միգուցե դիտել են միայն շոու-ծրագիրը, և հենց դրա պատճառով է նրանց մոտ այդքան թյուր կարծիք ձևավորվել:
Ես փորձում եմ հասկանալ մարդկանց, ուղղակի, միևնույն ժամանակ, չեմ կարողանում հասկանալ: Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես չեմ կարող լինել այդտեղ: Տարիքային տարբերությունը բոլոր երկրներում անցկացված «The Voice» ծրագրերում կա: Ես կարծում եմ, որ երիտասարդության իմ ակտիվությունը, փորձը կարելի է փոխանցել մասնակցին, և շատերը ուրախ կլինեն: Շատերը հավանում են, երբ տեսնում են, թե ես ինչպես եմ աշխատում: Իսկ իմ ուղարկած աշխատանքները կլինեն՝ իմ 15 տեսահոլովակները, համերգային շրջագայությունները, 8 տարվա ընթացքում արված աշխատանքը, այո՛, դրանք հաճելիորեն զարմացրել են կազմակերպիչներին: